Ադրբեջանը սպառնալիք է համարում ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվածության աստիճանը. Ալիևը մերժել է Փաշինյանին

Մի քանի օր է՝ Ադրբեջանը օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում և հայկական զինված ուժերին մեղադրում սահմանագոտու հարավարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար. չի բացառվում, որ հետո ադրբեջանական ապատեղեկատվությունը ներառի նաև սահմանագոտու այլ հատվածներ:

Այստեղ հարկ է նկատել, որ մարտի 17-ից Ադրբեջանի տեղեկությունը հերքող իր հաղորդագրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևյալ ավելացումն էր արել. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀին փոխանցելու պարագայում»:

Իսկ մինչ այս միայն տարածվում էր, թե «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»:

Նշենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսին 168.am-ը՝ «Փաշինյանն անտեսում է ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքական և օրինական իրավունքը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ մի կողմ թողնելով Ադրբեջանի հետ հետաքննության երկկողմ մեխանիզմների ստեղծման մասին համաձայնագրի ռիսկերը, հարց էինք բարձրացրել՝ «ինչո՞ւ է ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել անընդհատ հիշեցնել այդ մասին, խնդիրը տվյալ դեպքում ձևակերպումն է, հղումը վարչապետի աշխատակազմին»:

Կարդացեք նաև

«Ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, որը պատասխանատու է պաշտպանական քաղաքականության համար, իրեն իրավունք չի պահում խոսել Հայաստանի Հանրապետության կամ առնվազն հայկական կողմի անունից: Ավելի սոլիդ չէ՞ր լինի, եթե հիշեցվեր, որ «Հայաստանը կամ հայկական կողմն առաջարկել է…», սրանով նաև Պաշտպանության նախարարության կշռի հարց չէր առաջանա:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունն այնքան էլ համաձայն չէ հետաքննության մեխանիզմների հետ կապված այս առաջարկի հետ, և դրա համար պատասխանատվությունը դնում է վարչապետի աշխատակազմի վրա: Գուցե»:

Իսկ ինչպես նկատեցինք, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ էության, համեմատաբար ավելի ճիշտ ձևակերպում է օգտագործել՝ «…պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀին փոխանցելու պարագայում»:

Այլ հարց է, թե ինչո՞ւ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը հիմա որոշեց «իր խոսքն» ուղիղ ասել: Գուցե այստեղ, այսպես ասած՝ «պասերով խա՞ղ կա», կամ՝ Ալիևի կողմից մերժվելուց հետո Փաշինյանը փորձել է ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով վերաձևակերպել իր առաջարկը, հատկապես, եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի մարտի 18-ի հայտարարությունը, որում, մասնավորապես, նշվում է.

«Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի»:

Այնուհետև Փաշինյանի աշխատակազմը շարադրել է խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում հայկական կողմի՝ Ադրբեջանին արած բոլոր առաջարկները:

Ադրբեջանի պաշտոնական արձագանքը Փաշինյանի աշխատակազմին չուշացավ, որտեղ անդրադառնալով հետաքննության երկկողմ մեխանիզմների ստեղծման և սպառազինության փոխադարձ վերահսկման փաշինյանական առաջարկներին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր պատասխան հայտարարության մեջ սահմանափակվել է՝ պնդելով, թե 30 տարի Հայաստանը ««օկուպացված» տարածքներում միջազգային մեխանիզմներից թաքցրել է իր սպառազինության մեծ մասը», և այսօր բարոյական իրավունք չունի խոսել նմանատիպ մեխանիզմներից:

Այսինքն, Ալիևը հերթական անգամ մերժում է Նիկոլ Փաշինյանին, այլ հարց է, որ Փաշինյանը ոչ թե համարժեք պատասխան է տալիս՝ ցույց տալու թուրքական ռազմական ուժը Ադրբեջանում և ադրբեջանական բանակում, սպառազինության քվոտավորում է առաջարկում, երբ Ադրբեջանը վաղուց պահանջում է ՀՀ զինված ուժերի նկատմամբ սահմանափակումների կիրառում, ռազմական պայմանագրերի չեղարկում՝ ՀՀ զինված ուժերը ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի համար, և Բաքվի «դատավարության» ժամանակ հնչած հարցերը ՊԲ-ՀՀ ԶՈւ ներքին հարաբերությունների մասին հենց այս տրամաբանության մեջ են, որը պետք է ցույց տալ, որին պետք է հակադրվել, ոչ թե «թաքնվել», ինչի մասին շեշտել ենք համապատատասխան հոդվածում։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը դե ֆակտո միակողմանի անցել է ՀՀ զինված ուժերի զինանոցի «քվոտավորմանը», ինչին մի փոքր ուշ կանդրադառնանք:

