
ԱՄՆ հատուկ բանագնացը բեկում է կանխատեսում Գազայի խնդրի լուծման հարցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Գազայի հատվածի խնդրի բեկումնային լուծում:
«Մենք հույս ունենք, և ես նույնիսկ կասեի, թե վստահ ենք, որ առաջիկայում մենք կկարողանանք հայտարարել ինչ-որ բեկման մասին», – «Կոնկորդիա» գագաթնաժողովի ժամանակ ասել է Ուիթքոֆը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտոնատար անձանց հետ և նրանց է ներկայացրել 21 կետից բաղկացած կարգավորման պլան Գազայում պատերազմը դադարեցնելու և ՀԱՄԱՍ-ի տապալումից հետո կառավարություն ստեղծելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդել է Axios պորտալը, պլանն առաջացրել է հանդիպման մասնակիցների դրական արձագանքները։ Այն, ի թիվս այլ բաների, նախատեսում է մնացած բոլոր պատանդների ազատ արձակում, մշտական հրադադար և ողջ իսրայելական զորքի աստիճանական դուրսբերում անկլավից։
Հետպատերազմյան կարգը ենթադրում է Գազայի կառավարման մեխանիզմի ստեղծում՝ առանց ՀԱՄԱՍ-ի մասնակցության, անվտանգության ուժերի ձևավորում, որոնց կազմի մեջ կմտնեն պաղեստինցիներ, ինչպես նաև արաբական ու մուսուլմանական երկրներից զինվորականներ, այդ երկրների կողմից նոր վարչակազմի և հատվածի վերակառուցման ֆինանսավորում։
Axios-ի աղբյուրների համաձայն՝ արաբ առաջնորդները Թրամփին մի քանի պայմաններ են առաջադրել պլանին աջակցելու համար. Իսրայելը չի բռնակցի Արևմտյան ափի առանձին շրջաններ և չի օկուպացնի Գազայի հատվածի առանձին շրջաններ, կդադարի խաթարել Ալ Աքսա մզկիթի ստատուս քվոն, անկլավին ցուցաբերվող հումանիտար օգնությունն անհապաղ կավելանա։
Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և մի շարք այլ երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարեցին Պաղեստինը ճանաչելու մասին։