Հեղափոխական գործընթացի սկզբում ենք… ամեն ինչ կախված է ԲՀԿ-ի խնդրի լուծումից. Գագիկ Մինասյան
Այս ընտրական գործընթացի հիմնական ինտրիգը, կարելի է ասել, այն է, թե հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրության քվեարկության արդյունքում ԲՀԿ-ն մտնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ԿԸՀ-ի երեկվա որոշումը երկու ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։

«Ընտրական օրենսգիրքն ասում է, որ եթե ընտրական գործընթացում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք էապես ազդում են ընտրությունների արդյունքի վրա, և հնարավոր չէ դա վերականգնել, ապա Ընտրական օրենսգրքի մեկ այլ հոդվածով պետք է նշանակվի վերաքվեարկություն ամբողջ հանրապետության տարածքում։ Հիմա այս չարիքի իշխանությունը գնում է քայլերի, որոնք իրեն տանում են դեպի փակուղի։ Նա ուզում է ամեն ինչ անել, որ իր համար լավ լինի, սակայն վարձահատույց է լինելու դրա համար ամբողջ ժողովրդի ցասումի առաջ։ Տեսեք՝ ինչ կստացվի, եթե ձևավորվի այն իրավիճակը, որն օբյեկտիվորեն պետք է լիներ, երբ ԲՀԿ-ն օբյեկտիվորեն հայտնվեր խորհրդարանում։ Եթե ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, իշխող ուժը ստանում է 61 մանդատ, հավաքական ընդդիմությունը՝ 44 մանդատ, և այս պարագայում իշխանությունը չէր ունենում ԱԺ պատգամավորների 3/5-ը, որն իրեն անհրաժեշտ է սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու համար»,- մեկնաբանեց Գագիկ Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ նշված ընտրատեղամասերի մասով հնարավոր չէ վերականգնել քվեարկության իրական պատկերը, քանի որ տեղի է ունեցել կոպիտ ընտրախախտում՝ քվեարկություն 20։00-ից հետո, և այս պարագայում միակ ճանապարհը նոր քվեարկություն կազմակերպելն է։
Անդրադառնալով ընտրախախտումներին և ընտրությունները կեղծելու հարցին ընդհանուր առմամբ, այս համատեքստում՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում, որ «եթե փորձեն լկտիաբար գողանալ ժողովրդի հաղթանակը, կստանան հեղափոխություն», Գագիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ մենք դեռ հեղափոխական գործընթացի սկզբում ենք գտնվում։
Մինասյանի խոսքով՝ այս իրավիճակում ամեն ինչ կախված է նրանից, թե ԲՀԿ-ի խնդիրն ինչպես է լուծվելու, և Հայաստանի ապագան որոշվում է այսօր։

«Սա միայն ԲՀԿ-ի խնդիրը չէ, սա նույնիսկ այն ընդդիմադիր ուժերի խնդիրը չէ, որոնք անցել են խորհրդարան, սա մեր բոլորի խնդիրն է. կա՛մ մենք այս պետությունը հայկական ենք պահում, կա՛մ թուրք-ադրբեջանական գործակալներն այն դարձնում են թուրքական։ Մենք պետք է հասկանանք, որ սա թույլատրել չի կարելի։ Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ անկախ նրանից, թե խորհրդարան անցել է, թե ոչ, պետք է համախմբվի այս գաղափարի շուրջ։ Կարծում եմ, որ մենք պետք է առաջնորդվենք տիտղոսային ընդդիմության՝ «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան»-ի կոչով ու միասնական որոշմամբ, և բոլորս պետք է համատեղենք մեր ջանքերը, որպեսզի ազատվենք այս չարիքից»,- հավելեց զրուցակիցը։
«ՀՀԿ» խմբակցության նախկին պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ամենաստոր ձևով խաբել է ժողովրդին՝ հայտարարելով, թե եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չձևավորի Ազգային ժողովում, «սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրության քվեարկության արդյունքները թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

