Դավիթ Մանուկյանի՝ Փաշինյանին նետած «ձեռնոցն» ու մեսիջները. Ի՞նչ դրվագներում է նրան փրկել Բաքվի «դատավարության» ժամանակ, ինչի համար է նա պատասխանատու

ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հրապարակային դիրքորոշում հայտնել իրենց վերագրվող մեղադրանքների առնչությամբ:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմին:

«Ադրբեջանի Քր. օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածներով մեզ մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի սեպտեմբերին «ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու և սանձազերծելու կամ վարելու» ձևակերպումով՝ չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին և փաստերին։ Ավելին, այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում: Բայցևայնպես, Դուք եք եղել այդ ժամանակ ՀՀ վարչապետը և գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսում է հենց այդ օղակից: Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային դիրքորոշում ներկայացնել, չարձագանքելու դեպքում կնշանակի՝ համաձայն եք կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն Ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»,- Բաքվից փոխանցված ձայնագրության մեջ նշում է գեներալը:

Պատերազմից հետո մենք բազմիցս գրել ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ, ՀՀ-ում ռազմական դրություն էր հայտարարվել։

Կարդացեք նաև

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում սահմանվում է նման որոշման իրավական հիմք ծառայող հանգամանքները և ՀՀ կառավարության լիազորությունները, կառավարության և ոչ թե՝ վարչապետի: Այսինքն, ռազմական դրությունը Նիկոլ Փաշինյանին գերագույն հրամանատարի լիազորություններ չի վերապահում:

Ըստ այդմ՝ մեկ այլ հոդվածում հարցադրում ենք արել՝ Փաշինյանն ի՞նչ կարգավիճակով է Շուշին հակագրոհով հետ վերցնելու հրաման տվել, կամ՝ Արցախի 7-րդ պաշտպանական շրջանի հետ կապված պատերազմի ընթացքում ի՞նչ կարգավիճակով և իրավունքով է միանձնյա որոշում կայացրել՝ անկախ դրա լավ և վատ լինելուց:

Ամեն դեպքում, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ դե ֆակտո իրեն վերապահել է գերագույն հրամանատարի լիազորություններ, իսկ պատերազմը պետությունն է վարում:

Եվ Դավիթ Մանուկյանը, ըստ էության, ոչ միայն Փաշինյանին հիշեցրել է բուն պատերազմական ժամանակաշրջանը և այդ ժամանակ նրա պատասխանատվությունը, այլև՝ նախապատերազմական, և հստակ պատասխան պահանջել՝ համաձա՞յն է այն պնդման հետ, որ 44-օրյա պատերազմը հայկական կողմն է սանձազերծել՝ իր իսկ գլխավորությամբ, որովհետև ՊԲ հրամանատարի տեղակալը դժվար թե կարողանար պատերազմ սանձազերծել, այդ մակարդակի «լիազորություն» չուներ:

Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանինմեղադրել էր պայմանավորվածություն խախտելու մեջ:

«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե՝ ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե, թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»,-2020 թվականի հոկտեմբերի սկզբին հայտարարել էր Ալիևն՝ ակնարկելով վերելակային բանակցության մասին:

Իհարկե, Փաշինյանն իր հերթին՝ պնդել էր, թե հենց Ալիևն է իրեն խնդրել Ադրբեջանի ներքին իրավիճակը չվտանգել, երևի դրա համար էլ ձեռքի տակ ունեցած կոնֆիդենցիալ տեղեկությունները չօգտագործեց Ալիևի դեմ, թեպետ այստեղ այլ պայմանավորվածության  խախտման մասին է: Եվ այստեղ, ըստ էության, Ալիևը պատերազմի պատասխանատվությունը դնում է Փաշինյանի վրա, եթե անգամ այլ առիթներով և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան բաց տեքստով ընդունել են, որ պատերազմն իրենք են սկսել՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ճիշտ ընտրված ժամանակ էր:

Մասնավորապես, 44-օրյա պատերազմից հետո 2021 թվականին «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված զրույցում Ալիևը որոշ փակագծեր էր բացել՝ նշելով.

«Ես ամեն օր Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության, Արտաքին հետախուզական ծառայության, Պետական սահմանապահ ծառայության, Արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ խորհրդակցություն եմ անցկացրել: Այդ խորհրդակցությունների ժամանակ մենք նախորդ օրվա արդյունքներն ենք ամփոփել, վեր հանել թերությունները, ինչպես նաև՝ հաստատել հաջորդ օրվա պլանը: Այսինքն, շատ ակտիվ ամենօրյա աշխատանք է տարվել, և հակառակորդի համար մեր գործողություններն ու օպերացիաներն անակնկալ էին, որոնք այսօր շատ դեպքերում արդեն հայտնի են»:

Նա նաև հայտնել էր, որ 44-օրյայի ընթացքում ռազմական օպերացիաներում փոփոխություններ և շտկումներ են մտցրել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ «հակառակորդը կարող է տեղեկություն ունենալ իրենց մտադրությունների մասին», ինչի մասին մենք տարբեր օպերացիաների մասով գրել ենք՝ Լաչինի, Շուշիի գրավման:

Իսկ 2025 թվականին նման մի խոստովանություն էլ արել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ասելով. «Ադրբեջանի բանակը սկսել է մարտական գործողությունները՝ նպատակ ունենալով «ազատագրել օկուպացիայից հայրենի հողը` Ղարաբաղը», և վերջ դնել տարիների ճնշմանը և անարդարությանը»:

Եվ հիմա Բաքվից գեներալ Մանուկյանը հորդորում է Փաշինյանին համարձակություն ունենալ և հայտարարել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ագրեսիվ պատերազմի միակ պլանավորողը, նախապատրաստողը և սանձազերծողն Ադրբեջանն է, Ալիևն է, ինչի մասին իրենք փորձել են Բաքվի դատարանում անհերքելի ապացույցներ և փաստեր ներկայացնել:

Արդյոք կարձագանքի՞ Դավիթ Մանուկյանի առաջարկին Նիկոլ Փաշինյանը, ով և ում թիմը սվիններով է մշտապես ընդունել ընդդիմադիր որոշ գործիչների կամ ՀՀ նախկին նախագահների այն հայտարարությունները, որ Փաշինյանն իր հայտարարություններով և քաղաքական որոշ քայլերով առնվազն մոտեցրել է 44-օրյա պատերազմի օրը կամ սադրել է այն, թե՞ կարող է վախեր ունենալ՝ գուցե Ալիևը նոր գաղտնազերծումնե՞ր անի:

Այսինքն, նժարի մի կողմում Ալիևի վարկանիշն է, մյուսում՝ Հայաստանի Հանրապետության, ո՞ւմ Փաշինյանը ռազմական հանցագործ կճանաչի, եթե մոռանանք մինչ այս նրա «հաղորդումները» ՀՀ-ի և ՀՀ ԶՈւ-ի դեմ:

Ի դեպ, գեներալ Դավիթ Մանուկյանին առաջադրված «ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու և սանձազերծելու» ադրբեջանական մեղադրանքի համատեքստում հիշեցնենք, որ, օրինակ, Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ՝ 2020թ. օգոստոսի 25-31-ը, Արցախի զորամասերից մեկում նախաձեռնել էր  հավաք,որտեղ ներգրավված էին Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք, իսկ դասընթացի նպատակն էր՝ ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ: Սա, ըստ Փաշինյանի և Ալիևի գնահատմամբ՝ կարելի՞ է տեղավորել պատերազմի նախապատրաստության տրամաբանության մեջ, «զինված խմբավորումներ» պատրաստելո՞ւ…

Ինչ վերաբերում է գեներալի նշած ապացույցներին և փաստերին, ներկայացնենք մի քանի դրվագ Բաքվի «դատավարությունից»՝ տարբեր նիստերից:

Դրվագ առաջին

2025 թվականի հունիսին տեղի ունեցած դատական նիստերից մեկի ժամանակ Բաքվի դատարանում ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին մեղադրող կողմը հարցեր է ուղղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ:

Արձագանքելով դրանց՝ Դավիթ Մանուկյանը նախ նշել է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «սադրանքների» իրականացման մասին չի լսել, չի եղել նման տեղեկություն:

Եվ այստեղ Բաքվի դատարանում ադրբեջանական դատախազը հիշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ 2019 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ ունեցած հանդիպումը և այնտեղ ունեցած ելույթը, ցուցադրել դրա տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափի մասին։

«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- հայտնի հայտարարության մեջ զուտ ռազմական տեսանկյունից բացատրել էր Տոնոյանը:

Իսկ ավելի ուշ «դատավարության» ժամանակ ուսումնասիրվել էր Արցախի ՊԲ շտաբի նախկին պետ (2020թ. մարտի 19-ից 2021թ. սեպտեմբերի 11), ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի ստորագրությամբ մի «գաղտնի փաստաթուղթ»։

Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, խոսքը սեպտեմբերի 25-ի N 0671 հրամանի մասին է, որի համաձայն՝ իբր պիտի մինչև սեպտեմբերի 28-ը կրակային դիրքեր նախատեսվեին և «ոչնչացվեր հակառակորդի մոտ 70 բնակավայր»:

ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն արձագանքել էր, որ նշված հրամանի մասին առաջին անգամ տեղեկացել է նախաքննության փուլում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ հենց 2020 թվականի սեպտեմբերի 25-ին է պատերազմ սկսելու մասին տեղեկություն ստացել, որը շատ հավաստի է թվացել:

Ավելի ուշ Քննիչ հանձնաժողովում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարել էր, որ «ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»: 

Դրվագ երկրորդ

2025 թվականի ապրիլին կայացած Բաքվի «դատավարության» ժամանակ Դավիթ Մանուկյանի հարցաքննության ժամանակ ադրբեջանական մեղադրողները չեն անտեսել 44-օրյա պատերազմի օրերին «Ադրբեջանին հրթիռային հարվածներ» հասցնելու թեման, ինչին ի պատասխան, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալը հայտարարել է, թե տեղյակ չէ առաջնագծից հեռու Ադրբեջանի տարածքների ենթադրյալ հրթիռակոծությունների մասին։

Մեկ այլ նիստի ժամանակ Բաքվի դատարանում Մանուկյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր ծառայողական պարտականությունները հստակ են եղել՝ «զբաղվել մարտական պատրաստությամբ, այնտեղ պատերազմի պլանավորման մասին խոսք չկա»:

Միաժամանակ, ՀՀ ԶՈՒ և ՊԲ նախկին բարձրաստիճան զինվորականը շինծու մեղադրանքներով «դատավարության» ընթացքում ընդգծել է, որ ԱԽ նիստերին չի մասնակցել: Գեներալ Մանուկյանը Բաքվում մի առիթով նույնիսկ հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական «Բայրաքթարը» թիրախավորել է իր մեքենան, վիրավորվել է իր վարորդը, իսկ ինքը մեքենայից 20 մետր հեռավորության վրա է գտնվել, դրա համար չի վնասվել:

Մեր տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել գեներալի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 15-ին, և միայն երջանիկ պատահականությամբ է նա կենդանի մնացել:

Դրվագ երրորդ

2025 թվականի մարտին Բաքվում դատական նիստերից մեկի ժամանակ ադրբեջանական պետական մեղադրողի հարցին ի պատասխան՝ գեներալ Մանուկյանը նշել էր, որ Ժիրայր Սէֆիլյանը եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը, այնուհետև իրեն ուղղված լրացուցիչ հարցին պատասխանել՝ տեղեկություն չունի, որ Ժիրայր Սէֆիլյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

«Նա «Արևմտյան Հայաստանից» է, բայց հանդիսացել է ՀՀ քաղաքացի»,- շեշտել էր Դավիթ Մանուկյանը:

Այսինքն, գեներալը փորձել է հերքել Բաքվի մեղադրանքները, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը վարձկաններ է ներգրավել:

Ադրբեջանական այս մեղադրանքին ուղիղ ձևով մեկ այլ դատական նիստի ժամանակ հակադրվել էր նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

«Որքան ես տեղյակ եմ՝ նրանք չեն եղել վարձկաններ: Բոլորը եղել են կամավորականներ, ոչ մեկը նրանց հատուկ չի ուղարկել ծառայության և դրա դիմաց գումար վճարել»,- Բաքվի դատարանում հայտարարել էր գեներալը:

Սրանք ընդամենը մի քանի դրվագ են, որտեղ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, այնտեղ պահվող գեներալները փորձել են Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի վրայից գցել ադրբեջանական մեղադրանքները, և այսօր Բաքվում գտնվելով՝ չեն զգում ՀՀ իշխանության և հենց Նիկոլ Փաշինյանի աջակցությունը:

Իհարկե, եղել են դեպքեր, երբ ստիպված են եղել ՊԲ-ՀՀ ԶՈւ հարաբերություններին առնչվող որոշ «գաղտնազերծումներ» անել և ոչ միայն: Բայց մի բան հստակ է՝ Դավիթ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, լուրջ ձեռնոց է նետված նրան, այն լուրջ քննություն է և իր մեջ լուրջ մեսիջ է պարունակում:

Ի վերջո, որքան էլ Բաքվի դատավարության ժամանակ «Գյանջայի դեպքերի» համատեքստում Նիկոլ Փաշինյանի անունը չի հնչել, և Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հիմնական սլաքն ուղղել է ՀՀ ռազմական ղեկավարության ուղղությամբ, դրանից այս հարցում Փաշինյանի պատասխանատվությունը չի չեզոքանում:

Իհարկե, Փաշինյանը կարող է իր պատասխանատվությունը չընդունել և նույնպես ինչ-որ պահի և ինչ-որ բանի դիմաց «Գյանջայի դեպքերի» պատասխանատվությունը թողնել ՀՀ ռազմական ղեկավարության վրա, հատկապես, երբ ավելի վաղ Ալիևը պահանջել էր հետաքննել այս դեպքերը և պատասխանատվության ենթարկել «մեղավորներին»:

Սա նաև Գյանջայում ծնված Հիքմեթ Հաջիևի «արդարացի պահանջն է», ում հետ այսօր սերտ կապերի մեջ է Փաշինյանի իշխանությունը:

Ի դեպ, Բաքվի «դատավարության» ժամանակ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը միջնորդությունն էին ներկայացրել, որ տեսակապի միջոցով Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի, սակայն ադրբեջանական դատարանը մերժել էր:

Իսկ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալի պահանջը մեկ այլ շատ կարևոր մեսիջ ուներ՝ Փաշինյանը պետք է իր համար որոշի՝ իրենք գերի՞ են, պատա՞նդ, թե՞ ազատազրկված անձինք, որոնց առաջադրված մեղադրանքների հարցում գուցե համաձայն է Ալիևի հետ, կամ՝ առնվազն ձեռնտու է այն իրեն:

Հենց սա է, որ պետք է ապացուցի, և հետո՝ ցանկացած կարգավիճակ իրեն հատուկ մոտեցում է պահանջում և բնութագրում դրա «պատասխանատուին», տվյալ դեպքում՝ Ալիևին: Գեներալ Մանուկյանը, ըստ էության, առանց մեսիջի չթողեց նաև միջազգային հանրությանը՝ ասելով, որ ամեն ինչ նրանց աչքի առաջ է տեղի ունեցել: Այն միջազգային հանրության, որոնցից, կարծում են, որ Հայաստանը պիտի կատարի Բաքվի պահանջները, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ իրենց իսկ շահերից ելնելով՝ շարունակի իր գոյությունը:

Իսկ Նիկոլ Փաշինյանին Դավիթ Մանուկյանը հնարավորություն է տվել ապացուցելու, թե որքանով է Հայաստանն ինքնիշխան պետություն և որքանով է Նիկոլ Փաշինյանն ի զորու պաշտպանել իր իսկ ղեկավարած պետության անմեղությունը, արդարությունն ու հեղինակությունը, թե՞ պետք է համաձայնի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը ռազմական հանցագործություններ է իրականացրել՝ ինչ-որ պահի ինչ-որ բանի դիմաց ակնկալելով Ալիևի ներումը…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031