ԳՇ–ն՝ դուրս մղված
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Պաշտպանության նախարարությունից մասնակցել է և՛ նախարար Սուրեն Պապիկյանը, և՛ տնտեսական, գնումների հարցերով փոխնախարար Բրուտյանը, մինչդեռ ԳՇ-ից ներկա չի եղել ոչ մի ներկայացուցիչ, համենայնդեպս, ԱԽ հաղորդագրությանը կից նկարում դա այդպես էր:
Նշենք, որ ԳՇ պետը ԱԽ անդամ է համարվում, և եթե իշխանությունները պնդում են, որ ԳՇ պետի պաշտոնակատարի և ԳՇ պետի միջև տարբերություն չկա, ապա ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Կամո Քոչունցը, ըստ էության, որևէ ձևով պետք է ներկա լիներ:
Հավելենք, որ համաձայն «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի` Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը և հիմնական զեկուցողներին որոշում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը սահմանված ժամկետում կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի տրամադրումն Անվտանգության խորհրդի անդամներին, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ նաև Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց:
ԱԽ անդամներն Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության մասին, նիստից երեք օր առաջ, իսկ հրատապ դեպքերում` անհապաղ, ծանուցում են Անվտանգության խորհրդի քարտուղարին, որն էլ այդ մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված անձանց մասնակցությունն ապահովում է Անվտանգության խորհրդի գրասենյակը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի իրավասու պաշտոնատար անձանց հետ: Իսկ Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրված անձինք ներկա են գտնվում միայն իրենց վերաբերող հարցի քննարկմանը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությամբ:
Նիկոլ Փաշինյանը հրավիրե՞լ է Քոչունցին, թե՞ նպատակահարմար չի գտել, պարզ է:
Հնարավոր է՝ չի հրավիրել՝ հաշվի առնելով բանակի հանդեպ իշխանությունների վերաբերմունքը, և մոտ 2 ամիս ԳՇ պետ չունենալու փաստը, երկրորդ՝ Քոչունցը, թերևս, դժվար մերժեր Փաշինյանին, երբ նրան չնեղացնելու համար վախենում է նախկին ղեկավարներին բարևել:
Հավելենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը մի քանի անգամ նշել է, որ ԳՇ պետի պաշտոնակատար և ԳՇ պետ ունենալը տարբեր բաներ են: