ԵՄ վոյաժները Հարավային Կովկասում․ ՀՀ-ում անցկացված ընտրություններից հետո Բրյուսելը նոր թափով է ակտիվանում
Եվրամիությունից այսօր հաստատեցին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշման ֆոնին ընդգծելու Բրյուսելի աջակցությունը Հայաստանին: Հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի նաև Ադրբեջան:
«Ֆոն դեր Լայենի՝ Հարավային Կովկաս կատարելիք այցի նպատակն է՝ ցույց տալ ԵՄ-ի աջակցությունն այդ երկրներին»,- Reuters-ի փոխանցմամբ հաղորդում են Եվրամիությունից:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ հուլիսի 5-ին կայցելի Հայաստան:
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնց արդյունքները դեռ վիճարկվում են ընդդիմադիր ուժերի կողմից Սահմանադրական դատարանում, Եվրոպական միությունն ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայտարարելով Հայաստանին աջակցության արագ փաթեթ տրամադրելու և, ըստ էության, Ռուսաստանի սահմանափակումներից «պաշտպանելու» մասին։
Հունիսի 14-15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվեց Լյուքսեմբուրգում։ Հունիսի 15-ին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով նախարար Միրզոյանը մասնակցեց ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման։ Օրերս էլ Եվրամիությունը պաշտոնապես գործարկեց «Կապակցվածության օրակարգի հարթակը» (Connectivity Agenda Platform)՝ նախաձեռնություն, որը, ըստ Եվրոպական միության, կոչված է կամրջելու Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով։
Միջոցառմանը մասնակցեց ՀՀ ներկայացուցիչը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ ոչ։ Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով՝ Մագդալենա Գրոնոն, Բաքվում է։
Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում քննարկել է տարածաշրջանային գործընթացները, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները։
X սոցիալական ցանցի իր էջում Գրոնոն գրել է․ «Ուրախ եմ վերադառնալ Բաքու՝ իմ ադրբեջանցի գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի, հատուկ հանձնարարություններով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ ինտենսիվ խորհրդակցությունների համար։
Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային գործընթացների, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների, տրանսպորտային կապերի ոլորտում առկա հնարավորությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ Եվրոպական միության առաջիկա բարձր մակարդակի փոխգործակցության վրա։
Մենք համաձայնեցինք պահպանել երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին ձեռք բերված պատմական արդյունքների դինամիկան։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել այս գործընթացին»։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնն այցով Ադրբեջանում է։ Սա Քևին Համիլթոնի առաջին այցն է Ադրբեջան՝ որպես տարածաշրջանի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ։ Զուգահեռաբար Բաքվում էր նաև Մայրցամաքային Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերը։ Եվ առանցքայինը՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Երևան ու Բաքու՝ պահելով հավասարակշռությունը, թեև այցը կրում էր Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին ՀՀ-ին աջակցություն հայտնելու օրակարգ։
Բրյուսելը Հայաստանի հետընտրական այս փուլում ակնհայտորեն որդեգրել է Հարավային Կովկասում ներգրավվածության բարձր ինտենսիվության քաղաքականություն։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջիկա այցը Երևան և Բաքու ոչ միայն խորհրդանշական աջակցության քայլ է, այլև ռազմավարական հաշվարկ, որտեղ Եվրամիությունը ձգտում է հանդես գալ որպես ռեգիոնալ կայունության երաշխավոր՝ հակակշռելով ռուսական ազդեցությանը՝ զուգահեռաբար առաջ մղելով սեփական օրակարգն ու ազդեցությունը։
Ներկայիս փուլում Եվրամիության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ կապերի զարգացումը։ «Կապակցվածության օրակարգի հարթակի» գործարկումը ցույց է տալիս, որ Բրյուսելը տարածաշրջանը դիտարկում է՝ ոչ միայն որպես քաղաքական գործընկերության, այլև՝ Եվրոպան, Սևծովյան ավազանն ու Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական միջանցք։ Այդ համատեքստում Հայաստանը դիտարկվում է՝ որպես հնարավոր տարանցիկ օղակ, մինչդեռ Ադրբեջանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է՝ ինչպես էներգետիկ համագործակցությամբ, այնպես էլ՝ Արևելք-Արևմուտք հաղորդակցային նախագծերում նրա առանցքային դերով։
Միևնույն ժամանակ, Բրյուսելը շարունակում է ներդնել քաղաքական կապիտալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում՝ փորձելով պահպանել իր միջնորդական ազդեցությունը։ Ուստի առաջիկա օրերին նախատեսվող բարձր մակարդակի եվրոպական այցերը պետք է դիտարկել ոչ միայն՝ որպես Հայաստանի նկատմամբ քաղաքական աջակցության դրսևորում, այլև՝ որպես ԵՄ-ի ավելի լայն հարավկովկասյան ռազմավարության մաս։ Այդ ռազմավարությունը միաժամանակ ներառում է Ռուսաստանի ազդեցության սահմանափակման փորձերը, Չինաստանի և Թուրքիայի աճող դերակատարության հավասարակշռումը, Եվրոպայի տրանսպորտային ու էներգետիկ շահերի առաջմղումը և Երևանի ու Բաքվի հետ զուգահեռ, հավասարակշռված քաղաքական երկխոսության պահպանումը՝ առանց որևէ ուղղությամբ վերջնական ընտրություն կատարելու։
Եվրամիության այս ակտիվ դիվանագիտական վոյաժը Հարավային Կովկասում, այդ թվում՝ այս օրերին դեպի Բաքու, վկայում է Բրյուսելի հավակնոտ նպատակի մասին՝ Ադրբեջանին ևս առավել սերտորեն կապել արևմտյան ուղեծրին և մեղմել նրա որդեգրած չեզոքության քաղաքականությունը։
Չնայած Ադրբեջանի ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականությանը, ԵՄ-ն իր այցերի ու բարձր մակարդակի խորհրդակցությունների միջոցով փորձում է Բաքվին ցույց տալ, որ եվրոպական տնտեսական և տրանսպորտային ինտեգրումը կարող է ապահովել ավելի մեծ ռազմավարական կայունություն։ Այս առումով, եվրոպացի պաշտոնյաների հաճախակի այցերը Բաքու հանդիսանում են Ադրբեջանին «արևմտյան ճամբար» հնարավորինս ներքաշելու ձգտման ցուցիչ, որտեղ տնտեսական փոխշահավետությունը փորձում են ներկայացնել քաղաքական վեկտորի կողմնորոշման գլխավոր խթան։

