Ռուսաստանի խնդիրները Հայաստանի ու Բելառուսի հետ խորանում են․ ե՞րբ կարձագանքի Ռուսաստանը

Հայաստանն ու Բելառուսը շարունակում են Ռուսաստանից ավելի էժան գազ պահանջել։ Այս անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է կրկին դժգոհություն  հայտնել, որ Ռուսաստանը Եվրամիության երկրներին ավելի էժան է գազ վաճառում, քան Բելառուսին: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

Այսպես չի լինի, էլ չեմ խոսում հաղթանակի 75-ամյակի տարու մասին, որ Գերմանիային բնական գազ են վաճառում 70 դոլարով, բայց ոչ 127 դոլարով, ինչպես Բելառուսին», – ասել է Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ հանդիպմանը: Լուկաշենկոն նշել է, որ գազի գնի հարցը բարձրացրել է ԵԱՏՄ շրջանակում, բայց Ռուսաստանը տեղեկացրել է, որ ստատուս-քվոն պահպանվելու է:

Հարկ է հիշեցնել, որ վերջին երկու ամսվա ընթացքում հայկական կողմը ևս տարբեր եղանակներով Ռուսաստանից ակնկալում է գազային բանակցությունների վերսկսում, որի նպատակով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ հղեց «Գազպրոմ» ընկերությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը քննարկեց՝ ինչպես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այնպես էլ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն ՌԴ իշխանությունները կարծես ոգևորված չեն Երևանի այս նախաձեռնությունից։

Եվ գազային  հարցը ներկայումս թե հայ-ռուսական, և թե ռուս-բելառուսական  հարաբերություններում  այլ խնդիրներ է առաջ բերել՝ իր հետքը թողնելով նաև բարձրաստիճան շփումների որակի վրա։ Ինչպես տեղեկացրինք օրերս, հաղթանակի տոների շրջանակում տեղի չունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, ինչպես ԱՊՀ մյուս երկրների ղեկավարների դեպքում, իսկ Լուկաշենկո-Պուտին հեռախոսազրույցը, ըստ մի շարք աղբյուրների,  բավականին տհաճ ավարտ էր ունեցել, ավելին, այն պարզապես անավարտ էր մնացել։ Մերձկրեմլյան աղբյուրների փոխանցմամբ՝ կոնֆլիկտի պատճառ էր դարձել Պուտինի խնդրանքը կոպտորեն մերժելը, Պուտինը փորձել էր Լուկաշենկոյին հետ պահել մայիսի 9-ի շքերթն անցկացնելու մտքից՝ նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակի վտանգը: Սակայն Լուկաշենկոն  կոշտ հակադարձել է՝ օգնություն պահանջելով Ռուսաստանից, սակայն Պուտինն ասել է, որ ոչ մի օգնություն էլ չի լինելու, և հեռախոսազրույցն ընդհատվել էր:

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը փորձեց մեկնաբանել, թե ինչ է կատարվում Ռուսաստանի և նրա ԵԱՏՄ գործընկերների միջև։ Նա նախ տարանջատեց Ռուսաստանի հարաբերությունները՝ Հայաստանի, և Ռուսաստանի հարաբերությունները՝ Բելառուսի հետ։

Ըստ նրա՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև գազային տարաձայնություններն ավելի լայն տիրույթում առկա տարաձայնությունների և հարաբերությունների ձևաչափի շրջանակում տեղավորվող հարցեր են։

«Արդեն երկու տարի է, ինչ մեծ նյարդայնություն կա երկկողմ հարաբերություններում, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը չեն կարողանում համաձայնության գալ ընդհանուր պետության շրջանակում տնտեսական ինտեգրացիայի պայմանների շուրջ, որից էլ այլ խնդիրներ են ի հայտ գալիս, սակայն խորքային տարաձայնությունը նշածս հարցի շուրջ է, առևտուրը շարունակվում է, և այս ընթացքում բելառուսական կողմն անընդհատ քննադատում է ՌԴ իշխանություններին նավթի, գազի և մի շարք այլ ուղղություններով քաղաքականության համար։ Վերջին տարաձայնությունն էլ ի հայտ եկավ համավարակի դեմ պայքարելու՝ Ռուսաստանի և Բելառուսի ընտրած տարբեր ռազմավարությունների պատճառով, Բելառուսի նախագահը փորձեց նաև ցույց տալ, որ չի վախենում վիրուսից և շքերթ է անցկացնում, չնայած դա չի անում Հաղթանակի ժառանգորդ Ռուսաստանը՝ սրանով փորձելով նաև որոշակի ուղերձ հասցնել Կրեմլ։ Այս ամենի հետ գաղտնիք չեմ նշի, եթե ասեմ, որ որոշակի դեր ունի նաև այն հռետորաբանությունը, որը հնչում է Բելառուսից, որին ՌԴ իշխանությունն ինչ-որ առումով նաև սովոր է և հաճախ չի արձագանքում։

Իսկ Հայաստանի դեպքում այլ գործոններ են, բազմիցս ենք խոսել այդ մասին։ Ռուսաստանի եվրասիական գործընկերները տեղյակ են, որ ԵԱՏՄ-ն նախատեսում է էներգետիկ միասնական շուկա ձևավորել, որի շրջանակում լուծվելու են բոլոր նմանատիպ խնդիրները։ Ռուսաստանը հակված է ավելի երկարաժամկետ լուծումների, որոնք նաև իրեն ձեռնտու կլինեն։ Իսկ մինչ այդ Ռուսաստանում բարդ իրավիճակ է, և չնայած այդ իրավիճակին՝ ակնկալիքներ կան, որ Ռուսաստանը պետք է ընդառաջի իր բոլոր գործընկերների պահանջներին։ Կարծում եմ՝ խնդիրը նաև երկկողմ հարաբերությունների ձևաչափի մեջ է, նրանում, թե յուրաքանչյուր կողմ ինչ նպատակ է հետապնդում այդ հարաբերություններում, և որքանով են իսկապես դրանք եղբայրական, ռազմավարական կամ գործընկերային։ Հակված եմ կարծել, որ Ռուսաստանն իր գործընկերների հետ հարաբերություններում առաջացած խնդիրներին կանդրադառնա համավարակի ծանր փուլի ավարտից հետո միայն, և կասկածում եմ, որ կլինեն կարճաժամկետ, ժամանակավոր լուծումներ»,- նման կարծիք հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս