Բաժիններ՝

Լեհաստանը բացել է Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը բացելէ Բելառուսի հետ սահմանը և սկսել է թույլատրել տրանսպորտային միջոցների մուտքն իր տարածք: Այդ մասին հաղորդել է BelTA գործակալությունը: 

Սեպտեմբերի 24-ի առավոտյան Բելառուսի պետական ​​սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի սահմանապահ ծառայությունից ստացել է պաշտոնական ծանուցում սեպտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 01:00-ին (Երևանի ժամանակով 02:00-ին) սահմանի բացման մասին:

Բելառուսի պետական ​​մաքսային կոմիտեն ակտիվացրել է Լեհաստանի հետ սահմանի անցակետերում աշխատանքը՝ Վարշավայի կողմից սահմանային անցակետերի գործունեությունը  վերսկսելու որոշումից հետո:

Գերատեսչությունը մանրամասնել է, որ բելառուսական կողմն ավտոճանապարհային անցակետերում կսկսի դուրս եկող տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները՝ սկսած ժամը 23:00-ից, որպեսզի ապահովի դրանց արագ մեկնումը լեհական կողմում երթևեկության պաշտոնական բացումից հետո: Դա վերաբերում է նաև գնացքներին: 

Լեհաստանը Բելառուսի հետ գործող բոլոր սահմանային անցակետերը փակել է սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը:

Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 9-ին՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կողմից:

Նա մեկնաբանել էր, որ իր որոշումը պայմանավորված է բելառուսա-ռուսական «Զապադ-2025» զորավարժություններով, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 12-16-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս