«Զեկույցում անդրադարձ կա նաև Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկելու հարցերին». Արման Թաթոյան

«Վստահության բաղադրիչ ունեցող գործեր են առանձնացված, դրանք Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործերն են, մասնավորապես՝ 10 զոհերի հետ կապված։ Նախորդ տարիներին բոլոր պաշտպանները, ես ինքս էլ, քննադատել ենք, որ նախ՝ բավարար ինֆորմացիա չի տրամադրվում հանրությանը և բավարար միջոցներ չեն ձեռնարկվում այդ գործերի քննության բացահայտման ուղղությամբ»,- այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

Ըստ նրա՝ զեկույցում անդրադարձ կա նաև ՀՀ երկրորդ նախագահին ազատությունից զրկելու հարցերին, ինչպես նաև մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հարցերին՝ այնքանով, որքանով դրանք վերաբերում են ՄԻՊ-ին, որովհետև դրանց մի մասն արդեն դատարան են ուղարկվել։

Ա.Թաթոյանը նշեց, որ զեկույցում մեծ ուշադրություն է դարձվել լրագրողների աշխատանքի հարցերին, մի քանի սկզբունքային հարցեր է առաջ քաշել՝ պետական մարմինը պետք է լրագրողին վերաբերվի օրինավորության, բարեխղճության կանխավարկածով։

Ըստ նրա՝ այսօր դեռ պահպանվում է կարծրատիպը, որ լրագրողը խոչընդոտում է պետական մարմնի աշխատանքը, որը, սակայն, պետք է փոխել, և զուգահեռ պետք է զարգանա լրագրողի պրոֆեսիոնալիզմի աստիճանը, որովհետև դա կարևոր է համատեղ համագործակցությունն ապահովելու համար։ ՄԻՊ-ը վերլուծել է նաև ինֆորմացիայի ազատության հարցերը.

«2017-ի համեմատ՝ 2 անգամ աճել են բողոքները, որ պետական մարմինները պատշաճ չեն պատասխանում քաղաքացիների և լրագրողների հարցումներին, 2016-ի համեմատությամբ այդ բողոքների թիվն աճել է 3 անգամ»։

Տեսանյութեր

Լրահոս