«Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկրի ազգային շահերի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա ավելի արագ, կոշտ և ցավոտ պատասխանի, հաղորդում է Mehr-ը։
Ըստ նրա, ԱՄՆ-ի համար ժամանակն է հասկանալու, որ «համաչափ պատասխանների» դարաշրջանն ավարտվել է։
«Ամերիկացիները պետք է հասկանան, քանի դեռ շատ ուշ չէ, որ խաղի կանոնները փոխվել են», — ասել է Ղալիբաֆը՝ կիրակի օրը խորհրդարանի բաց նիստում ելույթ ունենալիս։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իրանցիներին երկու պատերազմների ընթացքում ցուցաբերած տոկունության համար, որոնք, ըստ նրա, Իրանի դեմ սանձազերծվել էին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից համատեղ և տևել էին 12 և 40 օր։
Ղալիբաֆը երկրի իշխանություններին կոչ է արել տնտեսական դժվարությունների ֆոնին ապահովել արդյունավետ կառավարում և բնակչությանը մատուցել որակյալ ծառայություններ։ Նրա կարծիքով, ներքին միասնության և համախմբվածության պահպանումը արտաքին զսպման հետ մեկտեղ հակառակորդին դիմակայելու առանցքային պայմաններ են։
«Ժողովուրդը դժվարություններ է տանում, բայց չի հանդուրժում անարդյունավետությունն ու անգործությունը», — հայտարարել է խոսնակը։ Նա հավելել է, որ իրանցիները իշխանություններից ակնկալում են ստեղծված իրավիճակի արագ և գրագետ կառավարում։

