Փաշինյանի և Ալիևի ռազմաքաղաքական օրակարգը «Մոսկվայի հրապարակում»

Երեկ անդրադարձել ենք Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին ՀՀ զինված ուժերի չմասնակցելու հանգամանքին։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ խուսափել էր պատասխանել 168.am-ի՝ արդյոք հայկական զորախումբ մասնակցելո՞ւ է մոսկովյան զորահանդեսին, թե՞ ոչ հարցմանը:

Այսօր մենք ևս մեկ հարցում ուղարկեցինք Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությանը՝ պարզելու, թե ինչո՞ւ է որոշվել, որ ՀՀ զինված ուժերը չպետք է ներկայացված լինեն Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն:

Հաշվի առնելով, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սուրեն Պապիկյանն ի պաշտոնե պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, և, որ խաղաղ պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին, ակնկալում ենք նրա պատասխանը:

Երեկվա հրապարակման մեջ անդրադարձել էինք նաև Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների տիրույթում Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվա այցի չեղարկման հնարավոր պատճառներին, թեպետ այսօր Իլհամ Ալիևն այցելել է Շուշի, մասնակցել մի շարք ներքին միջոցառումների:

Կարդացեք նաև

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայում կայացած տոնական միջոցառումներին, այդ թվում՝ հաղթական զորահանդեսին: Բայց Մայիսի 9-ի առիթով նրա ուղերձը հիմնականում «Իրական Հայաստանի» և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ էր:

«Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն»,- շեշտել է Փաշինյանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերի՝ անգամ զորահանդեսին մասնակցությունը Փաշինյանը խոչընդոտ է համարում այս օրակարգին, եթե անգամ այն մարտական խնդրի կատարում իրենից չի ներկայացնում:

Այսինքն, Փաշինյանը բոլոր հարթակներում փորձում է բացառել հայկական բանակի ներկայությունը՝ չհամարելով պետական կարևորագույն ինստիտուտ: Մինչդեռ ոչ մի պետություն՝ դաշնակից, գործընկեր, թշնամի, չի կարող հարգել մի երկրի ղեկավարի, ով չի հարգում սեփական բանակը, սեփական բանակի սպային, հրամանատարին, զինվորին, գրանցած հաջողությունները, հաղթանակները, իսկ ձախողումներից ու պարտությունից դաս չի քաղում, ինչի ականատեսը հերթական անգամ եղանք Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների համատեքստում:

Իսկ Ադրբեջանի դեպքում, ինչպես Ալիևի չմասնակցությունն էր մեսիջներ պարունակում, այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությունը մոսկովյան զորահանդեսին, եթե հատկապես հաշվի առնենք, որ ադրբեջանական կողմը ներկայացել է «Կոմանդո» հատուկ նշանակության ուժերի զինծառայողներից կազմված խմբով, ինչը հատուկ շեշտել են ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները:

Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակում Ալիևը ոչ մեկ անգամ առանձնացրել է իր բանակի Հատուկ նշանակության ուժերի դերակատարումը, այդ թվում՝ Շուշին վերցնելու գործում: Իսկ «Կոմանդո» ջոկատը, տարբեր տեղեկություններով, անգամ՝ հստակ ապացույցներով, հատուկ դաժանություն է դրսևորել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ հայ գերեվարված զինծառայողների նկատմամբ: Այսօր էլ Ալիևը, երբ Հայաստանին որոշում է սպառնալ, նկատի է ունենում հենց Հատուկ նշանակության ուժերին, որոնց թիվը  2020 թվականից հետո խնդիր էր դրել ավելացնել, ինչը կատարվել է:

168.amգրել է, որ Ադրբեջանի զինված ուժերում կադրային նշանակումները ևս այս տրամաբանության մեջ են տեղի ունենում: Այսինքն, և՛ Նիկոլ Փաշինյանի՝ առանց հայկական բանակի զորահանդեսին մասնակցությունը, և՛ Ալիևի՝ Մոսկվա Հատուկ նշանակության ուժերի զինծառայողներից բաղկացած զորախումբ ուղարկելը, եթե անգամ ինքը ներկա չէ, ուղերձ է պարունակում. մի դեպքում՝ մուրացող խաղաղության, մյուսում ՝ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման զգուշացման:

Ի դեպ, մենք մարտին գրել ենք, որ Ադրբեջանն իր հերթին՝ սպառնալիք է համարում ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվածության աստիճանը: Փաշինյանը փորձել է Ալիևի բանակը հեռու պահե՞լ այդ «սպառնալիքից», թեև հնարավոր է՝ քաղաքական որոշման դեպքում հայկական «սպեցնազը» չգործուղվեր Մոսկվա…

Տեսանյութեր

Լրահոս