«Ապացույցներ պետք չեն, Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինքնախոստովանական հայտարարություններ է անում. այս մարդն իրեն միապետ է հռչակել». Լարիսա Ալավերդյան

Նիկոլ Փաշինյանն ամենշաբաթյա իր ճեպազրույցներում սպառնում է ոչ միայն նախկին իշխանությունների տարբեր անդամներին, որ բոլորը պետք է նստեն բանտերում, այլև իրավապահ համակարգին ու դատավորներին։

Ըստ նրա, իրավապահ համակարգն անկախ է, բայց սպառնում է դատավորներին, որոնք, օրինակ, չեն բռնել ու դատել նախկին իշխանություններին՝ Կառավարության շենքից հայտարարելով, որ իրավապահները պետք է գնան ու նման դատավորների ունեցվածքը ստուգեն, հասնելով մինչև նրանց հարազատների ունեցվածքներին։

«Բոլորի հետևից պետք է գնան՝ իրենց, իրենց քենիների, աներձագների, պիտի պատասխան տան, թե ինչո՞ւ են հանցագործներն ազատության մեջ։ Չեմ նախանձում իրենց, ժողովրդի զայրույթն իրենցից հանելու եմ։ Իրավապահ համակարգին ասել եմ՝ գտեք բոլորին, ինձ անուններ են պետք, անուններ չեղան, ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգում զանգվածային ազատումներ են լինելու։ Մտնելու եմ շենք, ով դեմս դուրս եկավ՝ ազատելու եմ։ Այո, սաստիկ ձևով սպառնում եմ, ու ժամանակը գնում է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարություն պետք է թարգմանել, ըստ այդմ էլ՝ նրա հայտարարությունները դատավորների վերաբերյալ հետևյալն է նշանակում. «Բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվում ինձ, հրամաններս չեն կատարում, ազատվելու են»։

Կարդացեք նաև

«Այստեղ ո՛չ նախկինների հետ ունեցած կապերը, ո՛չ էլ կոռումպացված լինելը բացարձակապես կապ չունեն, միայն մեկ խնդիր կա՝ եթե չեն կատարում Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական հրամանները, ապա մեխանիկորեն դառնում են «կոռումպացված» դատավորներ։ Խնդիրը տեսել ենք, պետք չեն ապացույցներ, Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական հայտարարություններ է անում ամեն օր, այս մարդն իրեն միապետ է հռչակել ու անխտիր բոլոր դատավորներից ու դատարաններից պահանջում է ենթարկվել իրեն ու կատարել իր ապօրինի հրամանները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդ ամենի մասին հրապարակավ հայտարարություն անում, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է Եվրոպայի կառավարման ղեկին հայտնված անձանց «աչքի լույսը», նրան ուղղակի փայփայում են։

«Մասնավորապես Ուրսուլա ֆոն դեր Լայենն է այդ անձը, ով Հայաստանում, չգիտես՝ ինչպես, հայտնվում է հենց այն պահերին, երբ տեղի են ունենում քաղաքական հայացքների համար հետապնդումներ, ձերբակալություններ։ Ուսումնասիրեք այդ կնոջ հայտարարությունները, նա որևէ երկրում չի հայտարարել՝ «դուք կարող եք մեզ վրա հույս դնել», նման բան ասել է միայն Հայաստանում։ Այսօրվա ԵՄ ղեկավարությունն առհասարակ չի արտահայտում եվրոպացի ժողովրդի շահերն ու արժեքները։

Այս առումով այսօր մեր հասարակությունը բոլորովին այլ մարտահրավերի հետ է առնչվում, մենք երբեք նման բացեիբաց հայտարարություններ չենք ունեցել երկրի ղեկավարի մակարդակով»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Շարունակելով, նա նկատեց՝ անշուշտ, Հայաստանում դատական համակարգն ունեցել է թերություններ, դրա մասին բարձրաձայնել են իրավապաշտպանները, ժամանակին դրան անդրադարձել էր նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, բայց իշխանությունը չէր հայտարարում, որ պետք է միջամտի դատական համակարգին։

«Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ բոլորը պետք է ենթարկվեն իրեն։ Այսօր աշխարհում քիչ պետություններ կան, որտեղ տեղի է ունենում իրավունքի նկատմամբ այն խրախճանքը, որը տեղի է ունենում մեր երկրում։ Հասարակությունը դեռ չի գտել այն լուծումները, որով կարող են այս ամենը կանգնեցնել։ Մեզ ու մեր երկրին նույն այդ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համարում է «ճ կլասի» երկիր ու հասարակություն։ Դրա համար իրենց թույլ են տալիս այնպիսի հայտարարությունններ, որը չեն անի Ասիայի զարգացած երկրներում։

Այսօր ունենք բացարձակ միապետության ձգտող անձ, որը բոլորից պահանջում է կատարել իր հրամանները։

Նիկոլ Փաշինյանը գրոհն այս փուլում դատական համակարգի ու Առաքելական եկեղեցու նկատմամբ է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930