Բաժիններ՝

«Ծնողներին հորդորում ենք՝ հետևել երեխաներին տրվող գումարի չափին». Ադիբեկյանը՝ թմրանյութերի օգտագործման մասին

«Այն, ինչ տեղի ունեցավ Ազատության հրապարակում, դա քարոզ էր: Ընդ որում, կազմակերպիչը, որ հետո բացահայտվեց, պատգամավոր Նիկոլայ Բաղդասասարյանի եղբայրն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ապրիլի 20-ին Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդների կողմից Մարիխուանայի միջազգային օրը նշելուն՝ ասաց Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Նահապետյանը:

«Սա պատահական դեպք չէ, մեր գնահատմամբ՝ կազմակերպված գործընթաց է՝ ոչ միայն թեթև թմրամիջոցների օրինականացման, այլ՝ դրա մի բաղադրիչը մարտի 20-ին e-draft կայքում Առողջապահության նախարարության կողմից ներկայացված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում լրացուցիչ 7-րդ կետ ներառելու վերաբերյալ օրենքի նախագիծն է: Այն արտառոց է այնքանով, որ գրվում է՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալում են ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ դեղերի գիտական, փորձագիտական, ուսումնական նպատակներով օգտագործում, իսկ մինչ այդ բժշկական և օպերատիվ հետախուզական նպատակներով էին օգտագործում: Նշվում է, որ սրանով կարող են զբաղվել ոչ միայն՝ իրավաբանական անձինք, այլև՝ անհատ ձեռներեցները: Այսինքն, մեր ժողովրդին նստեցնում են «թմրամիջոցի ասեղի վրա»,- հավելեց նա:

Նախաձեռնության մյուս ներկայացուցիչ Հայկ Այվազյանն էլ նշեց, որ մարիխուանայի օգտագործումն օրինականացված է ԱՄՆ մի շարք նահանգներում, և բացասական երևույթներ են արձանագրվել:

«2016 թվականի դրությամբ՝ ԱՄՆ-ում աճել է հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: 6-րդ դասարանի երեխաների շրջանում օգտագործման թիվն աճել է 144 տոկոսով, 7-րդ դասարանինը՝ 96 տոկոսով, 26-ից բարձր տարիք ունեցող անձանց շրջանում 71 տոկոս աճ է գրանցվել, իսկ 10-17 տարեկան երեխաների շրջանում՝ 34.83 տոկոս: Հիմա, փաստորեն, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները և իրենց բարեկամները զբաղվում են թմրանյութերի քարոզչությամբ»,- նշեց Հայկ Այվազյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նկատեց. «Ծխող ծնողների երեխան ավելի բթամիտ է, անգամ երեխան կարող է ծնվել շեղումներով: Ինչ վերաբերում է Հայստանին, ապա իմ մանկությունը պիոներ ճամբարներում շրջապատված է եղել կանեփի թփերով: Ներկայումս Հայաստանում Ոստիկանությունը տարեկան առգրավում է 25 տոննա կանեփ: Ծնողներին միշտ հորդորում ենք՝ հետևել երեխաներին տրվող գումարի չափին, որ այնքան չլինի՝ կարողանա ծխախոտ կամ թմրանյութ գնել»:

Սոցիոլոգը նաև հավելեց. «Հիմա մեզ առաջարկել են Հայաստանում արտադրել նվազ թմրաբաղադրություն ունեցող կանեփ՝ որպես կեր և կոսմետիկ միջոց: Սա վերահսկողության պայմաններում հնարավոր է անել: Եթե կարող է երկրին եկամուտ բերել, ինչո՞ւ մենք դա չանենք, օրինակ՝ Հոլանդիայում կանեփ վաճառենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս