
Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական տարածքներ ու խուզարկություններ իրականացրել

Իսրայելական ուժերը հոկտեմբերի 20-ին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի շրջան և խուզարկություններ իրականացրել։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ երկու ռազմական մեքենաներից և մի քանի զինվորներից բաղկացած իսրայելական պարեկախումբն անցակետ է տեղադրել և սկսել խուզարկել ու հետապնդել անցորդներին։ Խուզարկություններ իրականացնելուց հետո նրանք լքել են տարածքը։Հոկտեմբերի 19-ին իսրայելական ուժերը ներխուժել էին Կունեյտրայի մի քանի գյուղեր։
Դարաայի և Կունեյտրայի նահանգների որոշ շրջաններում նկատվել են ցածր բարձությամբ թռիչքներ կատարող ռազմական ինքնաթիռներ։
Ըստ սիրիական աղբյուրների՝ իսրայելական ուժերը շարունակում են անհարմարություններ ստեղծել Կունեյտրայի շրջանի բնակիչների համար։ Ջուբաթա ալ-Խաշաբ շրջանում իսրայելական ուժերի կողմից տեղակայված բազայի առկայության պատճառով բնակիչները չեն կարողանում մոտենալ իրենց հողերին:
Հաղորդվում է, որ իսրայելական ուժերը նախազգուշական կրակոցներ և ծխառումբեր են արձակում բնակիչների ուղղությամբ։
2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։
Սիրիական կողմը հաղորդում է, որ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։