Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը «հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու» դրվագ են խաղարկել. Փաշինյանը բանակին պարտադրում է՝ «տեղից չշարժվել»
2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները «Մարտական օպերացիաների անցկացում խիստ ցրտի պայմաններում» թեմայով մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացրել:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինները նախ հստակեցրել են տեղանքի հատակագիծն ու մարտավարական վերատեղաբաշխումներ կատարել բարձրլեռնային գոտում՝ ուժեղ ցրտի պայմաններում։ Այնուհետև կատարվել են «պայմանական հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, հենակետերը գրավելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և վիրավորներին մարտադաշտից անվտանգ տարհանելու առաջադրանքներ»:
Այսինքն, խնդիր է դրվել՝ բարձրացնել խիստ ցրտի պայմաններում ստորաբաժանումներին կառավարելու հրամանատարական կազմի հմտությունները, ինչպես նաև անձնակազմի մարտական գործողությունների, շարժուն և ոչ շարժուն վիճակում կրակի վարման կարողությունները, ընդ որում, դահուկներով:
168.am-ը հունվարին գրել էր, որ Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշանակվել է Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար՝ փոխարինելով գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևին։
Միրզոևի նշանակումն Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, ըստ էության, տեղավորվում է Ալիևի՝ երկրի զինված ուժերի հզորացման, հատուկ նշանակության ուժերի զարգացման տեսլականի տրամաբանության մեջ:
2023 թվականի ամռանը Ալիևը՝ շեշտելով 44-օրյա պատերազմի ժամանակ այդ ջոկատների «առանձնահատուկ հերոսությունը», նշել էր, որ բանակում հատուկ նշանակության ջոկատների թիվը պետք է ավելանա, որպեսզի Ադրբեջանի «անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնեն թշնամու ուժերին»։
Հիքմեթ Միրզոևը մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին և 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ավելին՝ եղել է այդ գործողությունների գլխավոր ղեկավարներից մեկը:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հենց Միրզոևն է ղեկավարել Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի և Շուշիի «ազատագրման» օպերացիաները:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո խոստովանել էր՝ 2020 թվականի պատերազմը ցույց է տվել, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը, ինչի հետ մենք խնդիրներ ենք ունեցել: Մասնավորապես՝ 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում նա հայտարարել էր, որ «շատերը զոհվեցին ոչ թե մարտի մեջ, այլ տեղաշարժվելիս. բանակը մոբիլության լրջագույն խնդիր ուներ»:
Հետաքրքիր է, որ դեռ 2018 թվականի հուլիսին ԶՈՒ զարգացման իր տեսլականում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շեշտել էր. «Պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկենք առաջնագծում մեր կողմից կիրառվող ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով և հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ փոխարինելու ուղղությամբ»:
Այս պնդումը Տոնոյանն արել էր նաև 2020 թվականի հունիսին, այսինքն՝ դարձյալ 44-օրյա պատերազմից առաջ: Այսինքն, այն ժամանակ բավարար չափով ուշադրություն չի՞ դարձվել պաշտպանության նախարարի առաջարկներին: Իսկ այսօր բանակին Փաշինյանը, ըստ էության, պարտադրում է՝ «տեղից չշարժվել», այսպես ասած, տեղում փորձել պաշտպանվել:
Մինչդեռ Ալիևը, ինչպես նշեցինք, շարունակում է առաջնահերթ համարել Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության կարողությունների զարգացումը: