Եթե Մարուքյանին դուր է գալիս քաղաքական подрядчик աշխատելը, թող աշխատի․ Մամիջանյան
Իշխանություններին չի հաջողվելու Ազգային ժողովում կազմել պատգամավորների 3/5-ը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ԿԸՀ-ի երեկվա որոշման և ԲՀԿ-ին պատգամավորական մանդատներից զրկելու փորձերի մասին։
«Վստահ եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք իրենց համարում են իրական ընդդիմադիր, դա թույլ չեն տալու։ Բայց գիտեք, եկեք վերանանք «ընդդիմադիր» բառից. հայրենասեր մարդը դա թույլ չի տա։ Ի՞նչ է նշանակում՝ Նիկոլ Փաշինյանը որոշի՝ ով անցնի պառլամենտ, ով՝ ոչ։ Հո մենք միապետություն չե՞նք, ինքն էլ, կարծես թե, թագավորական գահ չունի։ Դա ՀՀ քաղաքացիների որոշումն է, և այդ որոշումը ՀՀ քաղաքացիներից ոչ ոք, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը, խլելու իրավունք չունի։ Մենք, ինչպես և հայտարարել է նախագահ Սարգսյանը երկու օր առաջ՝ դատական նիստից հետո, ամեն կերպ կանգնած ենք լինելու ՀՀ քաղաքացու քվեի և պայքարի խրամատի առաջնագծում»,- հայտարարել է Հայկ Մամիջանյանը։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը նաև անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին օրերս հնչեցրած հայտարարությանը՝ նշելով. «Ինչքան ասել եմ՝ հերիք է։ Եկեք թողնենք՝ թող Էդմոն Մարուքյանը նոր տերերից շահած իր նոր տենդերը բարով վայելի, միայն թե թող մեզնից հեռու վայելի։ Ես երեկ դա իմ լայվում նշել եմ. ես համարում եմ, որ դա հանկարծակի չէր, որ պարոն Վիկտոր Սողոմոնյանի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող բոլոր լրատվականների աստղը երեկ Էդմոն Մարուքյանն էր։ Այսօր, իմիջիայլոց, նույնպես։ Դե ինչ, եթե Մարուքյանին դուր է գալիս քաղաքական «подрядчик» աշխատելը, ի՞նչ անեմ, թող աշխատի»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրության քվեարկության արդյունքները թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում:
Մանրամասները՝ տեսանյութում։

