Եվրամիությունը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի «ստվերային նավատորմը» ստուգելու իր իրավունքները

Եվրամիությունը նախատեսում է բանակցություններ վարել այն երկրների հետ, որոնց դրոշներն օգտագործում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերը՝ այդ նավերը ստուգելու նախնական իրավունքներ ստանալու համար։ Գրում է է Politico-ն՝ վկայակոչելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ԵՄ արտգործնախարարների հանդիպման համար պատրաստված փաստաթուղթը։

Փաստաթղթում նշվում է, որ ռուսական նավթ տեղափոխող օտարերկրյա դրոշներով նավերը սպառնալիք են շրջակա միջավայրի, նավարկության անվտանգության և կարևորագույն ենթակառուցվածքների համար, ինչպես նաև կարող են օգտագործվել «որպես ԵՄ տարածքի դեմ հիբրիդային հարձակումների հարթակներ», գրում է DW-ն։

Որոշ դեպքերում նման նավերն արդեն կասկածի տակ են դրվել ռուսական անօդաչու թռչող սարքերի մեկնարկային հարթակներ ծառայելու համար, որոնք, հավանաբար, օգտագործվում են Եվրոպայում քաղաքացիական օդանավակայանների հետախուզման և անկայունացման համար, գրում է Politico-ն։ Ինչպես ավելի վաղ նշել էր պարբերականը, Ռուսաստանի «ստվերային նավատորմը» կարող է կազմել աշխարհի բոլոր տանկերների մինչև 17%-ը։

Politico-ի տվյալներով՝ ԵՄ-ն արդեն կապի մեջ է «առաջնահերթ պետությունների» հետ, որոնք նման ծառայություններ են մատուցում «ստվերային նավատորմին»։ Ավելին, դաշինքը «մտադիր է օգտագործել տարբեր գործիքներ»՝ խրախուսելու համար այդ երկրներին չեղյալ համարել պատժամիջոցների տակ գտնվող «ստվերային նավատորմի» նավերի գրանցումը։ Օրինակ՝ Պանաման, որն աշխարհի ամենամեծ նավագնացության գրանցամատյանն է, արդեն «համաձայնել է չեղյալ համարել ԵՄ պատժամիջոցների ենթակա նավերի գրանցումը և վերջերս որոշել է դադարեցնել 15 տարեկանից բարձր նավերի գրանցումը», նշում է EEAS-ը։

Տեսանյութեր

Լրահոս