Ռուսաստանն ամեն գնով պետք է պահեր Լաչինի միջանցքը. պնդում եմ՝ 2018թ.-ից ՔՊ-ի ներքին սցենարներում է եղել Արցախն Ադրբեջանին հանձնելը. Տիգրան Աբրահամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ռուսական ռազմական ներկայություն ասվածը երկու էլեմենտ ունի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան և ռուսական սահմանապահ ուժերը: Այս պահին էլ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանում շարունակում են ծառայել ռուս սահմանապահները: Իսկ ովքե՞ր են կանգնելու այդ սահմանին, եթե ռուսները դուրս գան: Հասկանում ենք, չէ՞, որ խոսքը ճակատի հսկայական գծի մասին է: Մեզ հսկայական քանակի անձնակազմ է պետք այդ հատվածների անվտանգությունն ապահովելու համար: Այլ բան է, որ գործող այս իշխանության համար երկրի անվտանգությունը հետաքրքիր չէ, և սիմվոլիկ ցուցադրական ուժեր սոսկ կտեղադրեն այդտեղ… Ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնող իշխանությունից այլ բան ակնկալել չի կարելի:
- Մոսկվայում շատ լավ գիտակցում են՝ Հայաստանում արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում: Ակնհայտ է, որ ինչ-որ փուլում սա ենթադրում է 102-րդ ռազմաբազայի դուրսբերում: Նույն սխեման 20-23 տարի առաջ Վրաստանում է աշխատել: Ռուսաստանի նախագահը Բիշքեկում պատահական չարծարծեց թեման, հենց այնպես չասաց՝ եթե ձեզ պետք չի, այսօր էլ կարող ենք հանել բազան: Կարծում եմ՝ Ռուսաստանում գիտակցում են, որ թեման, միևնույն է, բացվելու է ու անգամ արդեն քննարկվում է Հայաստանի կառավարությունում, և իրենց ասելիքն այդ մասով Բիշքեկում ասացին:
Հիշեցնենք. Վրաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերումը տեղի ունեցավ 1999-2007 թվականներին՝ Արևմուտքի հետևողական դիվանագիտական ճնշման, ԵԱՀԿ-ի միջնորդության և վրացական հակառուսական իշխանությունների պահանջների ներքո։
Գործընթացի սկիզբը դրվեց 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովում, որտեղ Մոսկվան միջազգային պարտավորություն ստանձնեց փակել իր բազաները։ Սակայն գործը տեղից շարժվեց և կտրուկ արագացավ Վրաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունից՝ 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունից» հետո։ Իշխանության եկած Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմը Արևմուտքի (առաջին հերթին՝ ԵԱՀԿ-ի ու ԱՄՆ-ի) պահանջով կոշտ դիրքորոշում որդեգրեց՝ ռուսական զորքերը բացահայտորեն որակելով որպես օկուպացիոն ուժեր, որոնք սպառնում են երկրի ինքնիշխանությանը և աջակցում սեպարատիստական վարչակարգերին։
ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն անընդհատ քաղաքական ճնշում էին գործադրում Կրեմլի վրա՝ պահանջելով կատարել Ստամբուլյան հանձնառությունները։ Տեսնելով Վրաստանի արևմտամետ կուրսը և միջազգային համակարգված ճնշումը՝ Մոսկվան ստիպված եղավ զիջել։ 2005 թվականին ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ բազաների դուրսբերումը պետք է ավարտվեր մինչև 2008 թվականը։ Սակայն վրացական կողմի պահանջով գործընթացն ավարտվեց նախատեսվածից շուտ, և արդեն 2007 թվականի նոյեմբերին վերջին ռուսական ստորաբաժանումները լքեցին Վրաստանի տարածքը։
Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի վարչակազմը հայտարարեց արևմտյան ինտեգրման և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու ռազմավարական ուղու մասին: Քարոզչական հարթությունում ակտիվորեն առաջ էր մղվում այն թեզը, որ ՆԱՏՕ-ի չափանիշներին ձգտող և ժողովրդավարական ուղի բռնած երկիրը չի կարող հանդուրժել իր հողում այլ պետության ռազմական ներկայություն, որը կասկածի տակ է դնում երկրի արտաքին քաղաքական կուրսը:
2008թ. Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն հայտարարել էր՝ «Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ», սակայն մինչ օրս ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ չէ, այլև չդարձավ ԵՄ լիիրավ անդամ, միայն ստացավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ու վիզային ռեժիմի ազատականացում, որն էլ վերջերս կասեցվեց՝ վերջին տարիներին Վրաստանում արձանագրված ներքաղաքական զարգացումների, իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով: ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և սառեցրեց ֆինանսավորումները՝ պատճառաբանելով իշխանությունների վարած հակաժողովրդավարական քաղաքականությունը։

- 44-օրյա պատերազմից հետո էլ այս իշխանությունների և նրանց սատարող շրջանակների կողմից քննարկվել է ռուսական 102-րդ ռազմաբազան (որը գործում է երկկողմանի պայմանագրի վրա՝ մինչև 2044 թվականը) Հայաստանից դուրս բերելու հարցը: Ասում էին՝ եթե պատերազմի ժամանակ չի միջամտել, ինչների՞ս է պետք: Բայց կողմերի հայտարարություններից դատելով՝ երկուսն էլ կարծես թե այս պահին ռազմաբազան հանելու խնդիր իրենց առաջ չեն դրել: Շիրակի, Արարատի, Արմավիրի ու Սյունիքի մարզը զգալի մասով պահպանվում է ռուսական սահմանապահ ուժերի կողմից:
- Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Թուրքիան 2-3 անգամ սպառնացել է հարձակվել Հայաստանի վրա, և միայն ռուսական կողմի կոշտ միջամտության արդյունքում է խնդիրը սառեցվել: Ռուսաստանը տարբեր փուլերում եղել է բալանսավորող, անկախ նրանից, թե ինչ հակասական գնահատականներ են տրվել: Բայց հարցն այն է, որ Հայաստանի իշխանության առաջ իրենց արտաքին հովանավորների կողմից խնդիր կա դրված՝ նվազեցնել ռուսական ներկայությունն այստեղ, հետևաբար՝ վաղ թե ուշ բազայի հարցը դրվելու է:
- Ինձ համար տհաճ է, որ հայ ժողովրդին վերաբերող թեման բաց քննարկում են ուղիղ եթերում, և արդեն տնտեսական սանկցիաներով են զգուշացնում մեզ՝ մասնավորապես խոսելով գազի գնի բարձրացման մասին:
- Այն, որ ռուսական կողմը 2020-23թթ. առիթ է տվել օբյեկտիվ քննադատությունների, միանշանակ է: Բայց այստեղ մեկնակետը Ղարաբաղի թեման է տրվում, մինչդեռ թեման շատ ավելի գլոբալ է, որովհետև Փաշինյանին իշխանության բերած ուժերի ուշադրության կենտրոնում ռուսական ազդեցության թուլացումն էր: Եվ նայում էին այն բոլոր ուղղություններին, որոնցում Ռուսաստանն ուներ դերակատարություն: Դրա կենտրոնում Արցախյան հարցն է, որի կարգավորմամբ ակտիվորեն զբաղված էր Ռուսաստանը: Պետք էր Ռուսաստանին թեմայից հանել, և դրա միակ ճանապարհն այդ հարցի որևէ ձևով «լուծումն էր»: Այդ «լուծումը» դարձավ Արցախի հանձնումը կամ ադրբեջանացումը: 3-րդ երկրների համար նշանակություն չուներ՝ Արցախն Ադրբեջան կլինի՞, Հայաստա՞ն, թե՞ չեզոք ինչ-որ բան: Նրանց պետք էր, որ Ռուսաստանի պեչատը քիչ լինի:
- 2023թ. ռուսական կողմն ունեցել է խնդիրներ, որովհետև Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթով անգամ Արցախը հայկական էր: Եվ Արցախի հանձնման մեջ ռուսներին հարցերը շատ են: Ես պնդում եմ, որ 2018թ.-ից հետո Հայաստանի այս իշխանությունների ներքին սցենարներում Արցախի թեմայի «հանգուցալուծումը» նախատեսված է եղել Արցախն Ադրբեջանին հանձնելու միջոցով: Եվ նրանց ու նրանց արտաքին կուրատորների խնդիրն է եղել հնարավորինս արագ աշխատել «ռուսական քեյսի» հետ, որ պատասխանատվությունն ամբողջությամբ գցեն Ռուսաստանի վրա:
- Ով որ իր առաջ խնդիր էր դրել Հայաստանի հաշվին լուծել իր խնդիրները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Իրանը, յուրաքանչյուրն իրենը ստացավ, և մենք մնացինք մեր կորուստների ու խնդիրների հետ:

- 2022թ. Պրահայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, իհարկե, կանաչ լույս վառեցին Ադրբեջանի համար, բայց նույնիսկ այդ պայմաններում Ռուսաստանը շարունակում էր մնալ եռակողմ պայմանագրի մաս՝ պատասխանատվության իր չափով: Այնպես որ, համոզիչ չեն Ռուսաստանի այն փաստարկները, թե 2022թ. Պրահայից հետո իրենք անելիք չունեին: Ես կարծում եմ, որ պայմանավորված ուկրաինական գործոնով՝ Ռուսաստանի համար այդ պահին այլ առաջնահերթություն կար:
- Ռուսաստանն իր վերահսկողությանը հանձնած միջանցքը՝ Լաչինը, բոլոր հնարավոր եղանակներով՝ դիվանագիտական կամ ռազմական, պետք է պահեր իր վերահսկողության տակ, կամ էլ պետք է դուրս գար Նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Հակառակ դեպքում ինքն Արցախի հանձնման պատասխանատվությունը կիսում է Հայաստանի իշխանության հետ:
- Հայաստանում 2018թ. տեղի ունեցածը գունավոր հեղափոխություն չեն համարում նրանք, ովքեր խնդիր ունեն ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ: 2018-ին եղել է արտաքին հստակ միջամտություն, և արտաքին միջամտությունն այսօր էլ է իր կոնտրոլի տակ պահում Հայաստանի իշխանությանը և ոչ միայն:
- Երբ մեր ընդդիմադիր հատվածի վրա ճնշում է լինում, թե՝ ինչո՞ւ իշխանափոխություն չեք անում, ծամոն դարձրած կարգախոսի պես, բոլոր խնդիրները վերագրում են Սերժ Սարգսյանին: 2018թ. տեղի ունեցած գունավոր հեղափոխությունից հետո Հայաստանում մեկ ընդդդիմադիր ուժ կար: Դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էր: Զգուշացնում էինք՝ Արցախի դեմ է արվում այդ ամենը: Եվ երբ շատերը լուռ էին, շատերն էլ կիսում էին հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, Հանրապետականը խոսում էր քաղաքական դատավարությունների դեմ ու ներկա էր գտնվում Ռոբերտ Քոչարյանի դատերին:
- Եթե Ռուսաստանը հեռանա Հայաստանից, տեղը դատարկ չի մնալու. այդ վակուումը լրացնելու են Թուրքիան և Ադրբեջանը: Բոլոր սցենարային հաշվարկների պարագայում Ռուսաստանի՝ որևէ ձևով Հայաստանից դուրս գալն ավելացնելու է թուրք-ադրբեջանական դերակատարությունը: Եթե բանակցություններում մենք նստելու ենք տաբուրետկայի վրա, բնականաբար, որևէ հարց Հայաստանի օգտին չի լուծվելու: Եվ այն, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանի հետ, շատ պարզ արտահայտված է Թուրքիայի դիվանագիտական և Ադրբեջանի շատ պարզ, բացահայտ հայտարարությունների մեջ:
- Ո՞ւմ հետ եք խաղաղություն կնքում: Չմոռանանք, որ «խաղաղության» պայմաններում ադրբեջանական բանտերում կան հայեր, որոնք գտնվում են պատանդի կարգավիճակում: Ընդ որում, երբ խոսվում է 19 պատանդի մասին, եթե նրանցից 8-ն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, մնացածը որևէ մասնակցություն ռազմական գործողություններին չեն ունեցել:
- Անթույլատրելի է Տիգրանաշենի թեման համեմատության մեջ դնել Ջերմուկի թեմայի հետ: Դա ոչ միայն տեղին չէ, այլև անտրամաբանական է: Գլխավոր թեման պետք է լիներ՝ նայել՝ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդայնացման ժամանակ այդ տարածքային փոփոխություններն ի՞նչ հանգամանքներում են եղել, և կա՞ն արդյոք դրանց տակ դրված որոշումներ: Դրանք այն ժամանակ գյուղեր չեն եղել, այլ գյուղատնտեսական նշանակության տարածքներ, որոնք օգտագործվել են կոլխոզների կողմից: Տիգրանաշենի հետ կապված որևէ իրավական փաստաթուղթ գոյություն չունի, որ այն եղել է ադրբեջանական: Խորհրդայնացման ժամանակ Տիգրանաշենը եղել է հայկական: Հայաստանի իշխանությունն ադրբեջանական ճնշման պարագայում առաջնորդվում է ոչ թե իրավական փաստաթղթերով, այլ քաղաքական պարտադրանքով:
- Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ Սյունիքից, Ջերմուկից ու այլ օկուպացված տարածքներից դուրս գալուն, Ադրբեջանի կողմից ներկայիս ամրաշինական գործողությունները, խոշոր ռազմական հենակետերն ու բունկերները, պաշտպանական հետագծերը թույլ չեն տալիս լավատեսություն ունենալ, որ առաջիկա տարիների ընթացքում Ադրբեջանը դուրս կգա այդ տարածքներից: Ադրբեջանն ինչ-որ փուլում հասնելու է նրան, որ դելիմիտացիան վերաբերի միայն իրեն հանձնվող տարածքներին:
- Երբ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այդ արտառոց հայտարարությունը եղավ («Բանակում զոհերի համար միայն ես պատասխանատու չեմ»,- ասել էր Պապիկյանը), ես մտքերով հետ գնացի 2019թ., երբ Պաշտպանության բանակում հունվար ամսվա ընթացքում մի քանի իրար հաջորդող դեպքեր եղան, Փաշինյանի մասնակցությամբ խորհրդակցություն եղավ, և Փաշինյանը համարեց, որ դրա պատասխանատուն ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն է, և նրան պաշտոնից ազատեցին՝ նրա փոխարեն ՊԲ հրամանատար նշանակելով Ջալալ Հարությունյանին: Հիմա նույն այս իշխանությունը ավելի շատ ու արտառոց դեպքերի պարագայում ասում է՝ բանակի հրամանատարությունը պատասխանատու չէ զոհերի համար: Եվ դա զարմանալի չէ: Պատերազմից հետո էլ Փաշինյանը հայտարարում էր, որ արդյունքի պատասխանատուն բոլորն էին, բայց ոչ ինքը: Ինքը պատասխանատու էր Հուլիսյան մարտերի ժամանակ, երբ քիչ թե շատ հաջողության կար: Պապիկյանը ճիշտ է մի բանում՝ միայն ինքը չի պատասխանատու, այլ իր շեֆը: Պապիկյանն իր հայտնի աղմկահարույց ճեպազրույցի ժամանակ ոչ այնքան ժողովրդին էր դիմում, որքան ուղերձ էր փոխանցում Նիկոլ Փաշինյանին: Ամեն դեպքում երբ սրանք բանակը վերածել են ինչ-որ հիմնարկի կամ ցեխի, մի քիչ էս կողմ, մի քիչ՝ այն, այնքան էլ կարևոր չէ՝ ում կդնեն պաշտպանության նախարար:

- Սրանք մանիպուլացնում են զոհերի թվերը: Եթե զինծառայողը զորամասում ինչ-որ մեկի հետ խնդիր է ունեցել, բայց ինքնասպանության դիմել է տանը կամ այլ տեղում, նշանակում է՝ էդ մահը բանակի հետ կապ չունի՞: Եթե նման բան են պնդում, կա՛մ չեն հասկանում, կա՛մ մեզ հիմարի տեղ են դնում:
- Ասում են՝ քֆուր է դրված դիրքում քնելու համար: Դիրքում քնում են երկու պատճառով՝ կա՛մ թքած ունեն այլոց վրա, կա՛մ հոգնում են: Ես պնդում եմ, որ զինվորները հոգնում են: Կոնֆլիկտներ թույլ չտալու համար ամեն դիրքում անձնակազմը գոնե 2-ով պիտի ավելանա: Այս պարագայում ծանրաբեռնվածության թեման 80%-ով գոնե կփակվի: Եթե նախարարը խոսում է քֆուր դնելու մասին, ուրեմն քրեական ենթամշակույթի դեմ այս իշխանության ընդունած օիենքները ոչ մի հարց չեն լուծում: Եթե քրեական ենթամշակույթը մտել է բանակ, խեղդել է բանակը, ամենուր բարդակ է, այդ բանակը ոչ մի լուրջ խնդիր չէր կարող լուծել:
- Բանակում հոգևորականները նաև հոգեբանի դեր էին ատարում, սրանք դա էլ վերացրեցին, հանեցին հոգևորականներին բանակից: Եթե ինչ-որ մեկի հետ խոսելն իր խնդիրների մասին կարող էր ճիշտ չնայվել, ապա հոգևորականի հետ զինվորի զրույցը որևէ հարց չէր առաջացնում, և հոգևորականները բանակում շատ հարցեր էին հարթում:
Մանրամասները՝ տեսանյութում:

