Լսեցի ու սարսափեցի. Հայաստանը փորձադա՞շտ է… Աստված չանի՝ կիրառեն Ուկրաինայի, Մոլդովայի փորձը. Սո՛ւտ է, ի՞նչ 450 միլիոնանոց շուկա… Բուլղարիայի գյուղատնտեսությունը ոչնչացրեցին 1-2 տարում. Սերգեյ Մանասարյան

Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին փոխարտգործնախարար, տարբեր երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն է։

Սերգեյ Մանասարյանը 1993-1994թթ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր, 1994-1996թթ՝ ՀՀ կառավարության քարտուղարնախարարը, 1996-1999թթ.՝ ՀՀ փոխարտգործնախարար, 1999-2004թթ.՝ Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1999-2004թթ համատեղության կարգով ՀՀ  դեսպանն էր Ալժիրում,  2000-2005թթ՝ Մարոկկոյում ՀՀ դեսպան, 2001-2004թթ՝ Եթովպիայում ՀՀ դեսպան, 2001-2004թթ՝ Լիբիայում ՀՀ դեսպան, 2003-2005թթ՝ Սուդանում ՀՀ դեսպան, 2003-2012թթ՝ Օմանում ՀՀ դեսպան, 2005-2010թթ.՝ Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2016թթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2016-2024թթ.՝ Չինաստանում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին), 2016-2024թթ.՝ Մոնղոլիայում ՀՀ դեսպան, 2018-2024թթ.՝ Թաիլանդում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին): Իր գործունեության ընթացքում նա արժանացել է մի շարք պարգևների և շքանշանների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Բուլղարիայի բարձրագույն «Ստարա Պլանինա» շքանշան:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

Ինչո՞ւ մինչ օրս Չինաստանը և Ռուսաստանն ընտրությունների կապակցությամբ չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին:

  • Շատերի համար, այդ թվում` արտգործնախարարության աշխատակիցների համար անակնկալ էր հակաչինական կազմակերպությանը Հայաստանի անդամակցելը: Բայց մենք կարողացանք Չինաստանին համոզել, որ ոչ մի հակաչինական նախագծի չենք միանա, և նրանք դժվարությամբ, բայց ընդունեցին: Չեմ կարծում՝ սա կարող էր խոչընդոտ հանդիսանալ Փաշինյանին շնորհավորելու համար:

Իսկ Ռուսաստանի չշնորհավորելը կոլեկտիվ Արևմուտքի սատարման պատասխանն էր: Ի դեպ, Ռուսաստանի նախագահը միակն էր, որ բացեիբաց ոչ մեկին նախընտրական շրջանում չսատարեց: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից սանկցիաներին, երկու կողմն էլ պաշտոնապես ասում են՝ խնդիրը տեխնիկական է՝ կապված ֆիտոսանիտարական խնդիրների հետ: Իհարկե, դա այդպես չէ: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի:

Հիշեցնենք, 2019թ. Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային հակաչինական ալյանսին:

  • Առ այսօր Հայաստանը ռուսական հացահատիկ է ստանում, ճիշտ է, տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ Ադրբեջանից, բայց հացահատիկը ռուսական է: Ինչ վերաբերում է ռուսական հացահատիկն ուկրաինականով փոխարինելուն… ինչպես ասում են՝ թող ասեն, ասելը հո փողով չէ՞: Կարողանալո՞ւ են երկար ժամանակ ապահովել մատակարարումներ: Նույն կերպ իշխանություններն ասում են՝ գազը կբերենք այլ տեղից: Եթե ադրբեջանական գազը նկատի ունեն, ապա Ադրբեջանն այդքան գազ չունի, Եվրոպան էլ ՌԴ դեմ այս առճակատման, սանկցիաների պայմաններում օգտագործում է ռուսական գազ՝ Ադրբեջանի միջոցով, ադրբեջանական փաթեթավորմամբ:

  • Տնտեսական շուկաների փոփոխությունը շատ բարդ և միգուցե ցավոտ խնդիր է: Կան լոգիստիկ ու ֆինանսական խնդիրներ: Դա կարելի է անել, բայց ոչ 5-7-10 տարուց շուտ: Իսկ այդ 5-7-10 տարին դեռ պետք է կարողանալ ապրել: Ես ցավում եմ մեր գյուղացիների համար, բայց դա աշխարհաքաղաքականություն է:
  • Երբ Բուլղարիան մտավ Եվրամիություն, 1-2 տարվա ընթացքում Բուլղարիայի գյուղատնտեսությունն ուղղակի ոչնչացվեց: Հիշում եմ՝ Սոֆիա-Վառնա ճանապարհին արևածաղիկի հսկայական դաշտեր կային, որոնց վրա բերքը փտում էր, չէին հավաքում, որովհետև սպառման շուկա չկար: Նույնը եղավ Լեհաստանի հետ: Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, թե Հայաստանի համար Եվրոպայի 450 միլիոնանոց շուկան բաց է, սուտ է: Հայաստանում պետք է մոռանան դրա մասին, որովհետև Եվրոպան իր սանիտարական-տեխնիկական պայմանները Հայաստանի համար չի փոխի:
  • Մի բան էլ կար, որ տիկին Ուրսուլան հայտարարեց, և ես սարսափեցի, երբ ասաց՝ կկիրառենք Մոլդովայի և Ուկրաինայի փորձը: Աստված չանի… Կան խոսակցություններ, որ ֆոն դեր Լայենը եկել էր, որպեսզի Հայաստանին համոզի հրաժարվել ռուսական էներգակիրներից, բայց թե ի՞նչ այլընտրանք են մեզ առաջարկում, ինչպիսի՞ ծանր հետևանքներ կլինեն, դրա մասին խոսակցություն չկա:
  • Ամերիկյան մոդուլային ատոմակայանները ոչ մի տեղ չկան, փորձարկված չեն, անգամ Ամերիկայում: Եվ ես չեմ ուզում, որ փոքրիկ Հայաստանը դառնա փորձադաշտ դրանց համար: Չինացիներն ունեն մոդուլային ատոմակայաններ, բայց դրանք լրիվ այլ տեխնիկայով են աշխատում, ամերիկյանի նման չեն: Եթե մենք փակում ենք Մեծամորի ատոմակայանը ու բևեռվում ենք ամերիկյան տեխնոլոգիաների վրա, դա նշանակում է՝ առաջիկա 10-15 տարին մենք ատոմակայան չենք ունենալու: 
  • Ես չէի ասի, որ Պուտինի խոսքերն ուղղված էին հայ ժողովրդին, ավելի շատ միջազգային հանրությանն էին ուղղված, որպեսզի վերջիններս հասկանան ու ֆիքսեն Ռուսաստանի դիրքորոշումը, դրա մասին իմանար հանրությունը, որ հետագայում սպեկուլյացիաներ չլինեն:
  • Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ եվրոպամետ. Հայամե՛տ եմ: Ցանկացած պետական գործիչ պետք է պաշտպանի իր պետության շահը: Ժամանակին Եվգենի Պրիմակովի մասին ասում էին՝ ընդգծված հակահայ է: Դա սխալ էր: Պրիմակովն առաջ էր տանում իր պետության՝ Ռուսաստանի շահը:
  • Ստեղծվում է բազմաբևեռ աշխարհ: Կոմպլեմենտար, բազմավեկտոր քաղաքականություն վարելու Հայաստանի ժամանակներն ավարտվել են: Այլևս պետք է հստակ դիրքորոշում ունենալ, հակառակ պարագայում ցանկացած փոքր պետություն կարող է զոհ գնալ տարածաշրջանային պրոբլեմներին: Իսկ մենք հիմա շատ մոտ ենք դրան: Մենք կանգնել ենք մի քանի բևեռների արանքում ու չգիտենք՝ ուր գնալ:
  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան հապճեպ գալ-գնալը լրիվ անհասկանալի էր: Ստորագրվեց 2 համաձայնագիր և մի հուշագիր: Հուշագիրը Հայաստանի հազվագյուտ հանքանյութերի մասին էր, որը ոչ մի պարտավորություն չէր ենթադրում, համաձայնագրերն էլ անկարևոր էին: Այնպես որ, անհասկանալի էր: Ինչ վերաբերում է TRIPP-ին, կարծիքս նույնն է՝ եթե տարածաշրջանային պետությունների շահերը հաշվի չառնվեն, ոչ մի TRIPP չի աշխատի: Այնպես որ, մոտ ժամանակներս այդ առումով ոչ մի զարգացում չի կարող լինել:

  • Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ միջազգային իրավունքը չի գործում: Հիմա կա 3 իրավունք՝ ուժեղի, թույլի իրավունք և միջազգային իրավունք: Թույլի իրավունքը հավասարազոր է միջազգային իրավունքին:
  • Ո՞վ է հսկելու TRIPP-ը, ոչ ոք չգիտի: Արդյո՞ք այն գործելու է ԵԱՏՄ կանոններով:
  • Ի՞նչ է նշանակում՝ երկաթուղին ռուսներից կվերցնենք: Թող փորձեն: Դա այդքան հեշտ չէ: Խոսքը մասնավոր ընկերության մասին չէ, պետության մասին է: Ուկրաինան այդ առումով շատ դառը փորձ ունի Չինաստանի հետ:
  • Ես կարող եմ միայն հույս հայտնել, որ կառավարության այն հայտարարությունները, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ծրագիր չկա, համապատասխանում են իրականությանը: ԵԱՏՄ-ից դուրս գալը չի բխում մեր շահերից:
  • Երբ որոշում էինք հայկական մեղր արտահանել Չինաստան, երկու տարի տևեց, մինչև մենք կարողացանք դրան հասնել: Բայց ողջ Հայաստանի մեղրը կարող էր բավարարել միայն չինական միջին քաղաքի մի քանի թաղամասերի պահանջարկը սոսկ:
  • Մեր պարագայում տարածաշրջանային բևեռը Թուրքիան է, և մենք, ուզենք-չուզենք, պետք է սա հաշվի առնենք, եթե ուզում ենք գնալ Եվրոպա:

  • Չինաստանի համար ամենանուրբ հարցը Թուրանական միջանցքի հարցն է, որը հասնում է մինչև Սին-Ցզյան: Չինացիները, շատ լավ հասկանալով դրա նպատակները, չեն շտապի դիրքորոշում արտահայտել, բայցև ամեն կերպ կխոչընդոտեն այդ Միջանցքի ստեղծմանը: 

Մեծ Թուրանի միջանցք, «Թուրանական միջանցք» (կամ Զանգեզուրի միջանցք) հասկացությունը վերաբերում է Ադրբեջանը Նախիջևանին կապող ենթադրյալ տրանսպորտային ուղուն, որն աշխարհաքաղաքական շրջանակներում քննարկվում է՝ որպես Եվրասիան և Չինաստանը կապող ավելի մեծ՝ «Միջին միջանցքի» (Trans-Caspian) մաս։ Այս նախագիծը նպատակ ունի շրջանցել Ռուսաստանը և Իրանը: Պեկինը զգուշավորություն է ցուցաբերում, քանի որ այն կարող է ընդլայնել պանթուրքական ազդեցությունն իր անջատողական տրամադրություններ ունեցող Սինցզյան (Սին-Ցզյան) նահանգի սահմանների մոտ։

