Բաժիններ՝

Սկզբում պետք է մարդը գնա, հետո՝ թուղթը

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել բուհերում Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդման շուրջ։ Ներկայում այդ առարկաների դասավանդումը պարտադրվում է օրենքով։ Նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր նախագծով այդ առարկաների դասավանդման հարցը թողնված է բուհերին։ Այս փոփոխության հիմքում դրված է բուհերին ակադեմիական ազատություն տալու մտադրությունը։ Բանն այն է, որ բարձրագույն կրթության ոլորտում կա ակադեմիական ազատության սկզբունք, և դրա բաղադրիչներից մեկն էլ այն է, որ բուհերն իրենք որոշեն դասավանդվող առարկաների ցանկը։

Առաջին հայացքից այս որոշումը լավն է։ Բայց ցանկացած որոշում ընդունելիս կարևոր է հաշվի առնել, թե ինչ իրավիճակում է այն կայացվում և ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Կառավարման գործում համատեքստը շատ կարևոր է։ Համատեքստը հաշվի չառնող լավագույն որոշումները կարող են բերել վատ հետևանքների։ Փորձենք այս տեսանկյունից դիտարկել հարցը։ Եթե այս որոշումն ընդունվի, ապա տեղի է ունենալու հետևյալը։ Բազմաթիվ բուհեր, ֆակուլտետներ պարզապես հրաժարվելու են այս առարկաների դասավանդումից։ Բանն այն է, որ հատկապես վերջին տարիներին ուսանողների թվի նվազման, պետական ֆինանսավորվման չափազանց ցածր ցուցանիշի պատճառով բուհերում կրճատվում են դասախոսներ, նվազում է դասախոսների ծանրաբեռնվածությունը, և հետևաբար՝ աշխատավարձը։ Այս իրավիճակում կտրուկ լարվում են միջամբիոնային, միջֆակուլտետային հարաբերությունները։ Յուրաքանչյուր ամբիոն, ֆակուլտետ մտածում է իր դասախոսների ծանրաբեռնվածության մասին։

Ուժեղանում են «ակադեմիական էգոիզմի» դրսևորումները, քանի որ ընթանում է գոյության պայքար։ Այս համատեքստում շատ ֆակուլտետներ պարզապես հրաժարվելու են ընդհանուր զարգացածության առարկաների դասավանդումից, ինչն արել են տարիներ շարունակ։ Բնագետները հանել են հումանիտար առարկաները, հումանիտարները հանել են բնագիտականները։ Մինչդեռ կարելի էր միջդիսցիպլինար հետաքրքիր դասընթացներ ստեղծել և զերծ մնալ կրթությունը որպես նեղ մասնագիտական գործունեություն դիտելուց։ Հետևաբար՝ այն միտքը, որ այդ առարկաները չեն հանվում, թողնվում են բուհի հայեցողությանը, լիարժեք չեն ներկայացվում սպասվող զարգացումները։

Հնչում են կարծիքներ, որ այս առարկաների դասավանդումը պետք է կազմակերպվի դպրոցներում, այլ ոչ թե բուհերում։ Ընդհանուր առմամբ այս տեսակետը ճիշտ է։ Բայց կրթության մեջ կա սպիրալի սկզբունք, որի համաձայն՝ ցանկացած բան կարելի է կրթության տարբեր աստիճաններում սովորեցնել։ Եվ դա վատ չէ։ Հետևաբար՝ հարցն այն չէ, թե ինչու են բուհերում այս առարկաները սովորեցնում։ Գլխավոր հարցն այն է, թե ինչու 12 տարի դպրոցում սովորելուց հետո ուսանողների մեծ մասը վատ է տիրապետում հայերենին։ Այստեղ խնդիրն այն է, որ երեխաները, մեծերը չեն կարդում լուրջ գրականություն։ Պարզապես ֆեյսբուքյան ստատուսներ կամ նամակներ կարդալով՝ հնարավոր չէ լեզու սովորել։ Լեզու սովորելու գլխավոր նախապայմանն ընթերցանությունն է։ Այսօր աշխարհում կա մտահոգություն, որ մարդկությունը կարող է կորցնել «գիրք ընթերցող միտքը»՝ էկրանային մշակույթի տարածման արդյունքում։ Միջազգային վերջին կրթական ստուգատեսում արձանագրվել է մտահոգիչ մի իրողություն։ Աշակերտների գիտելիքների ամենամեծ անկումը եղել է ոչ թե Մաթեմատիկայի, Բնագիտության, այլ ընթերցանության ոլորտում։ Հետևաբար՝ ճիշտ չէ մեղքը դպրոցների ու դասագրքերի վրա գցելը։ Մեղքի իրենց բաժինն ունեն ընտանիքները, որտեղ ընթերցանության մշակույթ չկա։ Եվ, իհարկե, էլեկտրոնային մշակույթի մասսայականացումը դուրս է մղում տպագիր գրքի ընթերցանությունը։

