Երևանի դեմ Բաքվի պատերազմը փոխում է ձևը, կամ՝ Փաշինյանի «փախուստը» Սարդարապատից
ՀՀ անկախության 35-րդ տարեդարձին նվիրված իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«…Անկախությունից միայն 30 տարի անց մենք առերեսվեցինք, որ ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունը, ինքնիշխանությունը կամ չեն կարող լինել, կամ չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության և ժամանակ առ ժամանակ բռնկվող պատերազմի պայմաններում։ ՀՀ անկախության 35-ամյակը նշում ենք խաղաղության միջավայրում, բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների և քույրերի կյանքի գնով»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ասածից կարելի է ենթադրել, որ հակամարտության պայմաններում չի կարելի լինել ժողովրդավար և ինքնիշխան: Վիճելի պնդում է և ոչ միանշանակ գնահատականի ենթակա:
Ի դեպ, Փաշինյանը տարբեր տարիներին ինքն է տարբեր կերպ ձևակերպել ժողովրդավարության և անվտանգության հարաբերությունը։ Եղել է ժամանակ, երբ նա հարցրել է՝ «արդյո՞ք ի վիճակի է ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն», իսկ 44-օրյա պատերազմից հետո արձանագրել, որ՝ «ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից»։
Հետագայում արդեն Փաշինյանը և ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փորձել են հիմնավորել ժողովրդավարությունը որպես անվտանգության գործոն, ապա շեշտադրումը տեղափոխվել է «լեգիտիմության» վրա։
Բայց պատերազմներ հաղթելու համար՝ թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ պայմաններում, միայն ժողովրդավարությունը կամ լեգիտիմությունը բավարար չեն։ Դրա վկան տարածաշրջանի վերջին տասնամյակների փորձն է. պատերազմական և խաղաղ պայմաններում պատերազմներ հաղթելու համար այլ գործոններ էլ են անհրաժեշտ՝ վկան Ադրբեջանն ու Թուրքիան և ոչ միայն։
Հիմա՝ խաղաղության մասին։
Պատերազմի բացակայությունը կամ խաղաղության հաստատումը միայն սահմանին կրակոցներ չլսելով չէ։
Եվ սա օրեր առաջ հաստատել էր հենց Փաշինյանը՝ հայտարարելով, որ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը «լրջագույն մարտահրավեր է և սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և հաստատված խաղաղության»։ Այսինքն՝ եթե այդ խոսույթը սպառնալիք է հաստատված խաղաղությանը, ապա խաղաղության հասկացությունն ինքնին չի կարող սահմանափակվել միայն ռազմական գործողությունների կամ սահմանին կրակոցների բացակայությամբ։
Ու վերոնշյալ գնահատականում Փաշինյանը չի սխալվում, և ոչ միայն նրանում, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ և հավակնում են ՀՀ տարածքների 60 տոկոսին, այլ, որ Ալիևի կողմից հովանավորվող «արևմտյան Ադրբեջան» ծրագիրը գործողությունների նոր փուլ է մտնում, ինչի մասին դեռ անցած տարի նախազգուշացրել էր Ադրբեջանի նախագահը՝ ասելով. «Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է հարգանքի համար»:
Այսօր արդեն տեղեկանում ենք, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» աշխատանքային խումբ է ձևավորել՝ Հայաստանի տարածքում՝ Սյունիքում, Վայոց ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող եկեղեցիների, տաճարների և վանքերի պատմությունը, ճարտարապետությունն ու արձանագրություններն ուսումնասիրելու համար։
Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի դեմ հակամարտությունը կարող է դրսևորվել ոչ միայն ռազմական, այլև իրավաքաղաքական և պատմաքաղաքական հարթություններում։
Ու այստեղ առաջանում է պարզ հարց. եթե մի կողմից՝ իշխանությունը հայտարարում է, որ պատերազմն ավարտված է և հաստատվել է խաղաղություն, իսկ մյուս կողմից՝ ինքն է արձանագրում խաղաղությանը սպառնացող քաղաքական ու պատմական գործընթացների առկայությունը, ապա ի՞նչ են հասկանում՝ խաղաղություն ասելով։
Ի դեպ, սա ակնհայտ էր Փաշինյանի համար դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, երբ ԱԽ նիստերից մեկում հայտարարել էր՝ «Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ՝ «արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը»:
Այսօր նա հայ հանրությանը փորձում է համոզել, որ «խաղաղության գիտակցությանը հասել են մեր հազարավոր եղբայրների և քույրերի կյանքի գնով», և կարող է փակել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի դուռը:
Մի կողմից՝ այս արտահայտությունը սովորական, մարդկային բան է թվում, մյուս կողմից՝ դրանում «հանցանք» ու «դաժան ցինիզմ» կա, եթե հաշվի ենք առնում 2022 թվականի ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից արված նրա հայտարարությունը՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»:
Ավելին, 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը խոստովանել էր, որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ֆոնին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունների օրերին կարող էր բանակցել և հանձնել բանակցային սեղանին դրված տարածքները:
«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, ե՞րբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»,- ասել էր նա:
Իսկ այդ պահին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնում էր պատժել Հայաստանին, և պահ է եղել, երբ թվացել է՝ Արցախում պատերազմը կսկսվի 2020 թ. ամռանը: Սա խոստովանել էր ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այլ հարց է, որ պատերազմից մեկ օր առաջ Փաշինյանը փորձում էր «սվաղել» հնարավոր պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցության փաստը:
Չմոռանանք նաև՝ թեև Փաշինյանի համար Թուրքիայի հնարավոր գործողությունների առումով շատ բան պարզ էր, տեսել էր նաև հուլիսյան մարտերի ազդեցությունն Ադրբեջանի ներքաղաքական կյանքում, բայց պատերազմից մեկ ամիս առաջ որոշեց Սարդարապատում կազմակերպել հուլիսյան մարտերի մասնակիցների պարգևատրման արարողություն:
Սարդարապատի թեման կարմիր գծով անցավ նաև 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում: Բայց արդեն պատերազմից 6 տարի հետո ՀՀ անկախությանը նվիրված տոնական միջոցառման ծրագրից վերջին պահին հանվում է «Սարդարապատ» երգը: Իսկ իշխանություններից հերքող որևէ հայտարարություն չի եղել:
Փաշինյանն ունի՞ սրան ոչ մանիպուլյատիվ բացատրություն: Որովհետև վերաարթնացման մասին պատմությունները համոզիչ չեն և չեն փարատում հիմնավոր կասկածները:
Այստեղ ուշադրություն հրավիրենք ևս մի դրվագի վրա. 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը շրջանառության մեջ դրեց «հայրենիքը պետությունն է» խայտառակ և վտանգավոր թեզը: Դրանք չի կարելի հակադրել իրար:
Հայրենիքը մարդու կամ հանրության պատմական, մշակութային և ինքնության հետ կապված պատկանելիության հասկացությունն է, այն ներառում է ոչ միայն տարածքը, այլև այդ տարածքի հետ կապված հիշողությունը, լեզուն, մշակույթը, պատմությունը և սերունդների կապը։ Պետությունը հասարակության քաղաքական կազմակերպման ձևն է, որն ունի որոշակի տարածք, բնակչություն, իշխանության համակարգ, իրավական կարգավորում և ինքնիշխանություն։ Այսինքն, հայրենիքը պատկանելիության հասկացություն է, իսկ պետությունը՝ քաղաքական կազմակերպման:
Եվ 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանը հենց վերջին մտքի տրամաբանության մեջ էր Սփյուռքում բնակվող հայերին կոչ անում գալ և մասնակցել պատերազմին, և շատերը եկան, անգամ՝ զոհեր եղան:
Հետո «հանկարծ» նա հասկացավ՝ հայրենիքը պետությունն է, և ոչինչ, որ Անկախության 35-րդ տարեդարձին միլիոններ տվեցին նրանց, որոնց հայրենիք-պետությունը Հայաստանը չէ՝ Միացյալ Նահանգներն էլ, և եթե հարցնես՝ Հայաստանը կհամարեն հայրենիք, որի հետ ինքնությունն է կապում, հիշողությունը: Փաշինյանն ինքը խախտում է իր իսկ սահմանածը: Ավելին, իշխանության ներկայացուցիչները վերջերս թիրախավորել էին գեներալ Նորատ-Տեր Գրիգորյանցին, որը հրաժարվել էր ՀՀ անձնագրից:
Ավելի ուշ բացատրել էր, որ դրան գնացել է, քանի որ գործող իշխանությունները քանդում են իր ստեղծած Հայաստան-Ռուսաստան անվտանգային համակարգը, եթե մնար ՀՀ քաղաքացի, կստացվեր՝ մասնակից է:
Իսկ հետո գեներալը շարունակել է՝ «Հայաստանն իմ հայրենիքը չէ», այլ՝ 1990-ականների սկզբին իրեն ՀՀ իշխանությունները հրավիրել են իր փորձով և գիտելիքով օգնել ստեղծել անվտանգային համակարգ, հայկական բանակ, ինչը և արել է, անգամ կառավարության անդամ եղել:
Գեներալի պատմական հայրենիքն Արևմտյան Հայաստանն է, որտեղից իր նախնիներն են, իսկ ինքը նաև ՌԴ քաղաքացի է, կյանքի մեծ մասն այնտեղ է ապրել:
Այսինքն, նրա պետություն-հայրենիքը Հայաստանը չէ, այս դեպքում ինչո՞ւ են իշխանության շրջանակներից նրան քննադատում: Եվ սա միակ նման դեպքը չէ, Արմեն Սարգսյանի դեպքը վկա և ոչ միայն: Եվ դեռ շատ նման դեպքերի ականատես ենք լինելու: Իսկ «հայրենիքը պետությունն է» քաղաքական-քարոզչական թեզն իր մեջ շատ այլ վտանգավոր «ստորջրյա քարեր» ունի, ինչն առանձին քննարկման թեմա է:

