Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհից առաջ գրադարանում 2 ժամ լույս չի եղել, այդ ընթացքի տեսագրությունը չկա
Հայաստանի Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն: Պարզ չէ նաև, թե երբ հանրությունը հնարավորություն կունենա կրկին օգտվել Ազգային գրադարանի թվային ծառայություններից: Լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը:
«Դեռ կորուստների չափի մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չենք կարող հրապարակել, դա կգնահատվի համապատասխան փորձաքննությունից հետո: Բայց հստակ կարող ենք հայտարարել, որ ամբողջ թվայնացված նյութը, ողջ բազան մենք ունենք պահված առանձին կրիչներով՝ գրադարանում: Եվ, բացի դրանից, սերվերային սարքերի արտաքին տեսքից դատելով՝ կարող ենք ասել, որ սերվերների վիճակն էլ այդքան անհուսալի չէ: Շատ հնարավոր է, որ այդ բազան պահպանված լինի սերվերներում:
Այսօր մենք խոսում ենք միայն անհասանելիության մասին: Կորուստների մասին մենք դեռ չենք խոսում: Ես կրկնում եմ՝ արխիվացված է ամբողջը, հետևաբար՝ կորուստ մենք չունենք այդ իմաստով: Կորուստը կարող է լինել որոշ սարքավորումներ: Սերվերային սարքավորումների մասին չեմ կարող ասել, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք էլ կորսված վիճակում չեն»,- ասաց Հ. Սարիբեկյանը:
Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ գրադարանի սերվերների կարգավորման համար պատասխանատու են տեխնոլոգիաների գիտահետազոտական բաժինն ու բաժնի աշխատակիցները: Սերվերների տարածք էլ մտնելու իրավունք ունեին բաժնի երկու աշխատակից: Բայց արտակարգ դրության պայմաններում աշխատակիցները կարող էին սերվերների տարածք մտնել միայն տնօրենի պաշտոնակատարի գիտությամբ: Իսկ, որ տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնի է դարձել, երբ ինտերնետ կապի խափանումները և շտեմարանների անհասանելիության պատճառները պարզելու նպատակով սենյակը բացել են։
«Հայտնաբերվել է մայիսի 10-ին մեր գրադարանի համապատասխան բաժնի աշխատակցի և գրադարանը հսկող Հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանության ոստիկանության աշխատակցի կողմից: Տեղում մեր աշխատակիցների կողմից կազմվել է արձանագրություն»,- ասաց Հրաչ Սարիբեկյանը:
Տնօրենի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ սերվերներն ածխացած էին, բայց սենյակում կան որոշ այլ սարքավորումներ, որոնք ածխացած վիճակում են:
Թվային արխիվում թվայնացված են եղել մինչև 20-րդ դարի սկզբի տպագիր նյութերը, որոնք վերցված են եղել Հայաստանի և աշխարհի այլ գրադարաններից: Թվայնացված նյութերի մեծ մասի տպագիր տարբերակները այժմ, Հրաչ Սարիբեկյանի փոխանցմամբ, գտնվում են Հայաստանից դուրս:
«Այսօր ԱԻՆ-ի աշխատակիցների համապատասխան վարչությունը ժամանել է, և գործն արդեն արձանագրվել է և քննվում է: Պետք է համապատասխան փորձաքննության ուղարկվի արձանագրելու համար՝ մարդկային գործո՞ն է եղել, թե՞ տեխնածին պատճառներ են եղել:
Կարող եմ ասել, որ սերվերային սենյակը ժառանգել եմ նախկին տնօրինությունից և սերվերների արդիականացման հարցը և ամպային տիրույթ տեղափոխելու հարցը դեռ մենք քննարկում էինք, և հիմա դա մեզ համար հրատապ է դարձել:
Ամփութության պատճառների մասին կանխակալ ենթադրություններ վաղ է հայտարարել, քանի դեռ հետաքննությունը վերջնականապես չի պարզել՝ այդտեղ մարդկայի՞ն, թե՞ տեխնածին գործոնն է եղել պատճառը»,- ասաց Սարիբեկյանը:
Չնայած սերվերների սենյակում տեսախցիկներ չեն եղել, տեսախցիկներ կան տեղադրված գրադարանի մուտքի մոտ, որտեղից կարելի է գնալ սերվերային սենյակ: Սակայն, ինչպես հայտնեց Հրաչ Սարիբեկյանը, մայիսի 8-ին, հրդեհի մասին հայտնի դառնալուց երկու օր առաջ, 2 ժամով լույս չի եղել գրադարանում, հետևաբար՝ չկա այդ երկու ժամվա տեսախցիկների արձանագրությունը: Մնացած տեսախցիկների ձայնագրությունները Հ. Սարբեկյանի մոտ են: Անհրաժեշտության դեպքում կտրամադրի պատկան մարմիններին: