Որևէ բնագիր, ձեռագիր, հնատիպ գիրք և արխիվային փաստաթուղթ Արցախում չենք թողել, ոչինչ չկա այնտեղ մնացած. Մատենադարանի տնօրեն
Արցախում ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման հետևանքով ոչ միայն տարածքային և մարդկային կորուստներ ենք ունեցել, այլև հոգևոր և մշակութային արժեքների:
Ըստ այդմ ՝ հետաքրքիր է, թե ինչ ճակատագրի են արժանացել Գանձասարի վանքի հարակից տարածքում տեղակայված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրված նյութերը:
Ժամանակին, տարբեր տեղեկությունների համաձայն, Մատենադարանի արցախյան մասնաճյուղում ցուցադրվել են Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյանները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնօրինակները և ընդօրինակությունները, հնատիպ գրքերը, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքեր և եկեղեցիներ այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրերը:
168.am-ը կապ է հաստատել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ՝ փորձելով այս առնչությամբ հստակ պարզաբանում ստանալ:
«Որևէ բնօրինակ, որևէ բնագիր, բնօրինակ ձեռագիր մատյան կամ արխիվային փաստաթուղթ Գանձասարում չի մնացել: Եթե այնտեղ ժամանակին եղել են հատուկենտ բնագիր փաստաթղթեր, ապա 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են մայր կառույց: Եվ այնուհետև այնտեղ ցուցադրվել են կրկնօրինակներ: Այսինքն, դրանք այն կրկնօրինակված ձեռագրերն են, որտեղ Մատենադարանի կրկնօրինակման բաժնի աշխատակիցները 2 էջի վրա բացվածքով նկարել են ձեռագրի այս կամ այն էջի պատկերը, և այսպես ցուցադրվել է՝ որպես բնօրինակ: Բայց դրանք ընդամենը մակետներ են եղել, որոնք պատրաստել են մեր աշխատակիցները: Բայց մենք որևէ բնագիր, ձեռագիր, հնատիպ գիրք և արխիվային փաստաթուղթ Արցախում չենք թողել, ոչինչ չկա այնտեղ մնացած»,- նշեց Արա Խզմալյանը: