
Հայաստանում տրամաբանականը կլիներ ռուսական նախագծով էներգաբլոկ կառուցել. ՄԱԳԱՏԷ–ի փոխտնօրեն

putnik. Հայաստանի համար տրամաբանական կլիներ ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցելը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԳԱՏԷ–ի փոխտնօրեն, գործակալության միջուկային էներգիայի վարչության պետ Միխայիլ Չուդակովը՝ «World Atomic Week» միջազգային ֆորումի շրջանակներում։
«Հայաստանին ատոմակայան է անհրաժեշտ, և ամենատրամաբանականը կլիներ գոյություն ունեցողի փոխարեն ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցելը։ Սա լրիվ տրամաբանական է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տրամաբանությունը միշտ չէ, որ աշխատում է, և քաղաքական որոշումներն են գերակշռում», – ասել է Չուդակովը։
Որպես օրինակ նա բերել է Արևելյան Եվրոպայում ստեղծված իրավիճակը։
«Տեղադրվում են բացարձակ չփորձարկված էներգաբլոկներ, միայն թղթի վրա գոյություն ունեցող, ոչ հեղինակավոր։ Եվ չկան պիլոտային նախագծեր։ Սակայն դրանք գնվում են միայն թե ռուսական նախագիծը չվերցնեն, որը փորձարկված է, հուսալի, լավ է իրեն դրսևորում և լավ աշխատում», – բացատրել է Չուդակովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, եռակողմ փաստաթղթերի ստորագրումից հետո, Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ–ն պատրաստ է Հայաստանին փոխանցել մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան։
Նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրված մտադրությունների մասին հուշագրերից մեկը էներգետիկ համագործակցություն է նախատեսում երկու ուղղություններով՝ նորագույն միջուկային տեխնոլոգիաների ներդրում և ներդրումներ էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերում։
Միևնույն ժամանակ, 2023 թվականին «Ռոսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրեցին համաձայնագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ։ Կրկնակի երկարաձգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Այսօր Հայկական ԱԷԿ–ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի կարիքների մոտավորապես մեկ երրորդը։
Կառավարությունը նախատեսում է մինչև 2036 թվականը նոր էներգաբլոկ կառուցել, որը պետք է փոխարինի գործող հզորությունները։