Նոյեմբերի 25-ի սիմվոլիկան՝ Քարվաճառի անկրակոց հանձնումից մինչև պարտության սիմվոլի հեռացման անհետևողական պահանջ
Անկարելի է խաղաղություն ունենալ՝ առանց մեր հաղթանակի
Երկու տարի առաջ այս օրը՝ 2020-ի նոյեմբերի 25-ին, առանց կրակոցի Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառը:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձներ Քարվաճառի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, այնուհետև 10 օրով ժամկետը հետաձգվեց՝ ապահովելու համար այդ տարածքից քաղաքացիական բնակչության և զորքերի դուրսբերումը:
Անկարելի է խաղաղություն ունենալ՝ առանց մեր հաղթանակի
Իսկ նոյեմբերի 25-ը Ադրբեջանը պատահական չէր ընտրել. այդ օրը ծնվել է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, որը 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիայի ղեկավարներից էր (Մարտակերտի ճակատ), և որի խոսքն այսօր ավելի քան արդիական է՝ անկարելի է խաղաղություն ունենալ՝ առանց մեր հաղթանակի:
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Քարվաճառը կարևոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայաստանի և Արցախի միջև, զգալի կրճատվեց ճակատային գիծը, ապահով դարձավ Մարտակերտի թիկունքը. Մարտակերտի ազատագրումը հնարավոր չէր լինի՝ առանց Քարվաճառի վրա վերահսկողություն հաստատելու:
Քարվաճառի ազատագրումը վերացրեց ոչ միայն Մարտակերտի անվտանգությանը սպառնացող վտանգը, այլև Վարդենիսի, որտեղ մինչ այդ բնակչությունը սկսել էր հավաքել առաջին անհրաժեշտության իրերը և պատրաստվում էր տեղափոխվել Սևան: Սա մի քայլ էր, որի նախապատրաստական գործողությունները սկսվել էին դեռևս ձմռանը, և որը փոխեց նաև ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը` շահեկան դիրքում պահելով Արցախին:
Սոթքի հանքը կիսով չափ՝ մեր, կիսով չափ՝ ադրբեջանցիների տարածքում է. Տիրան Խաչատրյանի և Նիկոլ Փաշինյանի ներդաշնակ հայտարարությունը
Քարվաճառի անկրակոց հանձնումը, ըստ էության, դուռ բացեց թշնամու համար Գեղարքունիքի, Սոթքի ուղղությամբ առաջխաղացումների համար, վերջինը տեղի ունեցավ անմիջապես Քարվաճառի հանձնումից հետո, իսկ այդ ժամանակ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտարարեց՝ Սոթքի հանքը կիսով չափ՝ մեր, կիսով չափ՝ ադրբեջանցիների տարածքում է: Նիկոլ Փաշինյանն էլ պնդում էր՝ այդպես էլ պետք է լինի:
«Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով: Եվ ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է, և ուզենք-չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- 2020թ. նոյեմբերի 27-ի իր ուղերձում նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Սրանից մեկ օր առաջ մարզպետների հետ հանդիպմանն էլ նա ասել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում՝ վստահեցնելով, որ պատրաստ է մինչև վերջ կրել այս բեռը, որովհետև համոզված է՝ այդ վատ լուրերի այլընտրանքը ավելի վատը կարող է լինել:
Այն, ինչ չհաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, հաջողվեց Նիկոլ Փաշինյանին՝ Քարվաճառն Ադրբեջանի ձեռքում է
2 տարի անց վատ լուրերի շղթան չի ավարտվում: Ալիևը շարունակում է պահանջել Զանգեզուրի միջանցքը և Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Այսինքն, ըստ Ալիևի՝ Հայաստանը Արցախում ապրող հայերի հետ գործ չպետք է ունենա: Ավելին, Ալիևը գտնում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն միաժամանակ:
Քանի որ այսօր Քարվաճառի հանձման 2 տարին է, հիշեցնենք, որ անցած տարի «Ազատության» հետ զրույցում «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը նշել էր, որ մեծ շանսեր կան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հաջողության հասնելու համար, քանի որ «Ղարաբաղի շուրջ բոլոր տարածքների շարքում Ադրբեջանին է վերադարձվել նաև Քարվաճառը», որի ազատագրումը հայկական ուժերի կողմից պատճառ դարձավ, որ Թուրքիան 1993-ին միակողմանի փակի օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին:
2011-ին «Մոսկովսկիյե Նովոստի» թերթին տված հարցազրույցում, որը վերատպագրել էին ռուսական այլ հայտնի լրատվամիջոցներ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Թուրքիայի հետ ամեն ինչ շատ նորմալ էր ընթանում, և ՀՀ-ն պատրաստվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց Քարվաճառի ազատագրումը խաղաքարտերը խառնեց:
«Պատրաստ էր արձանագրության նախագիծը, մեկ-երկու հարց էր մնացել լուծելու: Եվ ահա սկսվեցին մարտեր Քելբաջարի շրջանում, թուրքերը կանգնեցրեցին այս գործընթացը՝ ի նշան սոլիդարության Ադրբեջանին: Նրանք փակեցին սահմանը»,- շարունակել էր նա:
Այո, Քարվաճառի ազատագրման գործողություններին առաջին կոշտ արձագանքը եղավ Թուրքիայից, բայց այս գործողությունները նաև Թեհրանի սրտով չէին:
Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքում նշվում է, որ «Թեհրանը պահանջեց, որ «հայկական զինված ուժերն ազատեն գրավված ադրբեջանական տարածքները», և, որ դեսպան Վահան Բայբուրդյանը Քելբաջարի լուրը ստանում է Իրանի ԱԳՆ-ում:
«Ղարաբաղյան ուժերը վերահսկողության տակ էին վերցրել Քելբաջարը, ամեն ինչ թարմ էր, ինձ դեռ չէին տեղեկացրել: Դիվանագիտական էթիկետի մեջ այսպիսի բան կա. եթե ծանր խոսքեր են ասելու, դեսպանին դիմավորում են խոժոռված դեմքեր: Ինձ դիմավորողների դեմքերից հասկացա, որ ինչ-որ բան է կատարվել: Ինձ ընդունեց արտգործնախարարի տեղակալներից Մալեքին: Քելբաջարի գրավման առիթով բանավոր բողոք ներկայացրեց,- դեսպանի խոսքերը փոխանցում է գրքի հեղինակը և շարունակում,- Իրանի կրոնապետ Այաթոլլա Ալի Խամենեին 1993թ. հուլիսի վերջերին այցելում է Թավրիզ և հայտարարում, որ Իրանն անտարբեր չի մնա ադրբեջանական տարածքների հանդեպ հետագա ոտնձգությունների նկատմամբ. «Հայաստանի կառավարությունը և Ղարաբաղի հայերը ճնշում են մահմեդականներին, և մենք դատապարտում ենք Ղարաբաղի հայերի վերջին գործողությունները, որոնք վայելում են Հայաստանի կառավարության օժանդակությունը»»:
ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինն իր հուշերում գրում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Անկարայից վերադառնալուց հետո, որտեղ մասնակցել էր Օզալի թաղմանը, հանդիպել է Դեմիրելի ու Էլչիբեյի հետ, արդեն Երևանում` Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար, ամփոփել է բանակցությունների էությունը:
«Բոլոր հարցերը լուծվում են համալիր` փաթեթով, ընդ որում, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն չեն հրաժարվում քննարկել Քելբաջարից ղարաբաղյան զորքերի դուրսբերումը, բայց այդ որոշումը հնարավոր է միայն այլ միջոցառումների հետ միասին՝ կրակի արդյունավետ դադարեցում՝ միջազգային վերահսկողության ներքո, ԼՂ բնակչության անվտանգության միջազգային երաշխիքներ, բոլոր շրջափակումների վերացում, բանակցություններում ԼՂ ներկայացուցիչների ինքնուրույն մասնակցություն»,- պատմում է Ստուպիշինը:
Ի դեպ, Թաթուլ Հակոբյանը «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքում գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Քրիստոֆերն ապրիլի 6-ին հայկական ուժերից պահանջել է «անհապաղ և ամբողջապես հեռանալ Քելբաջարի տարածքից»: Իսկ Մոսկվայի արձագանքը շատ ավելի զուսպ էր, բայց տպավորություն կար, որ Ռուսաստանը ևս ձգտում էր ղարաբաղյան ուժերի դուրսբերմանը Քելբաջարից:
Ըստ այդմ՝ ապրիլի 8-ին Ելցինը նամակով դիմում է Տեր-Պետրոսյանին և Էլչիբեյին` ղարաբաղյան կարգավորման միջնորդության առաջարկով:
«Ռուսաստանի նախագահի ապրիլի 8-ի նախաձեռնության հիմքով կողմերին առաջարկվում է «Անհետաձգելի միջոցառումների ժամանակացույց», որը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում 60 օրով: Ըստ այդ ժամանակացույցի` մինչև մայիսի 7-ը հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Քելբաջարից, մայիսի 12-ից կրակը դադարեցվեր 60 օրով, ապա Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի հովանավորությամբ Ժնևում անցկացվեին բանակցություններ, ավելի ուշ` բանակցությունները վերսկսվեին Մինսկի խմբի շրջանակներում»,- իր գրքում մանրամասնում է Թաթուլ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որի ամբողջական տարբերակը տրամադրել էր 168.am-ին:
Եվ ըստ այդ՝ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:
«Լիպարիտյանը շեշտեց, որ Տեր-Պետրոսյանի կառավարությունը մեծապես մտահոգված չէ տարածքների ձեռքբերման կամ կորստի համար. նրանք ավելի շատ նվիրված են մի շարք արժեքների, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և կյանքի որոշակի որակի ապահովումը։ Եթե Քելբաջարի պահպանումը ներկայիս Հայաստանի ազգաբնակչության գերագույն նպատակ դառնա (ինչպես որ այն արդեն դառնում է այդպիսին շատ հայերի համար, հատկապես՝ Սփյուռքի դաշնակցականների համար), ապա Տեր-Պետրոսյանը և իր կառավարությունը հրաժարական կտան, որովհետև նրանք չեն ցանկանում դրա մաս կազմել»,- նշված էր փաստաթղթում:
Ավելի ուշ Տեր-Պետրոսյանը սկսում է ճնշումներ գործադրել Արցախի վրա և համոզել հրաժարվել Քարվաճառից: Մասնավորապես, նման պահանջ Տեր-Պետրոսյանի կողմից ԼՂՀ ղեկավար կազմին առաջին անգամ ներկայացվել է 1993թ.-ի հունիսի 12-ին Գորիսում։
Լևոն Տեր-Պետրոսյանը պնդել էր, որ այդ հարցի կապակցությամբ Հայաստանի վրա մեծ ճնշում կա, և եթե Արցախի իշխանությունները հրաժարվեին Քարվաճառը հանձնելուց ու միջազգային միջնորդների առաջարկած խաղաղարար ծրագրից, ապա Ռուսաստանը կդադարեր հայկական կողմին զենք ու զինամթերք, ինչպես նաև այլ անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելուց։
Տեր-Պետրոսյանի խոսքերը, սակայն, արժանահավատ չեն թվացել Արցախի իշխանություններին, ինչի պատճառով էլ նրանք հրաժարվել են կատարել պաշտոնական Երևանի պահանջը։ Ուստի գորիսյան հանդիպումից երկու օր անց Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնում է Ստեփանակերտ՝ շարունակելու պնդել Քարվաճառի՝ ադրբեջանցիներին հանձնելու և միջնորդների խաղաղարարական ծրագրին համաձայնություն տալու անհրաժեշտությունը։
Անցած տարի համացանցում տարածվեց համապատասխան տեսանյութ, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախի իշխանություններին առաջարկում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջև, և, իբրև երաշխիք, որ ՀՀ-ն կկատարի այդ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր՝ որպես պատանդ 10 օր մնալ Ստեփանակերտում։
Փաստն այն է, որ Քարվաճառը՝ չնայած տարբեր միջազգային և ներքին ճնշումներին, չի հանձնվում ադրբեջանցիներին, քանի որ այն անվտանգային լուրջ նշանակություն ուներ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի համար:
Ի դեպ, մի առիթով Թաթուլ Հակոբյանը գրել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ չէր Անկարայի ներգրավմանը, թեև թուրքերն ակնհայտ ադրբեջանանպաստ կեցվածք էին որդեգրել: Հայաստանի առաջին նախագահն ակնկալում էր, որ Անկարային ներգրավելով՝ ավելի դյուրին կլինի մեղմել Թուրքիայի կողմնապաշտությունը: 5+1 ձևաչափով շփումների ընթացքում՝ 1993-ի մարտի 8-ին, Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հեռախոսազրույց ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ:
1993-ի հունվարի առաջին օրերին Մոսկվայում կայացած 5+1 ձևաչափով հանդիպման ընթացքում պատրաստվում էր ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր, սակայն Բաքուն անսպասելի հետ կանչեց իր պատվիրակին: Այսինքն՝ այս ամենը տեղի է ունեցել Քարվաճառի օպերացիայից առաջ:
«Որպեսզի փրկվի Արցախի երիտասարդ հանրապետության անկախությունը և պահպանվի երկրի շնչափող դարձած Լաչինի միջանցքը, հայկական ուժերը ստիպված եղան հանգցնել բոլոր այն կրակակետային պահոցները, որոնք տեղադրվել էին Քելբաջարում։ Լաչինի մարդասիրական միջանցքը միշտ էլ վտանգի տակ է եղել երկու՝ Քելբաջարի և Կուբաթլիի կողմից։ Առաջինի կրակակետերը մարեցին։ Իսկ Կուբաթլիից դեռ շարունակում են հրետակոծել։ Այնպես որ, Արցախը արտաքին աշխարհի հետ կապող հանգույցը դեռ այնքան էլ անվտանգ չէ։ Չգրված մի օրենքով նրանք միջազգային հասարակայնությունից, քաղաքական շրջանակներից հենարանի փոխարեն՝ մասնակի ցավակցություններ և մարդասիրական օգնություն են ստացել։ Դրանցով հնարավոր չէր պաշտպանվել հրետակոծումներից ու ռմբակոծումներից, թեթևացնել ծանր վիճակը։ Քելբաջարը ստեղծված այս անտանելի իրավիճակից դուրս գալու միակ ելքն էր։ Անհրաժեշտ էր պահպանել Լաչինի միջանցքը և Մարտակերտի շրջանի հյուսիսային պաշտպանական գծերը։ Անհրաժեշտ էր փակել Գյանջայի կողմից լեռնանցքով անցնող այն ճանապարհը, որով հզոր ուժեր՝ ռազմամթերք և կենդանի ուժեր էին տեղափոխվում Մարտակերտ և Լաչինի միջանցք։ Ճիշտ է, դա ձմռանը դժվարանցանելի ճանապարհ էր, բայց ձնհալից հետո բանուկ էր դարձել։ Հետևաբար, այդ հատվածը պետք էր վնասազերծել»,- 1993-ին գրել է Ցվետանա Պասկալևան:
2006-ին «Հետքին» տված հարցազրույցում Վազգեն Մանուկյանը պատմել էր.
«Իմ վարչապետությունից հետո, մինչև պաշտպանության նախարար նշանակվելը, մի փոքր ջոկատով գնացել էի Մարտակերտ, երբ Մարտակերտը գրավել էին ադրբեջանցիները: Ես ճանապարհին տեսա այն, ինչ պատմել էր պապս, կարդացել էի գրքերում. գաղթի ճանապարհ, անտառներով մեր ժողովուրդը փախչելով հեռացել էր, ծառերի վրա սավաններ, երեխաների խաղալիքներ, չթաղված դիակների հոտ… Ես հասկացա, որ հնարավոր չէ Մարտակերտը պահել, եթե անգամ հետ ես վերցնում, եթե Քելբաջարը քոնը չէ: Նույն կարծիքին էին Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանը: Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չէր ընկալում, թե ինչ իմաստ ունի Քելբաջարը վերցնելը: Բաբկեն Արարքցյանն ասում էր, որ դրա համար Հայաստանին որակելու են ագրեսոր»:
Փաստորեն, այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին, հաջողվեց Նիկոլ Փաշինյանին, 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում առանց կրակոցի հանձնեց Քարվաճառը:
Ինչ վերաբերում է պատերազմից հետո նոյեմբերի 25-ի մյուս իրադարձություններին, նշենք, որ 2020-ի այս օրը խորհրդարանում քննարկվում էր ռազմական դրության վերացման հարցը: ՀՀ ԶՈւ ԳՇ-ն դեմ չէր, որ ռազմական դրությունը վերացվի, սակայն իշխանության ներկայացուցիչները փորձում էին համոզել՝ դեռ ժամանակը չէ: Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, վախենում էր ներքաղաքական ինչ-ինչ զարգացումներից:
Այս ֆոնին մամուլում տեղեկություն էր տարածվել, թե այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական է տվել, ինչը ավելի ուշ ռազմական գերատեսչությունը հերքել էր:
Հնարավոր է՝ Օնիկ Գասպարյանը նման մտադրություն ունեցել է, և ներքին իրավիճակն էլ դրան է տարել, այնուհետ ինչ-ինչ պատճառներով մտափոխվել է, հաշվի առնելով դրանից օրեր առաջ Դավիթ Տոնոյանի հրաժարականը Պաշտպանության նախարարի պաշտոնից, որ ստեղծված իրավիճակը լիցքաթափվի:
Պարտության սիմվոլը պետք է հեռանա
Ի դեպ, 2 տարի առաջ՝ 2020-ի նոյեմբերի 25-ին ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը պահանջում էր, որ պարտության սիմվոլը՝ Նիկոլ Փաշինյանը հեռանա:
«Վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն: Երկրորդ՝ ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակ՝ փոխադարձ վստահելի: Գիտենք, որ վերջին 2 տարիներին մեր պետական մարմինները խզում են ունեցել ՌԴ պետական մարմինների հետ։ Այս առումով, կարծում ենք, շատ մեծ անելիք կա,- շեշտել էր Էդմոն Մարուքյանը և անդրադառնալով եռակողմ հայտարարությանը՝ հավելել,- Այս փաստաթուղթը եթե մնա այնպես, ինչպես կա, կայունություն չի կարող ապահովել։ Այն հիմա ուղղակի հրադադար է ապահովել, ինչը, այո, շատ լավ է, բայց երկարատև խաղաղության համար նոր համաձայնագիր պետք է ստորագրվի, որը մինչև ստորագրվելը պետք է բանակցվի։ Իսկ պարտության սիմվոլ վարչապետը, որն այլևս Ալիևի հետ չի կարող հանդիպել, որևէ ձևով չի կարող հետամուտ լինել նման փաստաթուղթ ունենալուն»:
Ի դեպ, դեռ երկու տարի առաջ նույն Էդմոն Մարուքյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը համարում էր կապիտուլյացիա:
Այսօր պարտության սիմվոլը ոչ միայն չի հեռացել, այլև երբեմնի ընդդիմադիր Էդմոն Մարուքյանն այդ պարտության սիմվոլի՝ Նիկոլ Փաշինյանի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան է աշխատում, ավելին, Նիկոլ Փաշինյանի գործունեությանը նույն բառապաշարով գնահատականներ հնչեցնող ընդդիմախոսների շրջանում Ադրբեջանի գործակալներ է փնտրում:
2020-ի սեպտեմբերի 26-ին Փաշինյանի ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում, մասնավորապես, նշվում էր.
«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիևի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը…
Շարունակությունն արդեն սովորական է։ Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։ Սկսենք «վերելակային պայմանավորվածություններից»։
Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը։ Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:
Նախկինում ընդդիմադիր Էդմոն Մարուքյանին առաջիկայում դեռ կանդրադառնանք, իսկ այսօր ևս մեկ անգամ պիտի արձանագրենք, որ Քարվաճառի կորստի պատճառը գուցե այն էր նաև, որ այն դիմադրությունը, որը կար Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ, չկար 2020-ին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ոչ ընդդիմության, ոչ էլ զինվորականության կողմից: Եվ ամենակարևորը՝ Արցախի ղեկավարությունը ներդաշնակ գործում էր Փաշինյանի հետ: Գուցե: Եթե ավելի կոնկրետ՝ ճի՛շտ այդպես: