Բաքու-Անկարա տանդեմ և հայկական ուղղություն. ի՞նչ է քննարկվելու Հաքան Ֆիդանի այցի ընթացքում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։

Այցի ընթացքում Ֆիդանը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկկողմ և ընդլայնված ձևաչափերով, ինչպես նաև կհանդիպի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Նախատեսվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարին կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Սպասվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կշեշտի «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հնարավորությունը և կվերահաստատի Անկարայի աջակցությունը երկու կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը»։

Ֆիդանի ադրբեջանական  այցի՝ Հայաստանի համար ամենակարևոր հատվածը հենց այն է, ինչ չի հրապարակվում առանձին կետերով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Բաքու է մեկնում մի փուլում, երբ հայ-ադրբեջանական  գործընթացը բավականին ակտիվ փուլում է:  Հետևաբար՝ Բաքվի հետ քննարկումների առանցքում կարող է լինել ոչ միայն այն հարցը, թե երբ և ինչ պայմաններով կավարտվի հայ-ադրբեջանական գործընթացը, այլև՝ դրանից հետո ինչպիսի տարածաշրջանային ճարտարապետություն է ձևավորվելու։

Կարդացեք նաև

Անկարայի համար այստեղ, բնականաբար, առանցքային են հաղորդակցությունների բացումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ու տնտեսական կապերի կարգավորումը և այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ Թուրքիան կշարունակի  առավել ակտիվ տնտեսական ու տրանսպորտային դեր ստանձնել։

Երկրորդ՝ Բաքու-Անկարա քննարկումների կարևոր թեմա կդառնա, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հաջորդ փուլը։ Սա շարունակում է կարևոր լինել, Ֆիդանն ինքն  է անընդհատ հստակեցնում՝ Թուրքիայի և Հայաստանի կարգավորման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Այսինքն՝ Անկարան, առնվազն այս փուլում, չի դիտարկում Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ որպես բացառապես հայ-թուրքական երկկողմ գործընթաց։

Այդ տրամաբանության մեջ Բաքվի հետ այժմ անհրաժեշտ է համաձայնեցնել, թե ինչպիսի քայլերի է պատրաստ Թուրքիան Հայաստանի ուղղությամբ՝ սահմանների բացում, հաղորդակցությունների զարգացում, տնտեսական կապերի ընդլայնում, և հատկապես՝ ինչ հաջորդականությամբ պետք է դրանք տեղի ունենան։ Հայաստանի համար սա կարևոր ազդանշան է. նույնիսկ Անկարայի և Երևանի միջև հնարավոր առաջընթացը շարունակում է անցնել Բաքվի հետ Թուրքիայի քաղաքական համակարգման ֆիլտրով:

Երրորդ՝ Ֆիդանի և ադրբեջանական ղեկավարության քննարկումներում Հայաստանի հարցը դժվար է առանձնացնել տարածաշրջանային անվտանգության և ուժային հավասարակշռության թեմայից։ Հատկանշական է, որ Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, իսկ թուրք-ադրբեջանական օրակարգում ներառված են պաշտպանական արդյունաբերությունը, անվտանգությունն ու ռազմական համագործակցությունը։

Սա նշանակում է, որ Անկարան և Բաքուն Հայաստանի հետ գործընթացը դիտարկում են այն անվտանգային միջավայրում, որն իրենք ձևավորում են՝ ամրապնդում են սեփական ռազմաքաղաքական դիրքերը և համակարգում տարածաշրջանային գործընթացների նկատմամբ իրենց մոտեցումները։

Վերջին օրերին Բաքուն կրկին ակտիվորեն խոսում է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների գործընթացի, սահմանազատման  մասին՝ այն կապելով կարգավորման ամբողջական ավարտի հետ: Անկարայի համար կարևոր է նախապես ճշտել Բաքվի հետ՝ որտեղ են համընկնում և որտեղ կարող են տարանջատվել թուրքական ու ադրբեջանական քայլերը Հայաստանի ուղղությամբ։ Ֆիդանի այցն այս իմաստով կարող է լինել ոչ թե հերթական երկկողմ խորհրդակցություն, այլ հաջորդ փուլի քաղաքական քարտեզի համաձայնեցում։

Եվ վերջապես Հայաստանի համար ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ Անկարան և Բաքուն կրկին ցույց են տալիս՝ տարածաշրջանի ամենակարևոր գործընթացներում գործում են ոչ թե զուգահեռ, այլ համակարգված տրամաբանությամբ։

Թուրքիան ասում է, որ աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղությանը, Ադրբեջանը խոսում է Հայաստանի հետ կարգավորման վերջնական պայմանների մասին, իսկ երկու երկրների միջև միաժամանակ քննարկվում են տրանսպորտային, էներգետիկ, ռազմական և տարածաշրջանային կապերը։  Այսինքն՝ Երևանի առաջ կանգնած խնդիրը միայն այն չէ, թե ինչ կպայմանավորվեն Երևանն ու Բաքուն։ Ուստի Ֆիդանի այս այցը հենց այդ համակարգման հերթական դրսևորումն է՝ այն պահին, երբ խաղաղության գործընթացը մտնում է առավել զգայուն՝ պայմանավորվածություններից դրանց գործնական և տարածաշրջանային հետևանքների փուլ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930