Սամվել Բաբայանը կարծում է՝ 44-օրյայի ժամանակ պետք էր ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին՝ «2023թ.  արեցինք էն, ինչ որ պիտի անեինք էն վախտ»

2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ խոսակցությունների ֆոնին  ՊԲ նախկին հրամանատար, պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել «Ա1+»-ին:

Նա նախ նշել է, որ զեկույցին չի ծանոթացել, բայց մոտավորապես պատկերացում ունի դրա մասին, քանի որ հարցաքննվել է, իրեն հարցեր են ուղղել, որոնց պատասխանել է, ըստ այդմ՝ տեղյակ է նաև, թե հանձնաժողովում մյուս հարցաքննված անձինք, ովքեր ինչից են խոսել:

«Եվ ես էն ժամանակ էլ չեմ գտել, որ զեկուկցը կհրապարակվի, որովհետև էնտեղ կան սուր անկյուններ, որոնք չէին հրապարակվի։

…Ես հեռացա քննիչ հանձնաժողովից՝ բացատրելով, թե ոնց եմ պատկերացնում. երբ մարդ մի հանցագործություն է կատարում, լինում է պատճառ և հետևանք։ Ես ասել եմ՝ էկե՛ք պատճառը սկսենք քննել և գանք, հասնենք հետևանքին, իրանք ասեցին՝ չէ՛, էկե՛ք հետևանքից խոսենք։ Ես էլ ասեցի` ես դրան չեմ մասնակցում: Չպետք է էդ ձևի քննություն անեին, եթե արել են, պիտի հրապարակեին։ Ես գտնում եմ, որ էդ ձևի չպետք է լիներ։ Օրինակ, քննվո՞ւմ էր պատճառ-հետևանք, ընթացքում փաստաթղթերը գնար Քննչական կոմիտե, էնտեղից՝ դատարան։ Եթե գրելու ենք, որ հետո արխիվ տանենք, իմաստը ո՞րն էր»,- շեշտել է նա:

Կարդացեք նաև

Հավելենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սամվել Բաբայանին առաջարկել էր անմիջական մասնակցություն ունենալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, թեև նա շահագրգիռ կողմ էր:

Պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղարը չէր մերժել առաջարկը, բայց որոշ ժամանակ անց որոշել էր չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

2022 թվականի հոկտեմբերին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի տարածքում Բաբայանը մանրամասն խոսել էր իր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու որոշման պատճառների մասին:

«Մինչև դա մենք պայմանավորվել էինք, ես ներկայացրել էի, որ նախարարությունում մի փոխնախարար լինի, որ ամբողջ փաստաթղթերը ներկայացնեն, որոնք մեզ՝ հանձնաժողովին, պետք են գալու: Սկզբում համաձայն են եղել, հետո, երբ եկել է ռեալ պրակտիկ փուլը, հրաժարվել են դրանից, թե՝ մենք պիտի մեր ուզած ձևով անենք, ես էլ ասել եմ՝ էդ դեպքում չեմ մասնակցում: Այսքանը, հատուկ մեծ բան չի եղել: Այսինքն, արխիվային փաստաթղթեր՝ ինչ որոշումներ, հրամաններ են եղել, պիտի էդ թիմը լինի, որ ասեմ՝ քեզ վստահում եմ, դու պետք է վերցնես և կարողանաս էն թղթերը, որ պետք է, տաս: Եթե դուք ձեր ուզած մարդուն եք դնում և ձևակերպում՝ մեր մարդը, էդ դեպքում ես անելիք չունեմ էդտեղ: Սա է իրական պատճառը,- հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում մանրամասնել էր նա և հավելել,- Ես չեմ կարող, երբ վստահ չեմ, մտնեմ էդ հանձնաժողովի մեջ և իրականացնեմ ինչ-որ մարդկանց ցանկություններ»:

Ավելի վաղ Սամվել Բաբայանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում միայն ասել էր՝ «կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեն պահում, չի ստացվում»:

Ինչ վերաբերում է Ա1+-ին տված հարցազրույցում նշված սուր անկյուններին, որոնք, ըստ Բաբայանի, առկա են զեկույցում, ապա դրանք վերաբերում են, օրինակ, կառավարման խնդիրներին, թե ոնց է կառավարվել, ինչ և ոնց է եղել։

Հետաքրքիր է, որ կառավարման թերություններից խոսող ՊԲ նախկին հրամանատարն ամիսներ առաջ անթույլատրելի չէր համարել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում մարտական գործողություններին հետևելը, այն դեպքում, երբ, ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունից 168.am-ին հայտնել էին` «ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց է մուտք գործելու համար տրվում մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»: Այսինքն, եթե անգամ տեղում ՊԲ հրամանատարությունը բանավոր կամ գրավոր թույլտվություն է տվել պատերազմի ժամանակ, ըստ էության, գործ ենք ունեցել ղեկավար փաստաթղթերի որոշակի խախտման հետ:

Իսկ օրերս տված հարցազրույցում Արցախի ԱԽ նախկին քարտուղարը պնդել է նաև, որ 44-օրյա պատերազմից 2 օր առաջ Արցախի և ՀՀ իշխանություններն իմացել են, որ պատերազմ է սկսվելու, այլ հարց է՝ ինչ է արվել սա իմանալուց հետո, ինչ է արել ինքը՝ Սամվել Բաբայանը:

«2020 թվականի ամսի 25-ից իրանք գիտեին, որ հարձակում է լինելու, ես 26-ի իրիկունը կապվել եմ այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և հարցրել, ինձ ասել է՝ հատուկ բան չկա, նորմալ է։ Իսկ ինձ Մոսկվայից զանգել են մեր տղաները և ասել՝ նման երևույթ կա, որ կարան պատերազմ սկսեն, իսկ իրանք ասել են, որ ամեն ինչ նորմալ է։

Բայց հետո Անվտանգության ծառայությունից հասկացել եմ, որ հետախուզությունն ամսի 25-ին կոնկրետ տվել է՝ կիրակի օրն առավոտյան պատերազմ է սկսվելու (այսինքն, սեպտեմբերի 27-ի առավոտյան:- Մ.Պ.), իրանք ունեին իրանց ձեռքի տակ։ Արցախում էլ գիտեին, Հայաստանում էլ գիտեին։ Իշխանության բոլոր բուրգերը գիտեին դրա մասին։ Դա կա տեքստային, և կա կոնտրռազվեդկայի ձայնագրությունը, զեկուցագիրը, ամեն ինչը` ամսի 25-ով։ Դա նորություն չի, որ ասում եմ»,- հայտարարել է Սամվել Բաբայանը:

Հավելենք, որ 2021 թվականի հունիսին էլ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Սամվել Բաբայանը դարձյալ ասել էր, որ ինքը նախապես տեղյակ չի եղել պատերազմի ժամկետից, և հավելել.

«Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ՝ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»:

Ճշտող հարցին՝ այդ մասին զեկուցվե՞լ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Սամվել Բաբայանն արձագանքել է. «Երևի, բա էլ ո՞ւմ»:

Այն, որ պատերազմից առնվազն երկու օր առաջ Հայաստանի և Արցախի նախկին իշխանություններն իմացել են պատերազմը սկսելու մասին, իսկապես նորություն չէ, բայց հարցն այն է՝ ինչու և ինչպես Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը պաշտոնապես չի իմացել այդ մասին, այլ դրա մասին ոչ պաշտոնական աղբյուրներից է իմացել, և ինչ է արել՝ որպես ԱԽ քարտուղար, երբ թեկուզ ոչ պաշտոնական տեղեկություններ է ստացել, և արդյո՞ք ինքը միայն խորհրդատվական լիազորություն է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ:

Բայց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիի ազատագրմանը մասնակից Սամվել Բաբայանի ուշագրավ հայտարարությունները «Ա1+»-ի հայտարարության ժամանակ այսքանով չեն սահմանափակվում: Նա հիշեցրել է 44-օրյայի ժամանակ իր հետ կապված մի վիճահարույց դրվագ՝ նշելով.

«Եթե հիշում եք, ես ասում էի՝ մի մարդու նման դուրս եկեք, պետք չի սենց զոհեր տալ, եթե քեզ զենք չեն մատակարարում, չի ցանկանում քո սայուզնիկը, որը 6 միլիարդի զենք է վաճառել Ադրբեջանին, և գիտեր, որ մի էդքան էլ Իսրայելն է վաճառել, Ուկրաինան և այլն, մոտ 20 միլիարդի զենք են վաճառել Ադրբեջանին: Եվ հիմա պատերազմ է սկսել, երբ հավատացրել էին իրանք, որ էդ պատերազմը չի լինելու, խաղաղ ենք էդ խնդիրը լուծելու, հիմա զենք չեն մատակարարում։ Ինչ է դառնում՝ մսաղացի բերա՞ն գնայինք, պետք չէր։ Պետք էր պայմանավորվել Ադրբեջանի հետ, 10 օր ժամանակ վերցնել և ամբողջովին դուրս գայինք, ինչը եղավ 2023 թվականին, ինչի՞ չարեցինք, սայուզնիկն էլ հասկանար իրա մեղքը, էն մեկն էլ, էն մեկն էլ: 2023 թվականին արեցինք էն, ինչ որ պիտի անեինք էն վախտ, ինչի՞ չարեցինք, ի՞նչն էր խնդիրը»:

Հիշեցնենք, որ InfoPort.am տրամադրության տակ էր հայտնվել Արցախի այդ ժամանակվա նախագահի գլխավորությամբ 2020 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից մի աուդիոձայնագրություն, որում Սամվել Բաբայանն իր տեսակետն է հայտնում Արցախում պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրադրության վերաբերյալ և ելքեր առաջարկում իրավիճակից:

«Խնդիրը հետևյալն է՝ պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը 10 օր ժամանակ է ուզում «բեզագավորռչնի կապիտուլյացիայի» համար»,- ընդգծում է այդտեղ նա:

Արդեն 2023 թվականին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սամվել Բաբայանը գաղտնազերծել էր՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում ում հետ և ինչ հարցով է բանակցություններ ունեցել:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին էլ Բաբայանը հայտնել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից հրաժարման և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունների դադարեցման որոշման մասին:

«Ես եկել եմ Արցախից նոյեմբերի 6-ին՝ Ղարաբաղի նախագահի խնդրանքով: Բանակցություններ եմ վարել այստեղ ռուսական մի ընկերության հետ, որը նայոմնիկներով է զբաղվում: Ամսի 6-ին ինձ գործուղում են այստեղ բանակցությունների, ես գալիս եմ բանակցեմ, որ նայոմնիկ գնա ստեղից, ու դուք ամսի 9-ին ղազագիր եք ստորագրում: Հիմա ես ի՞նչ պիտի անեի, պիտի հրաժարական տայի, սրա մասին է խոսքը: Ես լքել եմ պաշտոնը, որովհետև որպես ԱԽ քարտուղար՝ ուղարկում են բանակցությունների, և իմ թիկունքում ստորագրում փաստաթուղթ: Եթե անվստահելի եմ, ես ԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական եմ տվել և իմ «Արցախի հերոսի» մեդալը հանձնել՝ որպես պրոտեստ»,- նշել էր Արցախի ԱԽ նախկին քարտուղարը, ով բողոքելով ՌԴ-ի դաշնակցային վարքագծից, փաստորեն, ցանկացել է ռուսական մասնավոր ընկերության հետ համագործակցել, որտեղ առանց «վերևների» թույլտվության չի լինում:

Ի դեպ, պատերազմի ժամանակ ՌԴ-ից բավարար զենք եկել է Հայաստան, ինչի մասին վերջերս նույնիսկ գաղտնազերծում էր արել Անդրանիկ Քոչարյանը, և ինչի առնչությամբ դեռ պատերազմի օրերին ՌԴ-ի ղեկավարությանը բողոքել էր Ալիևը:

Ի վերջո, պատերազմը միայն զենքով չէ, որ հաղթում են, այլ ճիշտ կառավարմամբ, ճիշտ որոշումներով, բանակին չխանգարելով, բարոյահոգեբանական անհրաժեշտ ոգի ապահովելով, ինչի մասին ՊԲ նախկին ղեկավարը պետք է, որ լավ իմանա:

Ավելին, նա իր հնարավորության սահմաններում պետք է փորձեր չեզոքացնել այս խնդիրներն ու խայտառակ պարտության տանող վտանգներն ու անձանց: Բայց, փաստորեն, ընտրել է հանձնվելու ուղին, այն դեպքում, երբ բուն ռազմական գործողությունների ժամանակ շատ քիչ տարածք ենք կորցրել, և բանակը կարողացել է պահել Քարվաճառը, Աղդամը, Լաչինը, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով են հանձնվել Ադրբեջանին:

Իսկ 2023 թվականին Արցախում տեղի ունեցածը մի օր պետք է բազմակողմանի քննության ենթարկվի, երբ ՀՀ-ում իշխանափոխություն լինի: Սա չի նշանակում, որ 1994 թվականի անժամկետ հրադադարից հետո սխալներ և բացթողումներ չեն եղել, ինչի մասին ևս խոսել է Բաբայանը «Ա1+»-ին տված հարցազրույցում:

Ի դեպ, Բաքվի «դատավարության» համատեքստում ժամանակ առ ժամանակ հիշում են Սամվել Բաբայանին՝ և՛ Առաջին պատերազմի թեմաներում, և՛ 2020 թվականի 44-օրյայի:

Տեսանյութեր

Լրահոս