
Նիկոլ Փաշինյանն ու Հռոմի Պապը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը

Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նորին Սրբությունը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը Վատիկան և մասնակցությունն Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու վեց այլ Երանելիների սրբադասման արարողությանը։ Նա ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։
Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Նորին Սրբությանը Հռոմի քահայանապետ ընտրվելու առթիվ՝ մաղթելով ուժ և հաջողություն սուրբ առաքելության իրագործման դժվարին ու պատասխանատու ճանապարհին։ Նա վստահություն է հայտնել, որ Լևոն XIV-րդի Պապի առաջնորդությամբ կշարունակվի Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև սերտ երկխոսության ավանդույթը, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ ցուցաբերվող հետևողական ուշադրությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության և կայունության նոր փուլի սկիզբ։
Փաշինյանը վերահաստատել է ՀՀ Կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ի շահ Հայաստանի և տարածաշրջանի բարգավաճման ու կայուն զարգացման։