Իսկ մինչ այդ նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները «հայկական կողմից հրադադարի խախտման մասին» Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանն առնչվող հոդվածները վերնագրում են՝ որպես սահմանին էսկալացիա:

Միաժամանակ, ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է Հայաստանի վրա հարձակման համար «լեգիտիմ հիմքեր» ստեղծող հոդվածների հրապարակումը, այդ թվում՝ այլոց ձեռամբ: Մասնավորապես, մարտի 17-ին ադրբեջանական լրատվամիջոցները հղում տալով կրեմլյան RT-ին, գրել էին, թե Վաշինգտոնը պատրաստվում է Գերմանիայի ռազմաբազայից իր ռազմատեխնիկան Վրաստանի տարածքով տեղափոխի Հայաստան՝ հուլիսի 16-ից օգոստոսի 6-ը, և, որ այն սեպտեմբերին պետք է վերադարձվի, որտեղից բերվել է: Խոսքը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 151 միավոր սարքավորման մասին է:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ խոսքը «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մասին է, որն անցած տարի անցկացվել է գրեթե նույն ժամանակահատվածում, և երբ դրա ավարտին՝ օգոստոսի սկզբին, ԱՄՆ-ը իր բերած անձնակազմը և տեխնիկան մի քանի չվերթով Հայաստանից հանել է, Ադրբեջանը հենց այս նպատակով Հայաստան եկած ամերիկյան ինքնաթիռների մուտքն էր ֆիքսել, և տեղեկատվական արշավ սկսել, թե ԱՄՆ-ը ռազմական բեռ է տեղափոխել Հայաստան, ռազմական ուժ է տեղակայում՝ փորձելով այդ շինծու փաստի վրա գրավել Իրանի ուշադրությունը, ինչը ցանկալի արդյունք չէր տվել:

Վերադառնալով ՀՀ ԶՈւ զինանոցը թիրախում պահելու և «քվոտավորելու» ադրբեջանական փորձերին, հավելենք, որ caliber.az-ը հոդված է հրապարակել, որտեղ դժգոհություն են հայտնել ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվածության մակարդակի հետ կապված և վտանգ տեսել դրանում՝ ժամանակակից տեսադիտարկման սարքերից մինչև դիպուկահար հրացաններ, որոնք նկատել են «Զինուժի»՝ հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումների մասին ռեպորտաժում։

Այսինքն, եթե մինչ այժմ Ադրբեջանը բողոքում էր Հնդկաստանից «Akash» զենիթահրթիռային համալիրների և Ֆրանսիայից CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման փաստից, հիմա վտանգ է տեսնում ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվածության մեջ, այն դեպքում, երբ Ալիևը 44-օրյայից հետո հայտարարել էր, որ երկրի զինված ուժերի հզորացումը տեսնում է հատուկ նշանակության ուժերի զարգացման տեսլականի տրամաբանության մեջ, ուստի այդ ուժերի ուժեղացումը պետք է անվտանգային մշտական օրակարգում լինի երկրի, ուստի պատահական չէր նաև 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի նշանակումը Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում:

Իսկ ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց էլ «հայկական սադրանքների» ֆոնին հիշեցնելով Տավուշում տեղի ունեցած անօրինական պիլոտային սահմանազատման գործընթացը, խոստովանել էր, որ դրանից առաջ սահմանազատման փորձ է եղել Սյունիքում՝ Իրանի սահմանին մոտ, երբ ադրբեջանական կողմին են անցել ռազմավարական նշանակության բարձունքներ, ավտոմոբիլային ճանապարհահատված և այլն: Խոսքը, թերևս, 44-օրյայից հետո Ադրբեջանին հանձնված Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին է, երբ Փաշինյանի հրամանով Սյունիքից հայկական զորքը միակողմանի հետ էր քաշվել:

«Երկկողմ մեխանիզմների ստեղծումը կսառեցնի, ըստ էության, դելիմիտացիայի գործընթացը, ինչը նշանակում է՝ տարածքները կմնան Երևանի վերահսկողության տակ»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը:

Իսկ դելիմիտացիայի գործընթացը ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այն տեղի է ունենում ադրբեջանական պայմաններով, եթե սա այլ բացատրություն ունի, թող այդ մասին ՀՀ իշխանությունները հայտարարեն:

Ի դեպ, Փաշինյանի առաջարկած բանակին առնչվող երկկողմ մեխանիզմները ևս չեն բխում ՀՀ շահերից, քանի որ այն առանց միջնորդի է տեղի ունենում, և ոչ այնպես, ինչպես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս