«2 տարի է՝ դժոխքի մեջ եմ ապրում. Զարմանալի է՝ պայթյունից հետո ամուսնուս անձնագիրը և բանալիները գտնվել են, բայց ամուսինս չկա». Նաիրա Եղիյան

Երկու տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ Արցախում Ադրբեջանը բռնի տեղահանության էր ենթարկում արցախահայերին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ պայթյուն, որը խլեց 200-ից ավելի մարդու կյանք, մինչ օրս 22 մարդ համարվում է անհետ կորած, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, նրանց մի մասն օրեր անց մահացավ։

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 64-ամյա Նաիրա Եղիյանը 2 տարի հույսով սպասում է ամուսնուն, որը բենզինի պայթյունից հետո համարվում է անհետ կորած։

Մինչ այս պայթյունն ու Արցախի լիովին շրջափակումը, Ադրբեջանն Արցախը ենթարկել էր բլոկադայի՝ 9 ամիս շարունակ արցախահայերն արտաքին աշխարհից կտրված էին, Արցախի ներսում չկար սնունդ, պարենային ապրանքներ, այդ թվում՝ վառելիք։

Սեպտեմբերի 25-ին Արցախի իշխանությունները հայտարարել էին, որ բենզինի պահեստից բնակիչները կարող են բենզին վերցնել, որպեսզի կարողանան մեքենաներով դուրս գալ Արցախից. Այդ օրերին թշնամին արդեն Ստեփանակերտում էր, արցախահայերի դուրս գալն այլընտրանք չուներ։

Կարդացեք նաև

Նաիրա Եղիյանի ամուսինը՝ 64-ամյա Նիկոլայ Սաղիյանը, նույնպես գնացել է բենզինի պահեստ՝ բենզին վերցնելու, կնոջն էլ հորդորել. «Պատրաստ սպասիր, բենզինը վերցնեմ, գամ ու շարժվենք դեպի Հայաստան»։

«Այդ օրը ժամը 17։00-ի կողմերն ամուսինս այդ պահեստից զանգահարեց, ասաց, որ սպասում է բենզին ստանալուն, սա է եղել մեր վերջին խոսակցությունը։ Այնուհետև  պայթյունի ձայնը լսեցինք, հետո ասացին, որ պայթյունը բենզինի պահեստում է եղել»,- 168.am հետ զրույցում նշեց Նաիրա Եղիյանը։

Նրա խոսքով՝ պայթյունի վայրից հետո գտել են ամուսնու անձնագիրը. միայն անձնագրի կազմն է վառված եղել։ Մեքենան, որով ամուսինը հասել է բենզինի պահեստ, պայթյունից հետո անվնաս է մնացել։

Մինչև այսօր տիկին Նաիրայի համար հարցական է մնացել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ամուսնու անձնագիրը կա, մեքենայի բանալիները կան, բայց ամուսնուց ոչ մի լուր…

Տիկին Նաիրան երեխաներ չունի, ամուսնուց հետո Արցախում մնացել է միայնակ, տեղահանվող ընտանիքներից մեկի հետ է հասել Երևան, ապրում է ազգականներից մեկի տանը, ունի առողջական խնդիրներ, չի աշխատում։

«2 տարի է՝ դժոխքի մեջ եմ ապրում, միակ հույսս այն է, որ ամուսնուցս մի լավ լուր կլսեմ՝ հույսով սպասում եմ։ Զարմանալի է, ինչպե՞ս են բանալիներն ու անձնագիրը գտնվել, բայց ամուսինս չկա, չգիտեմ՝ ինչ մտածեմ»,- շեշտեց Նաիրա Եղիյանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների, ինչպես նաև դրան հաջորդած բենզինի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հարազատները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով Ալիևի հետ բանակցություններում բարձրացնել նաև անհետ կորածների հարցը և որևէ տեղեկատվություն փոխանցի իրենց։ Սակայն բողոքող անձանց Նիկոլ Փաշինյանը մշտապես ուղղորդել է կա՛մ Քննչական կոմիտե, կա՛մ ԱԱԾ։ Այս պահին անհետ կորած անձանց ծնողները միայն ժամանակ առ ժամանակ ԱԱԾ տնօրենի հետ են հանդիպում։

Բենզինի պահեստի պայթյունի պատճառների մասին մինչ օրս տարբեր վարկածներ են շրջանառվում, այդ վարկածներից մեկն այն է, որ մարդիկ խուճապահար ցուցաբերել են անզգուշություն, որի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ այստեղ ադրբեջանական հետք կա, Ադրբեջանն է արել, որպեսզի արցախահայերից որևէ մեկը հանկարծ չորոշի մնալ Արցախում։

Տեսանյութեր

Լրահոս