Ինչպե՞ս են գավառցիներն ապրում կորոնավիրուսի պայմաններում. հարցում
Կառավարությունը՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերով, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրամադրել է ավելի քան 54 մլրդ դրամ: 168.am-ը փորձեց Գավառի քաղաքացիների հետ զրույցում պարզել, թե ինչպե՞ս են ապրում արտակարգ դրության և որոշակի սահմանափակումների պայմաններում ու ի՞նչ աջակցության ծրագրերից են օգտվել:
Գավառի տարբեր փողոցներում կարելի էր հանդիպել հիմնականում տաքսու վարորդների, որոնք միաբերան պնդում էին, թե հաճախորդ գրեթե չունեն այս օրերին: Տեսախցիկից այն կողմ հաճախորդների թվի պակասի մասին էին ասում նաև շուկայի ու խանութների առևտրականները:
Քաղաքի փողոցներում կարելի էր տեսնել նաև օրավարձով աշխատող հատուկենտ բանվորների, որոնք սպասում էին, թե ինչ-որ քաղաքացի՝ վիրուսի վախը մի կողմ թողած, նրանց աշխատանք կառաջարկի:
«Ես օրավարձով եմ աշխատում, բանվոր եմ, բանվոր դասակարգի ներկայացուցիչ: Կայնում եմ ստեղ, գալիս ինձ ասում են՝ «արի փոս փորա, տնաշեն փորա, հող լից»: Հիմա չենք աշխատում, մեր գործի վրեն շատ ազդեցություն ա թողել: Վախենում են մեզի տանեն՝ տները աշխատացնեն, ասում են՝ «կարող ա վիրուսից վարակվենք, և այլն, և այլն»: Բայց էս վիրուսը, չենք իմանում՝ արհեստակա՞ն ա, թե՞ իսկական ա:
Կառավարության ծրագրերից բացարձակապես մեզի անտեսած: Իրանց էլ չի հետաքրքրում՝ մենք ինչ ձև ենք ապրում, ինչ ձևի պայմաններում ենք ապրում, մեզի անտեսած:
Կուտակել էինք մե քիչ գումար, որ կարողանանք մի երկու-իրեք ամիս էլ գոյություններս պահպանենք, միգուցե Աստված ձեռ մեկնա, օգնա: Իսկ էս նպաստները, էս բանը էն ձևի ա վերաբաշխվում, որ կարող ա հարուստը ավելի շատ ստանա, քանց թե աղքատ մարդը: Վերաբաշխումը անհավասար ա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնաիչներից մեկը՝ հավելելով, թե տան կոմունալը վճարում է կինը, ու ինքը տեղյակ չէ՝ որևէ զեղչ եղե՞լ է, թե՞ ոչ:
«Ես տաքսի եմ վարում, գործ չկա էս օրերին, պիտի համակերպվենք, յոլա եթանք: Օգնություն չի եղել, մենք մեզանով յոլա ենք էթում: Դե համաճարակ ա, միշտ էլ, ամեն դարաշրջանում եղել ա, անցել-գնացել ա, էս էլ կեթա»,- ասաց բնակիչներից մեկը:
«Կարելի ա ասել՝ հաճախորդ չի լինում, մարդիկ փող չունեն և տանից դուրս չեն գալիս էնքան շատ, որքան առաջ: Իրենց ունեցածով մի կերպ յոլա են գնում մարդիկ:
Հերս, մերս թոշակ են ստանում, գյուղական տնտեսություն ա, կարտոշկա, հավ, էդ ձևի մի կերպ ապրում ենք: Երեխաներ ունեմ 3 հատ դպրոցական: Հեռավար են դասերին մասնակցում: Օգնություն էլ ա եղել, մի երեխին «ՎիվաՍելից» հեռախոս էին տվել: Բայց դե, որակը դժվար լինի, քան դպրոցում էին սովորում: Ոնց հասկանում եմ, փոքր տղաս մաթեմատիկան ոնց որ չհասկանա հեռախոսով: Ասենք՝ պատմողական բաները՝ ուրիշ, բայց մաթեմատիկան, ինձ թվում ա, լավ չի լինի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Չնայած հաճախորդներ չկան, բայց բնակիչներին կորոնավիրուսն ու ճգնաժամն այնքան էլ չի վախեցնում: Ասում են՝ գյուղացիական տնտեսություններ ունեմ, ապրել կկարողանան:
«Տնային տնտեսություն ունենք, հավ ունենք, կով ունենք, կարտոշկա ունենք, կաղամբն էլ էժան ա, թուփ ենք դրել, ուտում ենք: Յոլա ենք էթում: Կառավարության ծրագրերից օգտվել ենք՝ գազի 50%-ի և էներգիայի 50%-ի, շատ շնորհակալ ենք: Մնացած մասը վճարել ենք: Եթե երկարացվի, միանշանակ կդիմանանք»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
«Գյուղում ենք ապրում, կարտոշկեն ունենք, կաղամբը ունենք, ալյուրը կա, առնում ենք ձեթը, յուղը, յոլա ենք եթում: Ճգնաժամ ա, ով պտի ինչ անի, ոչ մեկն էլ ոչինչ չանա: Էսքան բան էլ, որ Փաշինյան անում ա ժողովրդի համար, պտի բոլորը մի մարդու նման շնորհակալություն հայտնեն»,- վստահեցրեց մեկ այլ բնակիչ:
«Մի կերպ ծայրը ծայրին հասցնում ենք: Կինս հիվանդ ա, թոշակ ա ստանում, էդ թոշակն ա: Տղաս արտագնա աշխատանքի ա գնացել, էնտեղից օգնում ա մեզ: Հոսանքից-գազից 50%-ով օգտվել ենք, ուրիշ աջակցություն չի եղել»,- պատմեց մեկ այլ տարեց քաղաքացի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում