ՊՆ-ում և Զինված ուժերում կարևոր պաշտոնները դարձյալ թափուր են մնացել, ինչո՞ւ «ճիշտ որոշումներ» չկան, արդյո՞ք ավելի մեծ «անակնկալ» է սպասվում
Հուլիսի 1-ից ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսը հրամանատար չունի, որը պատասխանատու է հյուսիսարևելյան սահմանագոտու՝ բանակի ենթակայության տակ մնացած տարածքների պաշտպանության համար: Իսկ Տավուշում դեռ սպասվում է սահմանագծման գործընթացի երկրորդ փուլը, որի արդյունքում դեռ հայտնի չէ, թե զինված ուժերից քանի՞ դիրք կվերցվի և կամ կտրվի ադրբեջանական կողմին, կամ էլ կհանձնվի ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը:
Ի դեպ, ավելի վաղ գրել ենք, որ Փաշինյանը որոշել է բանակից վերցնել ամրացված շրջանները, որոնցով այդքան հպարտանում է Սուրեն Պապիկյանը:
Իսկ հուլիսի 1-ից հրամանատար չունի նաև Հատուկ նշանակության ուժերը, որը կազմավորվել է երկու տարի առաջ, 2024 թվականի նոյեմբերին Հատուկ նշանակության ուժերի հրամանատար էր նշանակվել Լևոն Դավիդյանը, որին այս տարվա հուլիսի 1-ին ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Այս փաստը գործող իշխանությունը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հատուկ հպարտությամբ էին նշում, թե նախկինում Հատուկ նշանակության ուժեր՝ որպես առանձին զորատեսակ, չեն եղել և իրենց օրոք է, որ այն կազմավորվեց, բայց արի ու տես, ավելի քան երկու շաբաթ է, ինչ Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնը թափուր է:
2025 թվականի մարտին մենք գրել ենք, որ Ադրբեջանը սպառնալիք է համարում ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվածության աստիճանը: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը մոտ կանգնած caliber.az-ը հոդված էր հրապարակել, որտեղ դժգոհություն են հայտնել ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվածության մակարդակի հետ կապված և վտանգ տեսել դրանում՝ ժամանակակից տեսադիտարկման սարքերից մինչև դիպուկահար հրացաններ, որոնք նկատել են «Զինուժի»՝ հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումների մասին ռեպորտաժում։
Եվ սա այն դեպքում, երբ Ալիևը 44-օրյայից հետո հայտարարել էր, որ երկրի զինված ուժերի հզորացումը տեսնում է հատուկ նշանակության ուժերի զարգացման տեսլականի տրամաբանության մեջ, ուստի այդ ուժերի ուժեղացումը պետք է անվտանգային մշտական օրակարգում լինի երկրի, ուստի պատահական չէր նաև 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի նշանակումը Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում: Այս տարիներին Ալիևն ավելացրել է «Կոմանդո» հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը, որոնք անընդհատ մարզումների և զորավարժությունների մեջ են:
2025 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին Ալիևի որոշմամբ Ադրբեջանը ներկայացնում էր «Կոմանդո» հատուկ նշանակության ուժերի զինծառայողներից կազմված խումբը:
Շարունակելով բուն թեման, հավելենք, որ հուլիսի 1-ից ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը ևս պետ չունի: Թե ինչն է նշված կարևոր պաշտոնների՝ ավելի քան երկու շաբաթ թափուր մնալու պատճառը, կարող ենք տարբեր ենթադրություններ անել: Իսկ բանակին առնչվող կադրային այս դրվագը Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում բացարձակ նորություն չի:
Հիշեցնենք՝ երբ 2022 թվականի փետրվարի 24-ին Արտակ Դավթյանին երկրորդ նշանակումից հետո ազատեցին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, երկար ժամանակ ունեինք ԳՇ պետի պաշտոնակատար՝ ի դեմս Կամո Քոչունցի: Եվ տարբեր փորձագետներ և նախկին զինվորականներ ասում էին, որ ԳՇ պետի և պետի պաշտոնակատարի լիազորությունների միջև որոշակի տարբերություններ կան, և չի կարելի համարել, որ այդ պաշտոնը թափուր չէ: Իշխանությունները, բնականաբար, չէին համաձայնում, բայց դեպք է եղել, երբ ԱԽ նիստին ԳՇ պետի պաշտոնակատար Կամո Քոչունցը չի մասնակցել:
Եվ հենց այդ ժամանակ գրել ենք, որ ԳՇ պետն ԱԽ անդամ է համարվում, և եթե իշխանությունները պնդում են՝ ԳՇ պետի պաշտոնակատարի և ԳՇ պետի միջև տարբերություն չկա, ապա ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Կամո Քոչունցը, ըստ էության, որևէ ձևով պետք է ներկա լիներ: Ընդ որում, 2022 թվականի մայիսին տեղի ունեցած այդ նիստին, բացի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից, մասնակցել էր տնտեսական, գնումների հարցերով փոխնախարար Կարեն Բրուտյանը:
Եվ մինչև ԳՇ պետի հարմար թեկնածու կգտնվեր, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշում է բանակի կառավարման մոդելում փոփոխություն մտցնել և ԳՇ պետին դարձնել ՀՀ պաշտպանության նախարար, ինչը, սակայն, հակասահմանադրական է, քանի որ ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի անմիջական հրամանատարն է և հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը։
Միաժամանակ, իշխանությունը որոշեց, որ ԶՈՒ ԳՇ պետը չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձը: Ինչևէ, 2022 թվականի հուլիսի 14-ին Էդվարդ Ասրյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, երբ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին էր ներկայացնում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակված, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին, հայտարարել է. «Ճիշտ որոշում է կայացված»:
Թեպետ դրանից առաջ՝ 2021-ի սեպտեմբերի 27-ին, Էդվարդ Ասրյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Այդ ժամանակ 168.am-ը գրել էր, որ գեներալ-մայորի ազատման հարցում դեր է խաղացել նրա՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միջանցքում մոտ 10 րոպե տևած զրույցը, ինչպես նաև Ասրյանի՝ Սեյրան Օհանյանին «պարոն գեներալով» դիմելը:
Այս համատեքստում հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր: Իսկ պատերազմից հետո արդեն ղեկավարեց ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը:
ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում է, որն ապահովում է խաղաղ և պատերազմական պայմաններում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը: Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ձախողել ենք նաև օպերատիվ կառավարումը:
Այդ ժամանակ նկատել ենք, որ եթե ԳՇ պետի պաշտոնում Էդվարդ Ասրյանի նշանակումը Նիկոլ Փաշինյանը համարում է ճիշտ որոշում, կամ դժգոհություն չի հայտնել պատերազմի ժամանակ զորքի օպերատիվ կառավարումից, սա դեռ չի նշանակում, որ մի օր հակառակ կարծիք չի հայտնելու, հատկապես, երբ գտնի, որ ՀՀ զինված ուժերը խաղաղության իր օրակարգն իր նախանշած ձևով առաջ չի տանում:
Բայց ինչպես տեսնում ենք, էդվարդ Ասրյանն այս տարիներին շատ լավ առաջ է տանում Փաշինյանի խաղաղության օրակարգը, մյուս կողմից, եթե Փաշինյանը ցանկանա ազատվել նրանից, սա ոչ մի դեր չի ունենա:
Իսկ հիմա դեռ պետք է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանո՞ւմ է ընտրություններից հետո շարունակել աշխատել Սուրեն Պապիկյանի հետ՝ որպես Պաշտպանության նախարար, թե՞ կընտրի բանակը հերթական ցնցումների տանելու ճանապարհը, քանի որ ուժային կառույցներում ցանկացած նման փոփոխություն իր հետ որոշակի «ցնցումներ» է բերում: Այստեղից նաև պարզ կլինի, թե որքանով է Փաշինյանը գնահատել իր կուսակից նախարարի զոհողությունները՝ հանուն քաղաքական առաջնորդի շահերի, այդ թվում՝ բանակի հեղինակության հաշվին և ոչ միայն՝ հեղինակության:
Մենք բազմիցս գրել ենք, որ իշխանափոխությունից հետո Փաշինյանը յուրաքանչյուր պաշտպանության նախարարի հաշվով կոնկրետ առաքելություն և ժամկետ ունի որոշած: Սպասենք իրադարձությունների զարգացումներին:
Իսկ մինչ այդ հիշեցնենք նաև, որ երբ 2022 թվականի փետրվարի 18-ին գեներալ Արայիկ Հարությունյանին ազատեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, այս պաշտոնը ևս երկար ժամանակ թափուր էր, այսինքն, կար պետի պաշտոնակատար:
Եվ միայն մոտ մեկ տարի հետո՝ 2023թ. հունվարի 24-ին, Սամվել Մովսիսյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:
Նշենք, որ Սամվել Մովսիսյանը 2020թ. նոյեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ երբ արդեն հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր էր, հենց Մովսիսյանն էր կատարում պետի պաշտոնակատարի պարտականությունները:
2023 թվականին գրել ենք, թե 2018 թվականի «հեղափոխությունից» հետո կադրային ինչ փոփոխություններ են արվել ռազմական հետախուզության և օպերատիվ կառավարման ոլորտներում:
Այսինքն, զինված ուժերում չկա մի ուղղություն, որտեղ մի քանի անգամ կադրային փոփոխություններ եղած չլինեն: Եվ Նիկոլ Փաշինյանին շատ քիչ է հետաքրքրում, թե այս կամ այն ստորաբաժանումը կամ վարչությունը որքան կմնա առանց ղեկավարի: Սա՝ լավագույն դեպքում. կարող է մի օր որոշի, որ տվյալ կորպուսը, ստորաբաժանումը կամ վարչությունը պետք է լուծարել, օպտիմալացման առարկա դարձնել:
Հ.Գ. Ավելի ուշ մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ թափուր պաշտոնների համար կան թեկնածուներ, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում: Իսկ Սուրեն Պապիկյանը, այս պահի դրությամբ, մեծ հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարումը:

