Ներդրումներն արտահոսում են, քանի որ սեփականության իրավունք գոյություն չունի, խաղում են չգրված կանոններով․ Վարդան Արամյան
Մեր կյանքի և տնտեսական միջավայրի՝ աշխարհում ընդունված կարևորագույն և աքսիոմատիկ ճշմարտությունն է՝ սեփականության իրավունքը հիմնարար է, հետևապես՝ այն երկրներում, որտեղ սեփականության իրավունքի պաշտպանությունը կաղում է, այդտեղ ներդրումները ևս կաղում են, մարդիկ էլ մտածում են պաշտպանական «նավահանգիստներ» ստեղծել՝ այնտեղ բիզնես դնել, ապա հետ գալ, որ կարողանան քիչ թե շատ պաշտպանել իրենց իրավունքները։ Մեզ մոտ խաղում են չգրված կանոններով, այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ է գրված, կառավարությունն անում է այն, ինչն իր համար քաղաքական տեսանկյունից շահեկան է, և դա խոցում է մեր տնտեսական կառուցակարգերը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Երբ 2023 թվականին ոչ թափանցիկ մի գործարք տեղի ունեցավ Քաջարանի կոմբինատի շուրջ, ընդ որում, այն ժամանակ այս աստիճանի չէր, ակնհայտ էր, որ խելամիտ և հեռատես և՛ արտաքին, և՛ ներքին ներդրողների համար դա խիստ բացասական զարգացում է։ Խաղի կանոնները հստակ ու թափանցիկ չեն, անհասկանալի են բիզնեսի համար։ Կառավարությունը փայ է ձեռք բերում մի ընկերությունում, և որևիցե մեկը չի կարող հիմնավորել, թե դա գրված ո՞ր կանոնի հիման վրա է, ի՞նչ փոխանակություն տեղի ունեցավ։ Տնտեսության մեջ այն ունի քաղաքական բնույթ, բայց դա հարձակում է բիզնեսի վրա, քանի որ հիմնականում փակվում ու կապարակնքվում են Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի բիզնեսները, մեկ օրվա մեջ կառավարիչներ են փոխվում»,- ասաց տնտեսագետը:
«ՀԷՑ-ում ընդամենը մի քանի օրում կառավարումը փոխվեց, և դա ոչ այլ ինչ է, քան հարձակում բիզնեսի վրա՝ անկախ նրանից, թե ինչ է գրված օրենքում։ Երբ բիզնեսի համար գրված կանոնները հստակ չեն, դա ազդում է նրանց համոզմունքների վրա։ Եթե սա շարունակվեց, օտարերկրյա ուղղակի ներդրումները մեզ մոտ չքանալու են։ Օրինակ, 2024 թվականին մենք իրական տնտեսությունում նույնիսկ օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումների արտահոսք տեսանք այն բանից հետո, երբ այս միջոցառումների շղթան խորացավ»,- նշեց Արամյանը:

Նախկին նախարարի կարծիքով՝ 2025-ին օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումների ցուցանիշը ևս շատ համեստ է՝ մոտ 93 միլիարդ դրամի, դա չնչին է մեր տնտեսության մասշտաբներով՝ ՀՆԱ-ի 1 տոկոսից էլ ցածր է.
«Օտարերկրյա ուղղակի ներդրումներ Հայաստան չեն հոսում։ Ոմանք ասում են՝ NVIDIA-ն Հայաստան Firebird-ն է բերել, բայց դա ամբողջապես քաղաքական է, դա այլ սիմֆոնիա է։ Գրված կանոններ, միջազգային պայմանագրեր կան, օրինակ, ՀԷՑ-ի մասով, որոնք խախտված են»:
«Կառավարության 2026-31 թթ․ ծրագիրը հաստատվեց, որտեղ նաև ներդրումների պաշտպանության ցանկն է հոյակապ տրված։ Բայց ծրագիրը պարտադիր նորմ չէ, իսկ նույնիսկ պարտադիր նորմերը՝ օրենքները կամ միջազգային պայմանագրերը, որոնք միջազգային իրավունքի մաս են, չեն կատարվում։

Ներդրումների պաշտպանության մասին գրված է, որ կառավարությունն ընդլայնելու է ներդրումների փոխադարձ պաշտպանության ենթակա երկրների ցանկը։ Մենք 1996թ․-ից ի վեր Կիպրոսի հետ նմանատիպ փոխադարձ պայմանագիր ունենք, որն արգելում է բռնագրավումը, առգրավումը կամ ազգայնացումը, մի բան, որը տեղի ունեցավ կիպրոսյան ակտիվ ՀԷՑ-ի հետ»,- ասաց Վարդան Արամյանը:

