Բաժիններ՝

Մոցարտի կյանքի ողբերգությունն ու Հայաստանում պահվող նրա տխուր նամակը

«Արտասովոր փոքր մարդ, վտիտ ու գունատ, խիտ ու խարտյաշ մազերով»․ ահա այսպես են ժամանակին նկարագրել աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկին՝ Մոցարտին։ Իսկ նրա նախասիրությունները և՛ միմյանց նման էին, և՛ տարբեր։ Նա սիրում էր ընտանի կենդանիներին, սիրում էր պարել և երբեմն բիլիարդ խաղալ։ Առաջին հայացքից առօրյա թեթև կյանք վարող մարդը Մոցարտն էր, ում համար, թերևս, ծանր էին նրա ստեղծագործական ու աշխատանքային ժամերը։ Այս ծանր ու թեթև կյանքն ուներ նաև իր մութ ու սև կողմերը, որոնցից մեկի մասին ներկայացնելուց զատ՝ պետք է նաև նշենք, որ զարմանալիորեն Մոցարտի կյանքի այդ դրվագը փոքրիկ կապ ունի նաև մեզ հետ:

Մոցարտի կենսագրությունն ուսումնասիրելիս՝ տեսնում ենք, որ գործ ունենք հանճարեղ մի մարդու հետ, ով արդեն իսկ 4-5 տարեկանում սկսել է գրել երաժշտական կոմպոզիցիաներ։

Ապագա մեծ կոմպոզիտորի հայրը ոչինչ չի խնայել սեփական որդու զարգացման ու ուսման համար։ Երաժշտական կրթության հետ մեկտեղ՝ նա սովորում էր նաև օտար լեզուներ։ Եվրոպական ճանապարհորդությունները, ուսումն ու արդեն իսկ մանուկ հասակում համերգները հանգեցրեցին նրան, որ Մոցարտն 8 տարեկանում գրեց իր առաջին սիմֆոնիան։ Եվրոպական յուրաքանչյուր երկիր առանձնակի վերաբերմունքի ու ընդունելության էր արժանացնում երաժշտին։

Այս զարգացումը կարճ ժամանակում տալիս է իր պտուղները։ Եվ արդեն իսկ 17 տարեկանում նա գրել էր 4 օպերա, 24 սոնատ և 13 սիմֆոնիա։ Հասունանալով՝ երաժիշտը հանգրվանում էր եվրոպական տարբեր երկրներում, ստանում ուսում, ուսումնասիրում տվյալ երկրի արվեստն ու երաժշտությունը և փորձում նաև ապրել տվյալ երկրի կոլորիտին համահունչ։

1774 թվականին նա փորձեց ապրել Իտալիայում, սակայն չկարողացավ, քանի որ ֆինանսական ծանր խնդիրներով պայմանավորված՝ Իտալիայի նման երկրում բարդ էր ապրելը։ Հետագայում անհաջող տեղափոխություն եղավ նաև Ավստրիայի Զալցբուրգ քաղաք, որտեղ քաղաքի ղեկավարությունը, մեղմ ասած, վատ վերաբերմունք ցուցաբերեց Մոցարտի նկատմամբ։ Նյութական վատ վիճակը կոմպոզիտորին ուղեկցեց անգամ Փարիզում, որտեղ 1778 թվականին տեղափոխվելուց հետո սկսվեցին նրա կյանքի ամենածանր տարիները։ Ֆրանսիայի մայրաքաղաքում նա ապրում էր իր մոր հետ, սակայն նույնիսկ դա չէր օգնում, որպեսզի կոմպոզիտորի մոտ ստեղծագործական վերելք տեղի ունենա։ Տեսականորեն այս մասնակի անկման պատճառ կարող էր հանդիսանալ Փարիզը, քանի որ Մոցարտն ինչպես Իտալիայում չկարողացավ իրեն գտնել, այնպես էլ՝ Ֆրանսիայում։ Պարզապես այստեղ վիճակն առավել վատ էր, քանի որ Մոցարտը չէր սիրում Փարիզն ու ֆրանսիացիներին։ Հոգեբանական անկումն առավել մեծացավ այն ժամանակ, երբ նույն թվականին մահացավ Մոցարտի մայրը։

Եվ ողբերգությունն առավել բազմապատկվեց, քանի որ վատ վիճակում ապրող կոմպոզիտորը չուներ գումար, որպեսզի կարողանար կազմակերպել մոր հուղարկավորությունը։ Եվ այս դեպքում այլ ելք չկար, քան նամակ-խնդրանքով դիմել ինչ-որ մեկին, որպեսզի գոնե կարողանար մոր հուղարկավորության հարցերը լուծել։ Մոր մահվան օրը՝ հուլիսի 4-ին, Մոցարտը նամակ է գրում Զալցբուրգ և խնդրում իր մտերիմներից մեկին՝ աբբա Բուլինգերին, որպեսզի նա օգնի նյութապես, ինչպես նաև կնոջ մահվան մասին տեղեկացնի իր հորը՝ Լեոպոլդ Մոցարտին։

Եվ հենց այս կետում է, որ կոմպոզիտորի ու հայկական իրականության ճանապարհները հատվում են մեկ կետում։ Հանճարեղ կոմպոզիտորի նամակը պահվում է Երևանում՝ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Եվ ինչպես Նապոլեոնի նամակի դեպքում էր, այստեղ նույնպես նամակը մեր երկիր է հասել հայտնի երաժշտագետ Վասիլի Կորգանովի շնորհիվ, ով ժամանակին մեծ գումարներով գնել էր հայտնի մարդկանց նամակների ձեռագրեր։ Ըստ մի շարք ուսումնասիրողների՝ Հայաստանում պահվող նամակը հենց օրիգինալ տարբերակն է։ Ծավալուն նամակի մի քանի հուզիչ տողերի մասին տեղեկանում ենք Վասիլի Կորգանովի գրքից։ Այդ տողերում Մոցարտի հուզմունքն է, ողբերգության պահի ազդեցությամբ գրված բառեր․

«Սգացեք ինձ հետ, իմ ընկեր։ Սա իմ կյանքի ամենատխուր օրն է: Գրում եմ Ձեզ գիշերվա ժամը 2-ին, բայց պարտավոր եմ հայտնել, որ իմ մայրը, իմ թանկագին մայրն այլևս չկա»:

Հատկանշական է, որ հայտնի հայ երաժշտագետի շնորհիվ այսօր մեր երկրում են պահպանվում համաշխարհային մշակույթի հետ առնչվող գանձեր. այդ փաստը զարմացնում է նույնիսկ այն երկրների ներկայացուցիչներին, որոնց մեծերի նամակները պահվում են մեր երկրում։

Փարիզում անցկացրած դառը ժամանակներից հետո Մոցարտը կրկին փորձում է Եվրոպայում տեղից տեղ տեղափոխվել, աշխատել, ապրել, սակայն հանճարների համար չգրված օրենք է կյանքից շուտ հեռանալու բանաձևը։

1791 թվականին՝ 36 տարեկան հասակում, մահանում է Մեծ Ավստրիացին։ Նա ապրեց 36 տարի և հասցրեց գրել թվով 600 ստեղծագործություն։

Հայտնի երաժշտագետ Վասիլի Կորգանովի շնորհիվ այսօր մենք կարող ենք մեծ հպարտությանմբ նշել, որ աշխարհի դասական երաժշտության մեծերից մեկի ամենահուզիչ նամակներից մեկը պահվում է հենց մեր երկրում։ Սակայն դառնությամբ պետք է նշել, որ ժամանակակից հայ մարդը ո՛չ միայն չի կլանում Մոցարտի հնչյունները, այլև չգիտի իր իսկ ազգի ամենամեծ կոմպոզիտորներից մեկին՝ Կոմիտասին։ Իսկ ժամանակին Կոմիտասին հուղարկավորեցին նույն Մոցարտի հնչյունների ներքո, քանի որ նրանք արվեստի երկնակամարի մեծություններն էին։ Նրանք արժանի էին միմյանց։

Զ․ Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս