Իսրայելը պետք է պահպանի Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելն ինքնուրույն կանխելու հնարավորությունը. Կաց
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագրի մասին լուրերի ֆոնին Իսրայելը պետք է պահպանի Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելն ինքնուրույն կանխելու հնարավորությունը, հաղորդում է The Times of Israel-ը։
Նա նշել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ինքը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել են պատրաստվել համապատասխան սցենարների։
«Իսրայելը պետք է ապահովի, որ ապագայում ևս մենք պահպանենք ինքնուրույն գործելու կարողությունը՝ թույլ չտալու համար, որ Իրանը միջուկային զենք ստանա»,- ասված է Կացի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ջանքեր է գործադրում Իրանի հետ համաձայնության հասնելու համար, որը հիմնված է ամերիկյան շահերի, դրանց թվում՝ Իսրայելի հետ ընդհանուր շահի վրա, այն է՝ թույլ չտալ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը»՝ միևնույն ժամանակ ակնկալիք հայտնելով, որ Վաշինգտոնը կպահպանի խիստ դիրքորոշումները նաև հրթիռային ծրագրի և դաշնակից զինված խմբավորումներին աջակցելու հարցերում։
Միևնույն ժամանակ Կացն ընդգծել է, որ Իսրայելը կպահպանի ռազմական ներկայությունը Լիբանանում, Սիրիայում, Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում։
«Մեր անվտանգության դոկտրինը հստակ է և սուր։ Մենք գործում ենք մոտակա ու հեռավոր սպառնալիքների դեմ և ձգտում ենք վճռական արդյունքների, այլ ոչ թե փոխզիջումների ու զիջումների»,- հայտարարել է նախարարը, ինչը կարելի է դիտարկել որպես անուղղակի քննադատություն ԱՄՆ-ի մոտեցման հասցեին, որը կողմնորոշված է դեպի դիվանագիտական համաձայնագրերն ու հրադադարը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ «խաղասեղանին շատ բան է դրված», և Իսրայելը մտադիր է շարունակել անվտանգության խիստ գիծը՝ ուղղված նրա դեմ, ինչն ինքն անվանել է «շիական չարիքի առանցք՝ Իրանի գլխավորությամբ, և սուննիական չարիքի առանցք՝ «Մահմեդական եղբայրների» գլխավորությամբ»։