Կարդացեք նաև

Այս համատեքստում բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների առկայությունը կամ բացակայությունն էապես չի ազդելու կրթության որակի վրա։ Այսինքն, եթե այս առարկաները հանվեն, ապա շատ բան չի փոխվելու։ Ու եթե այդպես է, ապա միգուցե դա չէ մեր բարձրագույն կրթության այս պահի կարևոր խնդիրը։ Մեզ պետք են այնպիսի քայլեր, որոնք իրավիճակ կփոխեն։

Այս առարկաների առկայությունը մեզ համար ունի սիմվոլի արժեք։ Փոքր ազգերի համար, որոնք գտնվում են պատերազմական վիճակում, մայրենի լեզվի և պատմության դերը մեծ է։ Այդ երկրները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն իրենց լեզուն, պատմությունը, մշակույթը պահպանելու և զարգացնելու համար։ Հայաստանում այդպիսի քայլ է դիտարկվել այդ առարկաները բուհերում  պարտադիր դասավանդելը։ Այսինքն՝ մարդկանց ազդանշան է տրվել, որ այս առարկաները կարևոր են։ Բայց հասկանալի է, որ սա ինքնին չի բերելու այդ առարկաների մասին գիտելիքների աճին։

Ընդհանրապես, եթե առարկաներով նայենք, այսօր ոչ մի առարկայի դասավանդումը նորմալ վիճակում չէ։ Շատերն ասում են, որ այս առարկաների փոխարեն՝ բուհերում կարելի է դասավանդել մասնագիտական առարկաներ։ Իսկ ո՞վ ասաց, որ այսօր դասավանդվող մասնագիտական առարկաները լավ արդյունք են ապահովում։ Չսովորող ուսանողը նույն ձևով չի սովորում նաև մասնագիտական առարկաները։ Կամ ո՞վ ասաց, որ մեր բուհերում դասավանդվող մասնագիտական առարկաները լավն են։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ դասախոսի դիսերտացիայի նեղ թեման դարձել է մասնագիտական առարկա։

Ցավոք, բուհերում այսօր ավելի շատ ընթանում է դասաժամերի կռիվ, քան լավ դասընթացներ ու դասախոսներ ունենալու պայքար։ Այս համատեքստում բուհերի ակադեմիական ազատության այս բաղադրիչն ընդլայնելով՝ նախարարությունը պարզապես նոր կռվախնձոր է տալու ամբիոններին և ֆակուլտետներին։ Ճիշտ կլիներ, եթե առաջին քայլով մենք հասնեինք բուհերի կառավարման ինքնավարության, հետո նոր՝ ակադեմիական ինքնավարության փոքրիկ բաղադրիչ համարվող այս երկու առարկաների հարցին։ Քայլերի հերթականությունը կարևոր է։ Եթե ուզում ենք, որ բուհերը լինեն ինքնավար, ինչո՞ւ առաջին քայլով չենք թողնում, որ աշխատողներն ինքնուրույն ընտրեն նաև բուհի ռեկտոր։ Ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում բուհերի խորհրդում ունենալ 50% ներկայություն, այն դեպքում, երբ բուհերին ֆինանսավորում է 5-15-ի չափով։

Վերջապես ամենակարևորի մասին։ Այս աղմուկն ուժեղ չէր լինի, եթե նախարարությունը, մինչև նախագիծն ուղարկելը, նախնական քննարկումներ անցկացներ բուհերի ղեկավարների, համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների դասախոսների, ուսանողների հետ։ Երբ մարդիկ թղթից են իմանում փոփոխության մասին, ավելի ագրեսիվ են արձագանքում։ Թղթից առաջ մարդիկ պիտի գնային բուհեր։ Նորից մնում եմ այն համոզմանը, որ մինչև իշխանությունները շահառուների և մասնագետների հետ շարունակական աշխատանք չտանեն, Հայաստանում էական փոփոխություններ չեն լինելու։ Կաբինետներում յուրայիններով քննարկումներ անելու պրակտիկան պետք է դադարեցվի։ Իրավիճակն այնպիսին է, որ լուծումներ կարելի է գտնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս