Արդյոք ճի՞շտ էր Ակադեմիայի որոշումը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան(ԳԱԱ) հայտարարել է, որ կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ:
Հիշեցնենք, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի առթիվ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 3-ին ուղերձ է հղել Հունգարիայի Գիտությունների ակադեմիային և Հունգարիայի գիտական հանրությանը` հայտարարելով փոխհարաբերությունների կասեցման մասին:
Ակադեմիայի այս որոշումը գիտական հանրության շրջանում միանշանակ չի ընդունվել, շատերն Ակադեմիայի այս որոշման հետ բոլորովին համաձայն չեն: ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ճարտարագետ Ստեփան Գյոզալյանը` ընդհանուր առմամբ, դրական է գնահատում Ակադեմիայի որոշումը, սակայն նշում է, որ Ակադեմիան առանց ժողով հրավիրելու է այդ որոշումն ընդունել, ինչի իրավունքն, ըստ նրա, Ակադեմիան կարծես թե չուներ:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Թաթիկյանի խոսքով` Ակադեմիան այդպիսով ցույց է տալիս իր անկարողությունն, արդարանում իր անգործության համար: Ըստ նրա` ընդհակառակը, Ակադեմիան պետք է իր գիտական ներուժն օգտագործելով` սերտացներ գիտության տարբեր ճյուղերի համագործակցությունը հունգարական գործընկերների հետ, մանավանդ պատմության բնագավառում: «Նա տեղ է ազատում, որը կգրավեն ազերիները: Էլ չեմ ասում, որ նման պատասխանատու որոշում պետք է ընդունվեր ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի մակարդակով: Մնում է` Կոնսերվատորիան էլ բոյկոտի հունգարացի կոմպոզիտորների երկերի ուսուցանումը….»,- համացանցում նման կարծիք է հայտնել Վ. Թաթիկյանը:
Armscoop գիտական ցանցի համահիմնադիր-ադմինիստրատոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` գուցե ԳԱԱ քայլը տեղին էր, և բոլոր հնարավոր խողովակներով պետք էր ճնշում գործադրել մաքսիմալ արդյունքի հասնելու համար, սակայն մյուս կողմից էլ հնարավոր է, որ այս քայլը հետագայում լուրջ բացասական հետևանքներ թողնի հայ-հունգարական գիտական համագործակցության վրա, այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնել: Այնուամենայնիվ, հայտնի իրադարձությունները վերաբերում են բոլորիս, և բոլորս միահամուռ կերպով պետք է արտահայտենք մեր ցասումը և դատապարտենք միջազգային իրավունքի կոպտագույն այս խախտումը»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով` ակադեմիայի այդ որոշումը սխալ է, քանի որ անգամ ՀՀ նախագահի ելույթում խոսքը գնում էր պաշտոնական հարաբերությունների կասեցման մասին, իսկ Ակադեմիան պետական մարմին չէ: «Միգուցե նրանից է, որ մեր ակադեմիկոսներն իրենք իրենց ոչ թե գիտնական են համարում, այլ պետական պաշտոնյա՞»,- համացանցում գրել է Ա. Պապյանը:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն այս կապակցությամբ ասաց. «Ես վախենամ, որ այս քայլը թուլացնի մեր միջազգային գիտական համագործակցությունը, մասնավորապես անցյալ տասնամյակների ընթացքում` արդեն կայացած համագործակցությունների գծով, մի հանգամանք, որը շատ կարևոր է այսօվա մեր գիտությունը զարգացնելու համար»,- նշեց Արթուր Իշխանյանը:
Ի դեպ, որոշ գիտնականներ, թեև բացասական կարծիք ունեին այս հարցի վերաբերյալ, սակայն հրապարակավ չցանկացան կարծիք արտահայտել:
Հարցի շուրջ զրուցեցինք նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանի հետ։ «Մենք չենք խզել կապերը, մենք կասեցրել ենք հարաբերությունները, իսկ դրանք տարբեր բաներ են: Մենք հին կապեր ունենք Հունգարիայի Ակադեմիայի հետ, և վերջերս էլ խոսք էր գնում համատեղ պայմանագիրը թարմացնելու մասին: Եթե Հունգարիայի Ակադեմիան իր վերաբերմունքը ցույց կտա այդ ամեն ինչի նկատմամբ` մենք կվերանայենք այդ ամենը: Իհարկե, սրանով չեն ավարտվում գիտական կապերը, սակայն մենք մեր այս քայլով ցույց տվեցինք մեր վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ»,- ասաց Հ. Մաթևոսյանը` հարց ուղղելով. «Չե՞ք կարծում, որ հունգարական Ակադեմիան էլ իր խոսքը պետք է ասի: Այնքան ցցուն դեպք է և ահավոր, որ չեմ կարծում, թե քաղաքակիրթ պետությունն իրեն պետք է թույլ տար նման քայլ կատարելու: Մենք ուզում ենք լսել նաև հունգարական Ակադեմիայի կարծիքը այդ հարցերի մասին»։ Հ. Մաթևոսյանը կրկին նշեց, որ խոսքը հարաբերությունների ժամանակավոր կասեցման մասին է, ինչը, ըստ նրա` ընդունված ձևերից մեկն է, այսինքն` հարաբերությունները կասեցնում են, հետո կրկին հանում են այդ արգելքը և նորից հարաբերությունները շարունակում են:
Հարցին, թե Ակադեմիան որևէ երկրի ակադեմիայի հետ հարաբերությունները երբևէ կասեցրե՞լ է. Հ. Մաթևոսյանը պատասխանեց, որ սա առաջին դեպքն է: Արդյոք Ակադեմիան իրավունք ունե՞ր որոշում կայացնել` առանց ընդհանուր ժողով հրավիրելու: «Նախ, ժողովների արանքում նախագահությունն է որոշում Ակադեմիայի հետ կապված բոլոր հարցերը: Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ղեկավարությունն իրականացնում է նախագահությունը»,- ասաց Հ. Մաթևոսյանը: Իսկ ըստ կանոնադրության, առանց ժողով հրավիրելու` նախագահությունն իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու: «Այո, իհարկե»,- ասաց ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը: