«Երկիրն այս փոսից հանելու համար մեզ հմուտ կառավարիչ է պետք, ոչ թե լավ խոսող». Հարություն Մեսրոբյան
«Ես ցավով եմ ասում, բայց մեր կեղծավորության պատճառով մենք կործանելու ենք Երկրորդ Հանրապետությունը: Ես շատ բան չեմ խնդրում: Կարելի է հենց հիմա կարդալ Հովհաննես Թումանյանի նամակն Ավետիք Իսահակյանին 1921թ., ու կտեսնեք` ինքը ոնց է բնութագրում, թե ինչպես ենք մենք կորցրել Առաջին Հանրապետությունը: Մեծ Լոռեցու խոսքերը շատ ցավոտ են: Այս նամակը դաջված պետք է լինի մեր բոլոր հայերի ճակատին, ու մենք պետք է հասկանանք, որ այդ նամակը պետք է դառնա մեզ համար սեղանի ուղերձ, ու մենք պետք է հասկանանք, որ մենք վտանգ ունենք նորից կորցնել մեր երկիրը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Վերջինս նշում է, որ ամենավտանգավոր կառավարիչը նա է, ով հանդես է գալիս առաքյալի դիմակով:
Ինչ վերաբերում է համակարգային փոփոխություններին, Հարություն Մեսրոբյանի կարծիքով` նման փոփոխությունները պետք է ունենան մարդկային բջիջ:
«Եթե մենք ապիկար մարդկանց ինչ-որ պաշտոնների նշանակենք, ֆունկցիաները փոխենք, ոչինչ չի փոխվելու: Եթե մարդն ապիկար է, ինքը կմնա ապիկար: Ուզում եք, միլիոնավոր պարգևատրումներ տվեք: Առաջին հերթին՝ մենք շեշտը պետք է դնենք կադրերի վրա»,- ասաց կառավարման հարցերով փորձագետը:
Ըստ նրա` երկրի ղեկավար չեն ընտրում միայն նրա համար, որ լավ է խոսում:
«Երկրի ղեկավարը կարող է ընդհանրապես թլիկ լինել, բայց արդյունք տա: Ինչ է նշանակում` լավ է խոսում: 30 տարուց հետո մենք այնքան խելք չհավաքեցինք, որ երկրի ղեկավար ընտրենք՝ ըստ պրոֆեսիոնալիզմի, այլ ոչ թե սիրուն խոսելու համար: Երկիրն այս փոսից հանելու համար մեզ հմուտ կյառավարիչ է պետք, ոչ թե լավ խոսող»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:
Խոսելով վարչապետի այն հայտարարության մասին, որ պետական կառավարման համակարգը սաբոտաժ է անում, Հարություն Մեսրոբյանն ասաց, որ, երբ դու ներգրավում ես անպիտան մարդու, չի կարելի ասել, որ այդ մարդը սաբոտաժ է անում:
«Մարդը չի կարող սաբոտաժ անել, եթե դու ի սկզբանե կիսատգետ մարդ ես ներգրավում: Այդ մարդը շատ լավ էլ կուզենա աշխատել, բայց չգիտի` ոնց: Կառավարման մեջ երկրորդային հարց է, թե ում ես ընտրում: Կարևոր է, թե ով է ընտրում: Եթե ընտրողն անորակ է, ինքը չի կարող որակյալ մարդ ընտրել»,- նշեց Հարություն Մեսրոբյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ իշխանությունները խորհուրդներ չեն լսում, կառավարման փորձագետն ասաց, որ մարդը երբ մտնում է կաբինետ, իր հետ շատ հետաքրքիր մետամորֆոզներ են կատարվում. Նա սկսում է տեսնել ու լսել միայն այն, ինչ ինքն է ուզում: