Ալիևը «Գյանջայի դեպքերով» Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ պայքարը չի դադարեցնելու. Փաշինյանը սեփական աթոռը պահելու աջակցություն է խնդրում

2020 թվականի 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսույթին՝ ասելով, թե այն դուրս է բանակցային պայմանավորվածություններից:

Իսկ իրականում այն «ռազմավարական գործարք էր հիշեցնում»՝ սեփական իշխանությունը պահելու շուրջ, ինչի առաջարկն ավելի վաղ էր արել:

«2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե` նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը, և երկրում հաստատված իրավակարգն օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն` ժողովրդի հետ, Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ու ժողովրդակենտրոն»,- շեշտել է Փաշինյանը:

Գաղտնիք չէ, որ որպես խաղաղության վերջնական պայմանագիր կնքելու նախապայման՝ Ադրբեջանն առաջ է քաշում ՀՀ նոր սահմանադրության ընդունումը, որն իրենց իրավական ապահովություն է տալու: Եվ հիմա Փաշինյանն ասում է՝ «օգնեք ընտրվեմ», որպեսզի այդ պահանջի կատարումը հասցնենք վերջնագծին:

Կարդացեք նաև

Իսկ մինչ այդ, Փաշինյանին պետք է, որպեսզի Ալիևն իր խոսույթով չխանգարի իր նախընտրական քարոզարշավին և առաջիկա ընտրություններում հաղթելուն՝ խաղաղություն հաստատելու «փխրուն» խոստման ներքո:

«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա: Եվ Հայաստան-Ադրբեջան փաստաթղթերում երբեք չի եղել: Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի՝ ինչ իմաստ ունի այդ արտահայտությունն օգտագործել, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է՝ որպես տարածքային պահանջ Հայաստանից, և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- նշել է Փաշինյանը՝ շեշտելով, որ օգոստոսի 8-ի փաստաթղթերում հստակ բովանդակություն և խոսույթ են համաձայնեցրել:

Այս համատեքստում Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի կապիտուլյացիայի մասին։

«Ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը: Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում, ինձ, օրինակ, պատճառում է»,- շարունակել է Փաշինյանը:

Նշենք, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ օր հետո՝ փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան»,- ասել էր նա:

Արդեն մարտին Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվելու 2021 թվականի հունիսի 20-ին:

Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական ուժը հաղթեց այս ընտրություններում, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան դրան արձագանքել էր՝ «հաղթել է Ադրբեջանը և հայկական գյուղը»:

Իսկ այս տարի ԵՊՀ-ում պարզաբանել էր. 

«2021-ին գնացինք արտահերթ ընտրությունների, որովհետև ես զգում էի, որ պատերազմից հետո այդ լեգիտիմությունն առնվազն հարցականի տակ է դրված, և ես չեմ կարող շարունակել լինել վարչապետ, եթե համոզված չլինեմ, որ ժողովուրդը դա թույլ է տալիս: Եվ հենց այդ լեգիտիմությունը լուծելու համար է, որ մենք գնացել ենք ընտրությունների»:

Այսօր Փաշինյանի առաջ նույն խնդիրն է ծառացած, և պետք է 2026-ին հաղթի, որպեսզի հերթական անգամ լեգիտիմություն ձեռք բերի, օրինակ, սահմանադրական հանրաքվե անելու համար և ոչ միայն:

Ի դեպ, Փաշինյանը վերջերս խոստովանել էր՝  «եթե Հայաստանը և Ադրբեջանն իրար վստահեին, որևէ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն պարզապես չէր լինի»:

Այսինքն, նախևառաջ Ադրբեջանը փորձել է գրավոր խոստում կորզել Հայաստանից՝ որպես ապացույց, թե չէ Ալիևի համար, ինչպես տեսնում ենք, գրավոր արձանագրումները դեր չեն խաղում, եթե պետք է, այլ խոսույթ է կիրառում:

Քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ «նախընտրական կամ ընտրական» աջակցության մասին նշեցինք, հավելենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Ալիևը որոշակի գաղտնազերծում էր արել.

«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»:

Այսպիսով Ալիևը, ըստ էության, հաստատել էր Փաշինյանի հետ Արցախի հարցի շուրջ վերելակային պայմանավորվածությունը:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական չհրապարակված հարցազրույցի անոնսային հատվածում վստահեցնում է, որ Ալիևն է իրեն խնդրել՝ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը չփոթորկել, բայց ոչ կոնֆիդենցիալ տեղեկություն չի բացել՝ ինչպես դա պիտի արվեր:

Վերադառնալով ՄԱԿ-ի ելույթին, արձանագրենք, որ Փաշինյանին հետաքրքրում էր միայն Ալիևի այն հայտարարությունների «սառեցումը», որը վնասում է իր իշխանության վերարտադրությանը:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահը նույն ժամանակ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ շատ ավելի վտանգավոր հայտարարություններ է արել ու անում, ինչին ՄԱԿ-ի ամբիոնից ոչ մի անդրադարձ չարեց Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով, որ նախ պետք է ներկայացներ Հայաստանի Հանրապետությունը և պաշտպաներ երկրի շահը, ոչ թե իր անձը:

168.amգրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը «Եռաբլուր» չի այցելել:

Իսկ Ալիևն իրենց շեհիդների հիշատակը հարգելու համար այցելել էր 44-օրյայից հետո կառուցված Գյանջայի հուշահամալիր, որի նպատակն է՝ հիշեցնել «Գյանջայի դեպքերի» և «ՀՀ զինված ուժերի հրթիռային հարվածների մասին Հայաստանի տարածքից»:

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ էին հայտնել, որ Ադրբեջանի նախագահը Գյանջայի հուշահամալիրում հանդիպել է փոքրիկ Նիլա Ալիևային և նրա պապիկին, ում ծնողներն իբր «սպանվել են Հայաստանի տարածքից հրթիռային հարվածից»:

Ավելի ուշ ադրբեջանական «Ազերթաջը» նույնիսկ հարցազրույց է արել աղջկա հետ:

Ադրբեջանական քարոզչամեքենան այս համատեքստում հերթական անգամ պնդել է, որ «ՀՀ զինված ուժերը 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին հարվածներ են հասցրել առաջնագծից 80 կմ հեռավորության վրա գտնվող Գյանջայի ուղղությամբ՝ «Տոչկա-Ու», «Սմերչ», «Սկադ» հրթիռային համալիրներից, որից 26 մարդ՝ մահացել, 146-ը վիրավորվել է»:

Ըստ այդմ, ըստ ալիևյան ռեժիմի, պատերազմից հետո կառուցված Գյանջայի հուշահամալիրը ոչ միայն հուշարձան է, այլ նաև միջազգային հանրությանն ուղղված կոչ՝ «Հայաստանի հրթիռային հարվածները խաղաղ բնակչության ուղղությամբ Ժնևյան կոնվենցիայի և մարդկային հիմնարար արժեքների խախտում են»:

Հիշեցնենք, որ այս հարցը Բաքվի «դատավարության» օրակարգում է, և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից և դատարան գործուղված «տուժողներից» ցուցմունքներ են կորզվել և կորզվում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի:

Նշենք, որ ավելի վաղ Ալիևը պահանջել էր հետաքննել «Գյանջայի դեպքերը», պատասխանատվության ենթարկել մեղավորներին, և անգամ ակնարկ էր եղել փոխհատուցման մասին: Իսկ Բաքվի «դատավարության» ժամանակ Բաքուն այս դեպքերի համար մեղավոր է դեռևս համարում ՀՀ զինված ուժերին, և անգամ անուններ են «կորզվել» և հնչել:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այս հարցում անհրաժեշտության դեպքում ևս «կհամագործակցի» Ալիևի հետ՝ իր իշխանության շարունակականության ապահովման դիմաց, քանի որ Ալիևի համար «Գյանջայի դեպքերի», «Խոջալուի ցեղասպանության» (44-օրյայից հետո նախաձեռնվել է նաև «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրի կառուցում, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են) թեմաները փակված չեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930