«Թուրալ Գյանջալիևի միակ հակակշիռն ադրբեջանահայ փախստականներն են, այլ հակակշիռներ գոյություն չունեն». Տաթևիկ Հայրապետյան
2018թ. դեկտեմբերի 20-ից ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն այսուհետ ղեկավարելու է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը: Նա նաև կգլխավորի Ադրբեջան-Կանադա միջխորհրդարանական աշխատանքային խումբը:
Հիշեցնենք, որ վերջինս Ադրբեջանի Միլի-Մեջլիսի պատգամավոր էր ընտրվել փետրվարին կայացած ընտրությունների արդյունքում:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը նախ ասաց, որ Գյանջալիևը պարզապես ընդգրկվել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմում, այնուհետև նշեց, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից Գյանջալիևին տարբեր միջազգային կառույցներում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում ներկայացնելուն, նշեց, որ Ադրբեջանը փորձել է իր այդ քայլով հակակշիռ ստեղծել հայկական կողմի այն հայտարարություններին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սակայն մոռանում են, որ իրենց ներկայացուցիչը՝ հանձին Իլհամ Ալիևի, արդեն ներկա է բանակցություններում:
«Նույն Թուրալ Գյանջալիևն ընտրում է Ալիևին, որն էլ նրանց ներկայացնում է բանակցություններում, ի տարբերություն Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների, որոնք չեն ընտրում ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է պատվիրակության կազմում ընդգրկելուն, ապա սա Ադրբեջանի միակ խաղաքարտը չէ, որը շահարկելու են, պատվիրակության կազմում ներգրավվել են նաև ընդդիմադիրի, և ԵԽԽՎ-ում դա էլ են փորձելու ներկայացնել, իբրև թե՝ տեսեք, ընտրություններից հետո մենք խորհրդարանում ընդդիմություն ունենք: Բնականաբար, այս ամենը հաշվի ենք առնում, տեղյակ եք, որ ԵԽԽՎ-ում մեկ նստաշրջանը հետաձգվեց աշնանը, և հարցական է՝ այն կլինի՞, թե՞ ոչ, այդուհանդերձ, մենք նյութերը մշակում ենք, ակտիվ աշխատում ենք նաև ԱԳՆ-ի հետ: Կարծում եմ՝ նրանց կողմից այդ քայլերն արդեն ձախողված են»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը:
Ըստ նրա, տեղի ունեցած «խավիարային սկանդալից» հետո Իլհամ Ալիևը ԵԽԽՎ-ի հասցեին կոշտ հայտարարություններ է անում, ուստի ամբողջական ներկայացված զեկույցների համատեքստում Ադրբեջանը ներկայացվում է՝ որպես բռնապետական երկիր, և արժանանում քննադատությունների:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ ԵԽԽՎ-ում իրենց աշխատանքի հետ կապված՝ ադրբեջանական պատվիրակության կազմի փոփոխությունը որևէ խնդիր չի առաջացնի, քանի որ ակտիվ աշխատում են և հանդես գալիս ավելի թարմացված թեզերով:
«Թուրալ Գյանջալիևի ընտրվելը նաև քարոզչական բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է, որպեսզի հստակ նշվի, որ նրա հակակշիռն ադրբեջանահայ փախստականներն են, որոնք փախել են Ադրբեջանի բռնությունների ու ոճրագործությունների հետևանքով, եթե նա փորձում է այլ հակակշիռներ փնտրել, ապա դրանք գոյություն չունեն»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը: