«Տիգրան Թորոսյանն է խորհուրդ տվել գնդակը դնել գոյություն ունեցող լոգոյի մեջտեղում»

«Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ 2009-ին Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից Արարատի պատկերը հանելու վերաբերյալ խորհուրդն իրեն տվել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

«Ես ուզում էի գնդակը դնել գոյություն ունեցող լոգոյի տակ, բայց նա ինձ խորհուրդ տվեց լոգոյի մեջտեղում դնել: Ու երբ դրա շուրջ բանավեճ սկսվեց, նա տղամարդկություն չունեցավ ասելու, թե իրականում ինչպես էր եղել դա»,- ասել է Ռ. Հայրապետյանը:

Խոսենք երկրորդ աղմկոտ պատմության մասին, որը կապված էր 2009-ին Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից Արարատի պատկերը հանելու հետ:

– Դա սխալ էր, թյուրիմացություն էր, որի պատճառը հապճեպ, առանց նախնական քննարկման կայացված որոշումն էր: Ես որոշել էի, որ լոգոյի վրա գնդակ պիտի լինի: Բայց չէի հետաքրքրվել, թե գնդակը որտեղ են դնելու, վերևո՞ւմ, ներքևո՞ւմ, թե՞ հենց լոգոյի մեջտեղում:

Կարդացեք նաև

Իսկ ինչո՞ւ որոշեցիք լոգոն փոխել:

– Ես լոգոն չեմ փոխել : Այն ժամանակ մարզաշապիկի վրա նկարված էր Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի լոգոն, այնինչ, ըստ օրենքի, հավաքականը պիտի իր սեփական լոգոն ունենա: Այսինքն խնդիրը լոգոն փոխելը չէր, այլ՝ նոր լոգո ստեղծելը: Այդ հանգամանքներում է, որ մենք թույլ տվեցինք այդ սխալը, որի համար բոլորից ներողություն եմ խնդրում: Կարծում եմ, որ ֆուտբոլի ոլորտում դա իմ թույլ տված միակ սխալն է:

Ուրեմն չգտնվե՞ց գեթ մեկը, որը ձեզ խորհուրդ տար, զգուշացներ, որ սխալ բան եք անում: Դուք այդքան միանձնյա՞ եք ղեկավարում ամեն ինչ:

– Ուրեմն լսեք, մինչև հիմա լռում էի, բայց հիմա արդեն կխոսեմ: Իրոք, այն, ինչ ինձ է պատկանում, ես մենակ եմ կառավարում՝ դրա ենթադրած բոլոր ռիսկերով հանդերձ : Բայց ես ընդունում եմ այդ պատասխանատվությունը: Իսկ ինձ չպատկանող բաների վերաբերյալ միշտ կարծիք եմ հարցնում: Լոգոյի հարցում հենց այդպես եղավ: Ես դիմեցի Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանին, որ նրա կարծիքն իմանայի: Ես ուզում էի գնդակը դնել գոյություն ունեցող լոգոյի տակ, բայց նա ինձ խորհուրդ տվեց լոգոյի մեջտեղում դնել: Ու երբ դրա շուրջ բանավեճ սկսվեց, նա տղամարդկություն չունեցավ ասելու, թե իրականում ինչպես էր եղել դա: Այո, մինչև հիմա ոչինչ չեմ ասել, բայց իրականում այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահն է ինձ խորհուրդ տվել գնդակը լոգոյի մեջտեղում դնել: Ես սխալվել եմ և ընդունում եմ իմ սխալը: Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան իմ սեփականությունը չէ: Դա երկրին, ազգին է պատկանում: Նման ընդհանրական հարցերի վերաբերյալ ազգի, ժողովրդի, հասարակության կարծիքն ինձ համար շատ կարևոր է: Կրկնում եմ, լոգոյի հարցում ես դիմել էի Տիգրան Թորոսյանին՝ Ազգային ժողովի նախագահին:

– Բայց ինչո՞ւ նրան: Նա ի՞նչ կապ ուներ ֆուտբոլի հետ:

– Ազգային ժողովն է օրենքներ ընդունում:

– Ուզում եք ասել, որ ազգային հավաքականի մարզաշապիկի լոգոյի հարցն օրենքո՞վ է կարգավորվում :

– Ազգային ժողովն է ընդունել զինանշանի մասին օրենքը: Դրա համար էլ զանգահարեցի Ազգային ժողովի նախագահին ու նրանից խորհուրդ հարցրեցի, թե արդյո՞ք, ինչպես ռուսական լոգոյում է, իրավունք ունեմ գոյություն ունեցող լոգոյի տակ գնդակ դնելու: Նա ասաց, որ ինձ հետ կզանգի: Իրոք զանգեց և ասաց, որ կարող եմ մեջտեղում դնել:

– Գնդակը մեջտեղում դնելը նշանակում էր, որ Արարատի պատկերը պիտի հանվի: Նա գիտե՞ր դա:

– Կարող եմ հավաստել, որ չգիտեր: Այո, ասում եմ, ես համարում եմ, որ սխալ եմ թույլ տվել : Բայց դա ճակատագրական սխալ չէ, թե չէ պիտի գնանք բոլորով կախվենք Արարատից:

– Ինձ լավ հասկացեք, իմ մտահոգությունն այն է, որ մենեջմենտի խնդիր կա: Որոշում կայացնող ամեն ոք, ինչպիսին էլ լինի նրա ոլորտը, տնտեսական, քաղաքական կամ՝ ուրիշ, պիտի մեկ կամ մի քանի խորհրդատու ունենա, որոնք ի վիճակի լինեն նրան ասելու, որ սխալվում է:

– Տեսեք, ես ազգային հավաքականի համար նոր ավտոբուս եմ գնել, իր մարզաշապիկի գույներով և այս ու այս հատկանիշներով: Ինձ բերեցին ավտոբուսը, ես ուսումնասիրեցի : Բայց մի բան կար, որը ցանկացա հանել, որովհետև ինձ դուր չէր գալիս:… Ուզում եմ ասել, որ մենք քննարկում ենք հարցերը: Ճիշտ է, իմ մականունը «Նեմեց» է, բայց ես ինձ Հիտլերի պես չեմ պահում: Ցանկացած հարց, որն իմ իրազեկության շրջանակից և մասնագիտական ոլորտից դուրս է, քննարկման է դրվում:

Տեսանյութեր

Լրահոս