  • Ի՞նչ է նշանակում՝ լինենք արտադաշինքային պետություն, և ինչպե՞ս կարող են Հայաստանը համեմատել Ադրբեջանի հետ: Ադրբեջանը վաղուց աշխարհի կողմից դիտարկվում է՝ որպես Թուրքիայի պրոքսի պետություն, որքան էլ որ ոչ մի դաշինքի մեջ չլինի: Պատմականորեն երկար ժամանակ Շվեյցարիան չեզոք պետություն էր ներկայանում, բայց հիմա կարելի է ասել, որ Շվեյցարիան արտադաշինքային կամ նեյտրալ պետությո՞ւն է: Շվեյցարիան միացավ հակառուսական սանկցիաներին, և դրանով նրա նեյտրալիտետը վերացավ: 
  • Եթե 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից, չէ՞ որ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Ո՞ր պետությունն է դատարկ այդ տեղը լցնելու. կա Իրան, Ադրբեջան և Թուրքիա:
  • Եթե Իրան-ԱՄՆ պատերազմում Իրանը պարտվի, TRIPP-ի արդիականությունը կվերանա, իսկ եթե հաղթի, Իրանը թույլ չի տա ոչ մի Միջանցքի գոյություն, եթե ինքն այդտեղ ներկայություն չունենա:
  • Ռուսական կողմը փորձում է իր շահերն ապահովել, Արևմուտքը փորձում է Հայաստանին քաշել իր կողմը՝ ունենալով ինչ-ինչ հետաքրքրություններ…
    Վերջերս շատ ճիշտ միտք արտահայտեց արևելագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը, որի հետ համաձայն եմ միանշանակ. նա ասաց՝ հարգելի՛ հայեր, հարգելի՛ հայրենակիցներ, հասկացե՛ք, Ռուսաստանի համար Հայաստանի հարցը ոչ միայն Հայաստանի հարցն է, այլ առաջին հերթին՝ Ռուսաստանի անվտանգության հարցն է: Միանշանակ համամիտ եմ իր հետ: Սա է, և դա շատ պարզ է։ Այո՛, նմանապես Իրանի համար կարմիր գիծ է, բոլորն իրենց շահերն ունեն։ Իսկ Հայաստանի շահը որտե՞ղ է։

  • Հրեա ժողովուրդ և Իսրայել պետություն հասկացությունները բոլորովին տարբեր բաներ են: Իսրայելը բավականին ցինիկ ու ագրեսիվ պետություն է դարձել: Կրկնում եմ՝ խոսքս հրեա ժողովրդի մասին չէ: Մինչ այս փորձը Հայոց ցեղասպանության ճանաչման 10 փորձ է եղել Քնեսեթում: Եթե հիմա ստացվի ճանաչել, կարելի է փորձել օգտվել դրանից, բայց Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից հրաժարվել է… հետևաբար՝ որևէ սպասում պետք չէ ունենալ: Եթե երկրի Արտգործնախարարությունը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից հրաժարվել է, ուրեմն որևէ սպասում պետք չէ ունենալ, որ կարձագանքեն: Ես սա որպես դիվանագետ եմ ասում: Բայց որպես քաղաքացի՝ կասեմ՝ Իսրայել պետությունը թող «ցեղասպանություն» բառը առհասարա՛կ չհիշատակի, որովհետև նախ ինքը Գազայում ցեղասպանություն է իրականացրել, և բացի դրանից՝ Նեթանյահուի կառավարությունն իրավունք չունի մոտ գալ այդ հարցին, որովհետև Իսրայելի կառավարության և անձամբ Նեթանյահուի ձեռքերը մինչև արմունկները թաթախված են հայերի արյան մեջ. 44-օրյա պատերազմը՝ վկա:

Հիշեցնենք. հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գեդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում, քանի որ կարծում է՝ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»։ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարություններ արեցին այդ կապակցությամբ:

  • Ադրբեջանն ակնհայտ պրոթուրքական հայտարարություն արեց Իսրայելի կառավարության այդ որոշումից հետո, թեպետ նրա համար ավելի ձեռնտու կլիներ, եթե առհասարակ լռեր, բայց երևի Թուրքիայից ճնշումը մեծ էր:
  • Եթե դեպի Եվրոպա մերձեցումը շարունակվի, մեզ շատ ծանր օրեր են սպասում: Ռուսաստանի կողմից արդեն կարող են լինել նաև ֆինանսական սանկցիաներ, կարգելվեն դրամական փոխանցումները, իսկ դա աղետալի կլինի մեր քաղաքացիների համար: Բացի դրանից, թուրքական էքսպանսիայի վտանգը կա այդ պարագայում, ինչպես Աջարիայում եղավ: ԵԱՏՄ-ում մնալը տնտեսապես շահավետ կլինի, բայց դա էլ ավտոմատ կնշանակի՝ սառեցում Եվրոպայի հետ, որը նույնպես լավ չէ: Մենք հիմա մեզ այն վիճակում ենք դրել, որ մեկի հետ լինելը մյուսի դեմ լինել է նշանակում: 

Աջարիայի նկատմամբ Թուրքիայի էքսպանսիան «փափուկ ուժի»՝ տնտեսական ներդրումների և մշակութային-կրոնական ծրագրերի միջոցով տեղի ունեցավ, որը հանգեցրեց թուրքական ազդեցության կտորուկ աճի։

Թուրքական կապիտալը կազմում է Աջարիայի օտարերկրյա ներդրումների մոտ 80-90%-ը։ Բաթումի կենտրոնում ու Սև ծովի ափամերձ հատվածում թուրքական ներդրումներով կառուցված հյուրանոցներ, խաղատներ և առևտրային կենտրոններ են։ Սրճարան-ռեստորանները, հյուրանոցները, այլ բոլոր բիզնեսները պատկանում են թուրք գործարարներին։ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը (Diyanet) ակտիվորեն աջակցում է Աջարիայի մահմեդական համայնքին։ Թուրքական ֆինանսավորմամբ կառուցվում կամ վերանորոգվում են մզկիթներ, իրականացվում են կրթական ծրագրեր, ինչը Վրաստանում որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս։ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և այլ գործիչներ նույնիսկ չեն թաքցնում Վրաստանից իրենց տարածքային նկրտումները:  Քննարկվել է Աջարիայի հազարավոր թուրք բնակիչների կողմից վրացական անձնագրեր ստանալու հարցը։

  • Հայաստանի պատմության մեջ՝ սկսած միջնադարից, անգամ, եթե խոսենք մեր հայկական վերջին թագավորության՝ Կիլիկիայի թագավորության մասին, երբևիցե Արևմուտքից խաղաղություն չի եկել։ Չկա նման օրինակ, որ Արևմուտքը մեզ օգնել է որևէ հարցում, անգամ Կիլիկիայի թագավորության վերջին օրերին Եվրոպան չեկավ օգնության, փախան, ունենալով բարեկամ թագավոր՝ չօգնեցին: Կամ՝ հիշենք Ցեղասպանությունը։ Ինչո՞վ է Եվրոպան կամ Ամերիկան մեզ օգնել այդ հարցերում: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին կարող ենք հիշել, կամ, որ Մուսա լեռան ժողովրդին ֆրանսիական նավն է հանել, բայց դրանք փոքր դրվագներ, էլեմենտներ են… Միևնույն ժամանակ գերմանական և բրիտանական սպաները ծառայում էին Օսմանյան, թուրքական բանակում։ Եղե՞լ է… Այո՛։ Մեր տարածաշրջանում ռուսները արյուն են թափել, այո՛, մեր սիրուն աչքերի համար չեն թափել, դա ակնհայտ է, իրենք իրենց շահերը ունեին, բայց որևէ այլ օրինակ չունենք մենք, ո՞վ է մեզ համար կռիվ արել։ Ո՛չ ոք։ Դա է իրականությունը, դա է մեր պատմությունը, որը պետք չէ մոռանալ։ Հիմա մենք եկել ենք՝ Եվրոպայից խաղաղությո՞ւն ենք ուզում ստանալ։ Կներեք, իսկ որտե՞ղ է առհասարակ Եվրոպան խաղաղություն բերել։ Ո՛չ մի տեղ։ Աշխարհով մեկ, որտեղ բրիտանական մանդատներ են եղել, առ այսօր պրոբլեմներ են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031