«Վալոդյան իր հայրիկի իսկական շարունակությունն էր. կարծում եմ՝ սա ակնհայտ պատվիրված սպանություն է». Մեխակ Մխիթարյան

Սեպտեմբերի 23-ին, կեսգիշերին մոտ իր տան բակում սպանվել է խոշորացված Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Ըստ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության, կրակոցները հնչել են՝ ժամը 23։52-ին, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում։ Կրակոցների հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։

Վալոդյա Գրիգորյանի սպանության 2-րդ օրն է, սակայն մինչ այս պահը որևէ ձերբակալված անձ չկա։

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը և նրա ընկերը։ Եվս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Կարդացեք նաև

Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել էր Ն. Փաշինյանը։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը Վալոդյա Գրիգորանի հայրիկի հետ է աշխատել, նրա հայրը Մերձավանի գյուղապետն է եղել, ինքը՝ Արմավիրի մարզպետի տեղակալը։

«Պարկեշտ, հոյակապ անձնավորություն է Վալոդյայի հայրը՝ Լևոն Գրիգորյանը, Վալոդյան իր հայրիկի իսկական շարունակությունն էր։ Ինձ համար տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, որովհետև ես իմ եղբոր որդուն եմ կորցրել։

Նման միջադեպ իմ «գլխով» էլ է անցել։ Երբ 1989 թվականին Հոկտեմբերյանի Գործկոմի նախագահն էի, նույնպիսի հարձակում եղավ իմ տան վրա՝ ավտոմատներով։ Ինձ պարտադրում էին, որպեսզի ես այդ պաշտոնից հրաժարական տամ։

2 տղաններ էին եկել մեր տուն՝ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղ, որտեղ ես ապրում էի տարեց մայրիկիս, կնոջս ու 3 անչափահաս երեխաների հետ։ Ասում էին՝ «եթե հրաժարական չտաս, անմեղ երեխաների արյան մեղքը քեզ վրա է լինելու»։ Պահանջում էին, որ 24 ժամվա մեջ լինի իմ հրաժարականը։ Այս ամբողջ խոսակցությունը տեղի ունեցավ մեր պատշգամբի տակ, երբ ուզում էին հեռանալ, կինս դուրս եկավ, թե՝ ինչ է եղել, այդ պահին ավտոմատից կրակահերթ բացեցին մեր դարպասի վրա, դարպասը դարձավ ցանց, հետո կրակեցին պատուհաններին, ներսում երեխաներս էին։

Այս տարիներին իմ գործընկերներից սպանվեց Աշտարակի գյուղապետը, Աշտարակի Գործկոմի նախագահը՝ իր վարորդի հետ։ Ես ԳԽ պատգամավոր էի նաև այդ ժամանակ, գնացի Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ ու ասացի՝ հրաժարական եմ տալու։

Այս ամենը պատմում եմ, որ ասեմ՝ ինչի միջով եմ անցել ու, որպես փորձառու մարդ՝ կարծում եմ՝ սա ակհայտ պատվիրված սպանություն է՝ ուղղորդված է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեխակ Մխիթարյանը։

Ըստ ԳԽ նախկին պատգամավորի, ՀՀ օրվա իշխանությունները ցանկանում են ժողովրդի մեջ վախի մթնոլորտ տարածել, ուզում են նաև ցույց տալ, որ Էջմիածնի ընտրություններին էլ կարող են այնպես անել, ինչպես Փարաքարում։

«Էջմիածնում, վստահ եմ, որ ընդդիմությունը կհաղթի։ Այս քայլը դրանից առաջ արվել է, որպեսզի Էջմիածնում «զանգ» հնչեցնեն, թե տեսեք, եթե ընդդիմադիրը հաղթի չի աշխատելու։՝

Կա՛մ ձերբակալում են, կա՛մ էլ այսպես պետք է լինի։ Խիստ կասկածում եմ, որ այս հանցագործությունը կբացահայտվի, երևում է՝ պատվիրված սպանություն է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Մեխակ Մխիթարյանը նաև տարօրինակ է համարում, որ երկրորդ օրն է՝ այս սպանության համար որևէ ձերբակալված անձ չկա։

Հիշեցնենք, որ  Փարաքարում ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին, որին մասնակցում էին 4 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը: Ընտրությունների արդյունքում Փարաքարի բնակիչների մեծ մասն ընտրեց Վալոդյա Գրիգորյանին։

Տեսանյութեր

Լրահոս