
Ինչպե՞ս է ԵՄ-ն ընդլայնման օրակարգը փոխարինել ամուր գործընկերությամբ․ ի՞նչ է սպասվում ՀՀ ԵՄ ինտեգրացիայի ռազմավարությանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ ԵՄ անդամակցության մտադրությանը՝ այն որակելով ՀՀ պաշտոնական քաղաքականություն, չհստակեցնելով նաև, թե երբ ՀՀ-ն կներկայացնի անդամակցության հայտ։
Deutsche Welle-ի հետ հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտը կարող է ներկայացնել մեկ ամսից, հաջորդ տարի, դա կախված է բազմաթիվ գործոններից։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ընդունել է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը:
«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Դա գուցե հաջորդ ամիս լինի, գուցե հաջորդ տարի: Միաժամանակ, ինչպես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,- շեշտել է Միրզոյանը՝ հավելելով, որ Երևանն ու Բրյուսելը բավականին սերտորեն աշխատում են:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն ու ԵՄ-ն բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ: «Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են ավելի առաջ գնալ»,- շեշտել է նա:
Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ թեմային՝ ասելով, թե Հայաստանը կարող է չդառնալ Եվրամիության անդամ, բայց իրենց նպատակն է հասնել ԵՄ ստանդարտներին բոլոր ոլորտներում։ «Շատ է հնչում հարցը, թե ԵՄ-ին անդամագրվելն ինչքանով է Հայաստանի համար իրատեսական և ոչ իրատեսական: Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ի՞նչ է ասում: Ասում է՝ մեր խնդիրն է՝ հասնել ԵՄ ստանդարտներին, բոլոր բնագավառներում հասնել ԵՄ ստանդարտներին:
Մենք հասկանում ենք, որ նույնիսկ դրանից հետո կարող է չդառնանք ԵՄ անդամ, բայց մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է։ Սա կարևոր է, քանի որ շատերը դրանում տեսնում են աշխարհաքաղաքական հետևանքներ»,- Հայկական ժողովրդավարության ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ ասել է Փաշինյանը։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ այս հայտարարությունները տեղի են ունենում ՀՀ ԵԱՏՄ անդամակցության պայմաններում այն դեպքում, երբ ռուսական կողմը տարբեր մակարդակներում խոսում է այս երկու ինտեգիացիոն կառույցների անհամադրելիության մասին։ Բացի սա, վերջին տարիների ընթացքում ռուսական կողմը էական շեշտ է դնում այն օգուտների վրա, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ից։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բազմիցս է նշել, որ ԵՄ անդամակցությունը ԵԱՏՄ-ի նման օգուտներ չի կարող բերել Հայաստանին, իսկ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն համատեղել հնարավոր չէ, ԵՄ անդամակցության դեպքում ՀՀ-ն ենթադրվում է, որ պետք է լքի ԵԱՏՄ-ն, թեև բարդ է հասկանալ, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ։ Ուշագրավ դրվագ տեղի ունեցավ վերջերս Դուշանբեում կայացած ԱՊՀ նիստի ընթացքում։
Նիստին մասնակցող Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր թվերից էին խոսում։
«Հիմա մեր ու Հայաստանի միջև որքա՞ն է ապրանքաշրջանառությունը բարձրացել»,- հետաքրքրվել էր Պուտինը։ «Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար է»,- պատասխանել էր Փաշինյանը։
Պուտինը հակադարձել էր․ «Ո՛չ, ավելին է»։ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե անցած տարի մոտ 9 միլիարդ էր, իսկ Պուտինն անդրդվելի էր, պնդել էր՝ ավելի շատ է։ Սրանով ՌԴ նախագահը թերևս ցանկանում էր շեշտել այն օգուտները, որոնք ՀՀ-ն ստանում է ՌԴ-ից ու ԵԱՏՄ-ից, լուռ ակնարկելով, որ ՀՀ-ն դա որևէ պարագայում չի կարող ստանալ ԵՄ-ից կամ արևմտյան գործընկերներից։ Այնուամենայնիվ ԵՄ ինտեգրացիայի հանձնառության մասով ՀՀ իշխանություններն անդրդվելի են՝ դա պաշտոնական քաղաքականություն է նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ-ն կարող է չմիանալ ԵՄ-ին այդ գործընթացի ավարտին։
168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ Հայաստանի տնտեսությունը խիստ ինտեգրված է ԵԱՏՄ շուկայի հետ, և այդ կառույցից դուրս գալը պահանջում է երկարատև անցումային փուլ՝ լուրջ տնտեսական ռիսկերով։ Հետևաբար, նրա խոսքով, եվրաինտեգրացիան, ամենայն հավանականությամբ, այժմ դիտվում է ոչ թե՝ որպես արագ քաղաքական քայլ, այլ՝ աստիճանական մոտեցում ԵՄ ստանդարտներին։
«ԵՄ-ն ներկայում խուսափում է խոսել «նոր ընդլայնման» մասին Հարավային Կովկասում՝ կենտրոնանալով բարեփոխումների խթանման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման վրա։
Այս համատեքստում Հայաստանի «միանալու» հավանականությունը մնում է քաղաքական առումով բաց։ Միևնույն ժամանակ ՀՀ իշխանությունները փորձում են հավասարակշռություն ցույց տալ՝ ներկայացնելով եվրաինտեգրացիան՝ որպես արժեքային և ինստիտուցիոնալ ուղղություն, բայց ոչ որպես կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ»,- ասաց Իրակլի Մենաղարիշվիլին։
Ավելի մանրամասն խոսելով ԵՄ դիրքորոշման մասին, նա նշեց, որ այս պահին Եվրամիության «չընդլայնվելու» տրամադրությունը ոչ թե Հայաստանի կամ այլ երկրների նկատմամբ անվստահության դրսևորում է, այլ մի շարք իրողությունների արդյունք։
«Եթե ավելի պարզ խոսենք, ապա ԵՄ-ի հետաքրքրությունը ընդլայնման նկատմամբ նվազել է մի քանի խոշոր պատճառներով, ԵՄ-ն վերջին երկու տասնամյակում մի շարք լուրջ ճգնաժամեր է հաղթահարել՝ Եվրագոտու ֆինանսական ճգնաժամ, փախստականների ճգնաժամ, Բրեքսիթը (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից)։ Այս ամենը ցույց տվեց, որ ԵՄ ինստիտուտները դեռևս բարդությամբ են կառավարում ներքին տարբերությունները։
Արդյունքում Բրյուսելը նախընտրում է խորացնել միության ներքին միասնությունը, այլ ոչ թե նոր անդամների ընդունմամբ այն էլ ավելի բարդացնել։ Էական է նաև այն, որ «Արևելյան գործընկերություն» պրոյեկտը սահմանափակ արդյունքներ ցույց տվեց։
ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը ներառում է Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը և Ադրբեջանը, պետք է դառնար նախապատրաստական հարթակ ապագա ինտեգրման համար։ Սակայն այն հիմնականում կառուցվեց տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների խթանման շուրջ, անդամակցության հեռանկար այս ծրագիրը չձևավորեց, չապահովեց։ ԵՄ-ում ձևավորվեց նոր մոտեցում այն բանից հետո, երբ ԵՄ-ն հասկացավ, որ առանց հստակ անվտանգության մեխանիզմների՝ նոր անդամների ինտեգրումը կարող է բերել նոր հակամարտություններ ու լարվածություններ՝ հատկապես Ռուսաստանի ազդեցության գոտիներում»,- ասաց Իրակլի Մենաղարիշվիլին։
Շատ փորձագետներ նշում են, որ Ուկրաինայում պատերազմը վերջնականապես ցույց տվեց, որ ԵՄ ընդլայնումը դեպի Հարավային Կովկաս և Արևելյան Եվրոպա՝ դիտվում է որպես գեոպոլիտիկ մարտահրավեր Մոսկվայի համար, թեև ներկայումս Մոսկվայի արձագանքման ունակությունները գրեթե զրոյացել են։
Այս պատճառով, ըստ վերլուծաբանների, ամեն դեպքում ԵՄ-ն գերադասում է հարաբերությունները խորացնել առանց լիարժեք անդամակցության խոստման, այսինքն՝ համագործակցել տնտեսական և արժեքային հարթակներում՝ չանցնելով քաղաքական կարմիր գծերը։
Ընդունված է համարել, որ ԵՄ-ն ներկայում ունի շուրջ 30 պաշտոնական և ոչ պաշտոնական չափանիշներ նոր անդամների համար՝ սկսած անկախ դատական համակարգից մինչև կոռուպցիայի ցածր մակարդակ, և ըստ մի շարք գնահատականների, Բրյուսելը հասկանում է, որ եթե ընդունի նոր երկրներ, որոնք այս չափանիշներին չեն համապատասխանում, ապա ԵՄ-ի ինստիտուցիոնալ որակը կթուլանա, խնդիրները՝ կավելանան։
Հետևաբար, ԵՄ-ն հիմա կենտրոնանում է «անդամակցություն արժեքների միջոցով» սկզբունքի վրա՝ պահանջելով խորքային բարեփոխումներ նախքան անդամակցության քննարկումը, հատկապես, երբ ԵՄ երկրների հասարակություններում աճել է անտարբերությունը կամ նույնիսկ դժգոհությունն ընդլայնման նկատմամբ, քանի որ ԵՄ անդամ երկրների քաղաքացիները կարծում են, որ նոր անդամները «ծանր բեռ» են դառնում տնտեսական և սոցիալական առումով։ Այդ պատճառով եվրոպական կառավարությունները խուսափում են ընդլայնման խոստումներից, որոնք կարող են առաջացնել ներքաղաքական դիմադրություն։
Ուստի ԵՄ-ն վերջին տարիներին որդեգրել է նոր մոտեցում՝ «Խորացնել գործընկերությունը՝ առանց անդամակցության խոստման»։
Սա տեղի է ունենում նաև Հայաստանի դեպքում, որը ներկայումս, մեղմ ասած, գտնվում է խոցելի անվտանգային իրավիճակում և փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ անմտածված արտաքին քաղաքական յուրաքանչյուր քայլ կարող է խիստ ռիսկային լինել։
Դա վերաբերում է նաև ԵՄ անդամակցության օրակարգին՝ ՀՀ իշխանությունները խոսում են այդ մասին, պատրաստում հասարակությանը, արտաքին քաղաքական դիրքավորում իրականացնում, կանգնելով ռիսկի առջև՝ կորուստներ կրել Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ ցուցանիշների հարցում, սակայն ԵՄ անդամակցության հարցը նույնիսկ Երևանի հայտի դեպքում, որի ներկայացման ժամկետները ևս անորոշ են, մշուշոտ ու անորոշ հեռանկար է։
Ուստի պատահական չէ, որ Փաշինյանը խոսում է ԵՄ ստանդարտներին մոտենալու ցանկության մասին, չտալով ՀՀ ԵՄ անդամակցության որևէ երաշխիք։