Ի՞նչ է թաքնված ԵՄ անդամակցության Հայաստանի հայտին Բրյուսելի զուսպ արձագանքի հետևում
Երևանը հայտարարեց, որ պատրաստվում է թակել Եվրամիության դուռը, սակայն Բրյուսելը չշտապեց ողջունել Հայաստանի արդեն պաշտոնական հայտը ԵՄ անդամակցության ուղղությամբ։ Հայաստանի շուրջ բարդ աշխարհաքաղաքական միջավայրի ու հայ-ռուսական ներկայիս ճգնաժամի ֆոնին հենց այս զուսպ արձագանքն է, որ Հայաստանի եվրոպական ընտրության շուրջ ավելի հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։
Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մոտ ապագայում կսկսի Եվրամիությանն անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթացը։
Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է նախ պաշտոնապես դիմել ԵՄ-ին, ստանալ անդամակցության հնարավորության և պայմանների վերաբերյալ պատասխաններ, ապա միայն հասկանալ հետագա քայլերը։ Այս հայտարարությունը հնչեց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների աննախադեպ լարվածության պայմաններում, երբ Մոսկվայի հետ նախկին անվտանգության և ռազմավարական գործընկերության համակարգը փաստացի գտնվում է խոր ճգնաժամի մեջ։
Սակայն ուշագրավ էր ոչ այնքան Փաշինյանի հայտարարությունը, որքան դրա նկատմամբ Բրյուսելի արձագանքի բնույթը։ Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը հայտարարեց, որ «Հայաստանն այսօր ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբևէ», բայց նաև անմիջապես ընդգծեց, որ ԵՄ անդամակցությունը ենթադրում է «հստակ գործընթաց» և պահանջում է պաշտոնական հայտ։ Նա նաև նշեց, որ ԵՄ-ն արդեն աշխատում է Հայաստանին ավելի մոտեցնելու ուղղությամբ՝ տրանսպորտային և էներգետիկ կապերի, առևտրի և այլ ոլորտների միջոցով։
Առաջին հայացքից սա կարող է թվալ սովորական բյուրոկրատական պատասխան։ Բայց եթե այն դիտարկենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս համատեքստում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ Բրյուսելը չօգտվեց Հայաստանի հայտարարությունից՝ ավելի բարձր մակարդակով և ավելի հստակ քաղաքական ուղերձով ցույց տալու, որ Երևանն ունի աշխարհաքաղաքական այլընտրանք։ Ռուսաստանն արդեն բացահայտորեն խնդիրը դիտարկում է՝ որպես իր ազդեցության գոտու փոփոխություն։
Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հերթական անգամ հայտարարեց, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցությունն անհնար է, իսկ Սերգեյ Լավրովն այս օրերին հերթական անգամ կասկածի տակ դրեց Հայաստանի եվրոպական հավակնությունների երկարաժամկետությունը։ Այս պայմաններում Բրյուսելի կողմից ավելի բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունը կարող էր լինել Երևանին ուղղված շատ հստակ աջակցություն։
Այդուհանդերձ, ԵՄ-ն ընտրեց զգուշավորության ճանապարհը։ Պատճառներից մեկը թերևս հենց այն է, որ Բրյուսելի համար հատկապես այս փուլում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևոր է, բայց դա դեռ չի նշանակում, որ Բրյուսելը պատրաստ է ստանձնել Հայաստանի անվտանգության, տնտեսական կամ աշխարհաքաղաքական բոլոր ռիսկերը։
Այստեղ առաջանում է ավելի խորքային հետևյալ հարցը՝ ԵՄ-ն իրականում որքանո՞վ է հետաքրքրված Հայաստանի արագ ինտեգրմամբ, և որքանո՞վ է եվրոպական ինտեգրման թեման օգտագործում որպես աշխարհաքաղաքական գործիք Հարավային Կովկասում։ Այս երկու երևույթները նույնը չեն։
Բրյուսելը կարող է մեծացնել իր ներկայությունը Հայաստանում՝ ընդլայնելով առևտրային կապերը, էներգետիկ և տրանսպորտային նախագծերը, անվտանգության համագործակցությունը, բարեփոխումների ֆինանսավորումը և ինստիտուցիոնալ կապերը՝ առանց Հայաստանին մոտ ապագայում անդամակցության քաղաքական երաշխիք տալու։
Եվ վերջին զարգացումները հենց այս տրամաբանության մեջ են տեղավորվում․ սեպտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդն աջակցեց Հայաստանի արտադրանքի շուրջ 80 տոկոսի համար առևտրային արտոնությունների ժամանակավոր ընդլայնմանը՝ միաժամանակ ընդգծելով, որ միջոցառումը նաև Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշմանը հակազդելու գործիք է։
Այսինքն՝ Բրյուսելը Հայաստանին տալիս է ավելի շատ Եվրոպա՝ առանց դեռ խոստանալու Եվրոպական միություն։ Սա կարող է լինել Հայաստանի համար և՛ իրական հնարավորություն մի շարք ոլորտներ, և՛ ռիսկեր։ Եվ այդ ռիսկերին Հայաստանը ներկայումս արդեն բախվել է տնտեսական, այսպես կոչված, սանկցիաների տեսքով, իսկ Ռուսաստանի դեպքում պոտենցիալ ռիսկերի շարքը բավականին մեծ է՝ սկսած էներգակիրների գնի փոփոխությունից մինչև ԵԱՏՄ անդամակցությունից բխող բազմաթիվ արտոնությունների վերացում։
Այս կոնտեքստում արդեն չափազանց կարևոր է դառնում այն, թե ինչի՞ դիմաց ի՞նչ գին է վճարելու Հայաստանի Հանրապետությունը։ Երևանը չի կարող իր ռազմավարական հաշվարկը կառուցել միայն այն ենթադրության վրա, որ Ռուսաստանից հեռանալուն զուգահեռ՝ Եվրոպան ինքնաբերաբար կզբաղեցնի Ռուսաստանի թողած անվտանգային և տնտեսական ամբողջ տարածքը։
Բրյուսելը Հայաստանին կարող է մոտեցնել իրեն, աջակցել որոշ ոլորտներում, բայց դա դեռ չի նշանակում, որ պատրաստ է ստանձնել այն ամբողջ պատասխանատվությունը, որը նախկինում ակնկալվում էր Մոսկվայից գոնե տնտեսական ու էներգետիկ ոլորտներում։ Հետևաբար՝ Հայաստանի եվրոպական ընտրության իրական քննությունը նույնիսկ ոչ թե այն է, թե որքան ջերմ է Բրյուսելի հաջորդ հայտարարությունը, այլ, թե ինչ հեռանկար է ԵՄ-ն տեսնում Հայաստանի համար։
Այս իմաստով Բրյուսելի զուսպ արձագանքը գուցե նույնիսկ օգտակար նախազգուշացում է Երևանի և, մասնավորապես, հանրության համար․ Եվրոպան Հայաստանի փոխարեն չի կատարելու այդ ընտրությունը և չի վճարելու դրա ամբողջ գինը։ ԵՄ անդամակցության մասին խոսելը դեռ եվրոպական անվտանգային հովանոց ունենալու մասին չէ։
Ուստի Հայաստանի եվրոպական ընտրության մասին խոսելիս պետք է չմոռանալ մեկ այլ, ոչ պակաս կարևոր ընտրության մասին՝ Եվրոպական միության ընտրությունը Հայաստանի հարցում։ Երևանը կարող է հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր ռազմավարական նպատակի մասին, սկսել պաշտոնական գործընթաց, իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները և պատրաստ լինել անդամակցության չափանիշներին, սակայն վերջնական որոշումը միայն Հայաստանի ձեռքում չէ։ Այն պահին, երբ Հայաստանը թակում է եվրոպական դուռը, նույնքան կարևոր է հարցը՝ պատրա՞ստ է արդյոք Բրյուսելը բացել այդ դուռը։
Եվ հենց այստեղ է Հայաստանի եվրոպական քաղաքականության ամենամեծ անորոշությունը։ ԵՄ-ն այսօր պատրաստ է Հայաստանին ավելի մոտեցնել իրեն, խորացնել տնտեսական, քաղաքական և անվտանգային կապերը, բայց դեռ չի տվել այն գլխավոր քաղաքական պատասխանը, որի շուրջ կառուցվում է ամբողջ գործընթացը՝ արդյո՞ք Հայաստանի համար անդամակցության դուռն իսկապես բաց է։ Թերևս մյուս հարցն էլ հետևյալն է՝ եթե ԵՄ-ն հայտարարի, որ պատրաստ է ընդունել ՀՀ-ին, դա իսկապե՞ս տեղի կունենա և ե՞րբ տեղի կունենա։

