1 շաբաթում 2 նոր վարկ. մեկը՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար
Հայաստանն այս շաբաթ ևս երկու վարկ վերցրեց․ Կառավարության վերջին նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծերն էին։
Վարկային համաձայնագրերը հաստատվեցին. մեկը՝ զեկուցվող, մյուսը՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Ասիական զարգացման բանկից ստացվող վարկային միջոցների մասին․ Ծրագրի հիմնական ցուցանիշը, ըստ պաշտոնական հիմնավորման, առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ստեղծումն ապահովելն է։
«Ծրագրի շրջանակներում մինչ այժմ ավարտվել են 29 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 17 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել ավելի քան 15,000 աշակերտի համար»,- ասվում է ԿԳՄՍՆ ներկայացրած նախագծում։
Այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանին 2 անգամ վարկային միջոցներ են հատկացվել՝ «Սեյսմիկ ապահովության բարելավման 1-ին ծրագիր» SSIP-1 և «Սեյսմիկ ապահովության բարելավման 2-րդ ծրագիր» SSIP-2 վարկային ծրագրերով։
Իսկ «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում 50 դպրոցի կառուցման աշխատանքների մոտավոր արժեքը կազմում է 366․0 մլն ԱՄՆ դոլար, որից՝ ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորման ծախսերը կազմում են 73․0 մլն ԱՄՆ դոլար (19.9 տոկոս), Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորումը՝ 293․0 մլն ԱՄՆ դոլար (80․1 տոկոս) ։
ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագրի մասին․ Հայաստանը 80 միլիոն եվրոյի նոր վարկ է վերցնում պետական բյուջեի պակասուրդը ծածկելու համար, վարկատուն OPEC-ը՝ նավթ արտահանող երկրների կազմակերպությունն է:
«․․․նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը,- ասվում է Ֆիննախի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ և պարզաբանվում,- Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։
Նկատենք՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդը (դեֆիցիտը) 536.8 մլրդ դրամ է։
Վարկի մարման ժամկետը 18 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի․ մայր գումարի մարումն իրականացվելու է 2031թ. հուլիսի 15-ից մինչև 2044թ. հունվարի 15-ը, իսկ վարկային միջոցների օգտագործման վերջնաժամկետ է նշվել 2026թ. սեպտեմբերի 30-ը: Տոկոսադրույքը լողացող է և հուլիսի 30-ի դրությամբ կազմել է 4.241 տոկոս:

