Արտասահմանցի դիվանագետներին իհարկե բացարձակ չի հետաքրքրում, թե ով է կեղծում պատմությունը․ Նրանց դա կհետաքրքրի, եթե այդ կեղծիքը հարվածի իրենց շահերին․ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․
«Հարավային Կովկասի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, որը օկուպացված Արցախում հաջիեւյան ցինիզմի ու լկտիության զվարթ վկներից էր, այսօր Երեւանում ուղեկցել են Մատենադարան։
Ըստ երեւույթին տողատակում այն է, թե տարել են հայ ժողովրդի պատմության լիքը էջերը ցույց տալու, որպեսզի հերքեն Հաջիեւի «դատարկ էջերը»։
Իսկ այն, ինչ ցույց են տվել, վերաբերե՞լ է Արցախին։ Իսկ կարո՞ղ են Արցախին վերաբերող պատմական ցուցադրություններ անել հենց Եվրոպայում։ Այլապես, Գրոնոյին Մատենադարան տանելը, ներեցեք, բայց ոչ թե Ադրբեջանի հակաքարոզչությանը հակազդել է, այլ ընդամենը ներքին քարոզչական սպառման համար նախատեսված քայլ։
Առավել եւս, որ Գրոնոն թերեւս խորապես «փռշտացած» ունի թե Հաջիեւի ցույց տվածի, թե Մատենադարանում տեսածի վրա։ Նա Արցախում զվարթանում է ոչ թե հանուն Ադրբեջանի, այլ՝ հանուն ԵՄ շահերի։ Նրան, ու մյուս արտասահմանցի դիվանագետներին իհարկե բացարձակ չի հետաքրքրում, թե ով է կեղծում պատմությունը։ Նրանց դա կհետաքրքրի, եթե այդ կեղծիքը հարվածի իրենց շահերին։ Բայց, Ադրբեջանի կեղծիքը իրենց շահերին ոչ միայն չի հարվածում, այլ ըստ էության իրենց շահերը բխում են լեգիտիմացնել այդ կեղծիքը, որովհետեւ դրա դիմաց Ադրբեջանը կգործակցի իրենց հետ տնտեսական ու քաղաքական կարեւոր հարցերում, որի կարիքն ունեն։
Հայաստանը այդ դիրքում ու դերում է, որովհետեւ այլ դիրքում է Հայաստանի քաղաքական իշխանությունը։ Չունենալով Հայաստանի ներսում սոցիալական ամուր հենք՝ հանրային ամուր պատվանդան, իշխանությունը պահած լինելով դրա գործիքները չարաշահելու շնորհիվ, ապավինելով այդ թվում ԵՄ լոյալությանը, Հայաստանի իշխանությունը չունի բրյուսելյան բյուրոկրատների ու նրանց ուլտրագլոբալիստական վերադասների առաջ պայման դնելու հնարավորութուն»։

