Այլընտրանքային ճանապարհը չի՛ գործելու, Հայաստանը հայտնվելու է բլոկադայի մեջ, Արցախի օրին… ազգի քթից է գալու. Աշոտ Սևյան
«Նիկոլ Փաշինյանը քննարկելու բան չունի, նրան ասել են՝ «պիտի տաս», ինքը տալու է։ Ուղղակի հիմա Նիկոլ Փաշինյանն ինֆորմացիա է դաշտ գցում։ Նախկինում ինչպե՞ս է եղել, օրինակ՝ Խորհրդային Միության ժամանակ ուզել են հացը թանկացնել, պանիկա են գցել ժողովրդի մեջ, հատուկ տարածողներ են եղել, որ գիտե՞ք՝ հացը թանկացնելու են։ Կողքից վերահսկող մարմինները նայել են՝ ժողովուրդն ինչ ռեակցիա է տալիս հացի թանկացմանը։ Եթե տեսել են, որ ժողովուրդը նորմալ է տանում, թանկացրել են, եթե ոչ՝ ասել են, թե սուտ է, դեզինֆորմացիա է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Սևյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, որոնք վերջին շրջանում վերաբերում են Տիգրանաշենին, որը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ չի համարում ՀՀ տարածք։
Ազատամարտիկը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի տրամադրություններն է շոշափում, բայց անկախ այդ տրամադրություններից, նա արդեն հստակ որոշել է՝ Տիգրանաշենը հանձնելու է։
«Նայեք ինքներդ, այս իշխանությունը երկրի կեսը տվել է ու, ցավոք, մարսել է։ Խոսակցությունը գցել է ժողովրդի մեջ, մի հատ էլ ասում է՝ «Տիգրանաշեն չէ, Քյարքի է»։ Այդ մարդուն թվում է, որ Տիգրանաշենը հանձնեց, կենտրոնական մայրուղին այլընտրանքային ճանապարհի հաշվին գործելու է, վստահ ասում եմ՝ այլընտրանքային ճանապարհը չի՛ գործելու, Հայաստանը հայտնվելու է բլոկադայի մեջ, հայտնվելու է Արցախի օրին»,- հավելեց Աշոտ Սևյանը։
Ազատամարտիկի կարծիքով՝ Տիգրանաշենի պատմությունը, որը Նիկոլ Փաշինյանը դաշտ նետեց, կապված է «Թրամփի ուղու» հետ՝ Իրանին կրկին բոլկադայի մեջ առնելու համար է անում Միացյալ Նահանգները, Նախիջևանով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից զորք մտցնելու համար է նաև։ Ավելին՝ այս ամենի վերահսկողությունն էլ լինելու է Թուրքիայի ձեռքին՝ մինչև Իրանի սահմանին։
«Ես չեմ էլ կասկածում, որ այս մարդիկ այդ տարածքը տալու են՝ ստանձնել են Ալեքսանդրապոլի պայմանագրի պայմանների կատարման պարտականությունները։ Այս ամենը կանխելու միակ մեխանիզմը վերջում լինելու է պատերազմը, որովհետև մեր երկրին այդ աստիճանին են հասցրել։
8 տարի շարունակ այս իշխանությունը խոսում է խաղաղության մասին, բայց երկրի կեսը հանձնել է, երիտասարդների կեսին կոտորել է։
Բացի այդ ամենը՝ մեր տարածաշրջանն է ընդհանուր մտնելու բախումների մեջ։
Ցավալին այն է, որ այս ամենի դիմաց մենք ոչինչ չենք ստանալու, ավելի շատ ստանալու ենք նվաստացում։
Գուցե մեծ-մեծ եմ խոսում, բայց չկա արդարացում, որ երկու գերի բերելու համար Տիգրանաշեն տան։ Չկա նման հասկացողություն, հասկանո՞ւմ եք։ Կյանք են տալիս, որ հող պահեն, ոչ թե հող են տալիս, որ կյանք պահեն։ Սա չլսված բան է։ Ասենք՝ երեք միլիոն Հայաստանն է հիմա գերության մեջ»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Նա շեշտեց՝ նահատակները, որ կռվեցին ու իրենց երիտասարդ կյանքը տվեցին, ի՞նչ է՝ չէի՞ն հասկանում, որ կարող են չկռվել ու իրենց կյանքը փրկել, գիտեին, բայց նրանք նախընտրեցին կռվել, ոչ թե հող հանձնել։
«Ամեն ինչ անում են, որ Հայաստանը նվաստացում ստանա։ Իրոք, ամոթը լավ բան է, էլի, ախր իր արածներն այս ազգի քթից է մի օր գալու»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։

