Քաղաքական մրցակցությունը՝ ավելի ու ավելի քիչ, ավտորիտարիզմը՝ ավելի ու ավելի շատ. ՀՀ անկախությունն՝ առանց պատրանքների. Մարկեդոնով

«Անկախություն առանց պատրանքների. Հայաստանի երեսնահինգամյա փորձը» վերտառությամբ գրառմամբ ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության 35-ամյա անկախությանը։

Նա նշել է, որ սեպտեմբերի 21-ին՝ 35 տարի առաջ, տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեն։ «Ընտրողների 99,5%-ը (95% մասնակցության պայմաններում) քվեարկեց հանրապետության ազգային-պետական ինքնավարության օգտին։ Այս արդյունքներին հասել էին իրական կամարտահայտության միջոցով, այլ ոչ թե զանազան «պտույտների», «կարուսելների», քվեաթերթիկների լցոնումների և ժողովրդական կարծիքի ուղղման այլ «կրեատիվ տեխնոլոգիաների»։ Առաջ անցնելով՝ նշենք, որ հետագա տարիներին հայաստանյան հասարակությունն ու քաղաքական դաշտն անընդհատ բաժանվելու են ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցերի շուրջ։

Սակայն 1991 թվականի սեպտեմբերին նրանք միասնական էին։ Հայկական ԽՍՀ-ի («երկրորդ հանրապետության») պատմությանը վերջակետ դրվեց։ Բացվում էին նոր էջեր։ Բայց դրանցից բոլորը չէ, որ լուսավոր էին լինելու։ Եվ եթե խոսենք անկախության առաջին տարիների մասին, ապա ոչ միայն փոխաբերական, այլև բառացի իմաստով։ Նա նշելէ, որ Հայաստանը դարձավ միակ միութենական հանրապետությունը, որը հետևողականորեն նախաձեռնեց ԽՍՀՄ-ից դուրս գալը՝ 1990 թվականի ապրիլի 3-ի խորհրդային օրենքով սահմանված ընթացակարգով։

«Հանրապետության Գերագույն խորհուրդը նախապես նշանակեց հանրաքվե և պահպանեց ձևականորեն սահմանված վեցամսյա ժամկետը։ Անհնար էր մինչև վերջ ավարտել այդ օրենքով նախատեսված ընթացակարգը. հենց Խորհրդային Միությունը դադարեցրեց գոյություն ունենալ՝ որպես «միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրականություն»։

Կարդացեք նաև

Ի տարբերություն Մերձբալթյան հանրապետությունների կամ Վրաստանի, որոնք «խորհրդային կայսրության» դեմ պայքարի կարգախոսներ էին բարձրացրել, հայկական ազգային ձգտումները խորհրդային շրջանի վերջում զարգանում էին առաջին հերթին որպես պայքար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայրենակիցների իրավունքների համար։ Հակակոմունիզմն ու «հակաիմպերիալիզմն» ավելացան ավելի ուշ փուլում և վերացվեցին «անխախտ Միության» փլուզումից գրեթե անմիջապես հետո։ Հայաստանը փաստացի դարձավ միակ հետխորհրդային պետությունը, որը հստակորեն տարանջատեց ՌԴ-ն ԽՍՀՄ ժառանգությունից։ Ի տարբերություն հարևան Վրաստանի և Ադրբեջանի՝ Հայաստանը չվերականգնեց իրավահաջորդությունը առաջին հանրապետությունների հետ, այլ Հայկական ԽՍՀ-ն ներառեց իր ազգային նարատիվի մեջ»,- նշել է Մարկեդոնովը։

Նա գրել է, որ հետխորհրդային ոչ մի պետություն այնքան արմատականորեն չէր խզել կապն իր ինքնության ժառանգության հետ, որքան Հայաստանը։

Ըստ նրա, ՀՀ-ն արթնացել և ծնվել էր «միացումով» (Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի միասնությամբ, ինչը միանշանակորեն ամրագրված էր 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով)։

«Բայց այսօր «ղարաբաղյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ հենց Հայաստանում է գրեթե արգելված, ճանաչված որպես վտանգավոր և հակապետական։ Ռազմական աղետալի պարտության և հանուն խաղաղության պայքարի գինը՝ punishment for peace (պատիժ խաղաղության համար): Բոլոր զուգահեռները, անշուշտ, պայմանական են։ Բայց պատկերացրեք, եթե մերձբալթցիներն հանկարծ վաղը հրաժարվեին «1940 թվականի օկուպացիայի» հետևանքների դեմ պայքարից, Ուկրաինան և Վրաստանը՝ «տարածքային ամբողջականությունից», Ադրբեջանը՝ «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարից, Մոլդովայի կառավարությունն իր ծրագրում արգելեր որպես հակապետական գաղափար «մեծ ունիոնիզմը» (Մեծ Մոլդովա), իսկ Ռուսաստանը հրաժարվեր ԽՍՀՄ-ի իրավահաջորդությունից։ Պատկերացրի՞ք։ Այդ դեպքում դժվար չէ պատկերացնել «ապաղարաբաղականացման» մասշտաբները»,- մեկնաբանել է Մարկեդոնովը։

Նրա կարծիքով, առաջին հայացքից Հայաստանը ցույց է տվել ժողովրդավարական համակարգ ունեցող երկրի օրինակ։

«35 տարվա ընթացքում հանրապետությունը երեք անգամ փոխել է կառավարման ձևը, ընտրություններն այնտեղ վերածվել են սովորական առօրյայի, կուսակցությունների քանակից աչքերը շլանում են, իսկ բարձրագույն և տեղական իշխանությունները բազմիցս փոխվել են։ Բայց սա մեդալի միայն մի կողմն է։ Մյուս կողմում՝ գրեթե պարբերաբար վիճարկվող ընտրություններն են, որոնք բազմիցս ուղեկցվել են զանգվածային բողոքի ակցիաներով, արտակարգ դրության ռեժիմներով և նույնիսկ բախումներով։ Իշխանության լեգիտիմության քրոնիկական խնդիր կա, իսկ վերջին տարիներին նաև պետության նախկին առաջնորդների չհետապնդման ոչ գլխավոր տաբուի խախտում։ Եվ ընդդիմախոսների դեմ վարչական ճնշման ուժեղացումը։

Սթիվեն Լևիցկին և Լուկան Ուեյն այսպիսի համակարգը բնութագրում են որպես «մրցակցային ավտորիտարիզմ», իսկ Անդրեաս Շեդլերը՝ որպես «ընտրական ավտորիտարիզմ»։ Եվ ներկայիս միտումների պարագայում մրցակցությունը դառնում է ավելի ու ավելի քիչ, իսկ ավտորիտարիզմը՝ ավելի ու ավելի շատ»,- կարծում է կովկասագետը։

Նրա խոսքով, այսօր՝ 35 տարի անց, Հայաստանը կրկին խաչմերուկում է։

«Ինչպես և 1991 թվականին, պարզ է, որ վերադարձը հնին անհնար է, բայց նորն իր մեջ շատ ռիսկեր, վտանգներ ու անկանխատեսելիություն է պարունակում։ Առանցքային հարցն այստեղ հետևյալն է. ինչպես շարժվել առաջ՝ խուսափելով պատրանքներից, փաստերը տարանջատելով գերագնահատված սպասումներից, երազանքները՝ «երազանքախառն մտքերից»»,- այսպես է եզրափակել իր անդրադարձը Մարկեդոնովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930