Իրական հայ մարդը՝ ընդդեմ «Իրական Հայաստանի»

Իշխանության «Իրական Հայաստանի» գաղափարին դեռևս չի հակադրվում որևէ իմաստ, որն ունակ կլինի ոչ թե ուղղակի ջախջախել լինելիության չափումը ստամոքսահյութի արտադրության մակարդակ իջեցրած այդ հորինվածքը, այլ դրա քննարկումն իսկ դարձնել ամոթալի: Անգամ ՔՊ-ականների համար: Գոնե նրանց, ովքեր երբևէ ուղեղ ունենալով, այդուհանդերձ համաձայնել են մարմնի ավելի միջին հատվածներում գտնվող օրգանների հետ այն փոխարինելու փաշինյանական ստորացմանը:

Իսկ իմաստ չի հակադրվում, որովհետև ի տարբերություն իշխանության, ընդդիմությունները ոչ թե նոր իմաստներ են ստեղծում, այլ զբաղված են իշխանության հորինածներին հակադարձելով, այսինքն՝ ստեղծում են ոչ թե իմաստներ, այլ հակաիմաստներ: Իմաստներ ստեղծելու՝ իշխանության կարողությունը պետք չէ շփոթել իմաստաստեղծության հետ՝ հասկացության բովանդակային առումով: Սատանայական պատումները ևս, հատկապես այսօրվա տեխնոլոգիաների միջոցով, նույնպես կարող են հրամցվել՝ որպես իմաստներ, ինչը և անում է իշխանությունը: Կամ բոլոր նրանք, ովքեր իշխանության միջոցով զբաղվում են հայկականության նոր ինժեներիայով՝ արհեստական բանականության այս դարում դրա հիմքում դնելով բնական հակաբանականությունը:

Իսկ ընդդիմությունները՝ կա՛մ էլի իմաստներ ստեղծելու անկարողության բերումով, կա՛մ առաջնորդվելով «ամենայն նոր լավ մոռացված հինն է» պարզունակ սկզբունքով, «Իրական Հայաստանին» հակադրում են անցյալի պատումները՝ ինչպես իրական, այնպես էլ լեգենդներից ու կենացներից մեջբերվող պաթոսախեղդ տեքստերը, որոնք հուզիչ են միայն ազգագրական երգերում, բայց որպես քաղաքական տեքստ՝ մոտավորապես նման են երեխային ուղղված հայհոյանքին ի պատասխան՝ հայհոյողի նախապապերին ուշունցելուն:

«Իրական Հայաստանի» պատումը, իր ողջ էժանությամբ ու պարզունակությամբ հանդերձ, այսօրվա Հայաստանի մասին է, ոչ թե նոր Հայաստանի՝ որպես մոխիրներից հառնած երկրի, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ նախկին Հայաստանից, հայկական աշխարհից մնացած նվաղած երկրի, որն ունի այլ քաղաքացի, այլ չափումներով ապրող մարդիկ, արդեն երեք տարի՝ նաև կորսված Արցախից:

Կարդացեք նաև

Ընդդիմության իմաստային պատասխանն, ահա, «Իրական Հայաստանին»՝ պետք է լինի ոչ միայն ու ոչ այնքան (իսկ գուցե ընդհանրապես պետք է չլինի) նախկին հաղթականության մեխանիկական հիշեցումը, որն այսօրվա ստորացման պայմաններում ցավեցնում է, այլ նվաղած երկրում ապրող նոր, ոչ իր կամքով նոր դարձած մարդու, մարդկանց միավորող այնպիսի ուղերձը, որը կհակադրվի «Իրական Հայաստանի» մարազմին: Բայց կհակադրվի ոչ թե ուղղակի որպես պարզ ռեֆլեքսիա, որպես արձագանք, այլ որպես նոր բովանդակություն, նոր իմաստ, որի վրա երբևէ կարող է հառնել նախկին հաղթականությունը վերադարձնելու շանս ունեցող նոր սոցիալական ու պետական կառույց:

«Իրական Հայաստանի» հակաթույնն իրական հայ մարդն է՝ առանց չակերտների: Բայց այդ մարդու հայկականությունը՝ մազաչափ անգամ չուրանալով անցյալի կոդերը, պետք է այդուհանդերձ խարսխված լինի նոր իրողությունների, այսօրվա իրականության վրա: Գաղափարների ու իմաստների այս պայքարում ժամանակային գործոնն առանցքային է: Իշխանությունն «Իրական Հայաստանի» ցնորքը վաճառում է՝ որպես այսօրվա, բայց ավելի շատ՝ որպես վաղվա նախագիծ: Ընդդիմությունները դրան հակադրվում են անցյալի արքետիպներով: Իսկ անցյալի ու ապագայի ժամանակային չափումների մրցակցության մեջ անցյալը միշտ պարտվելու է՝ մարդ արարածի բնության բերումով: Պարտվելու է՝ ողջ հերոսականությամբ հանդերձ:

Կգտնե՞ն արդյոք ընդդիմությունները՝ առանձին-առանձին և միասին վերցրած, առաջիկա երկու ամսում «Իրական Հայաստանին» իրական հայ մարդուն հակադրելու ալգորիթմը: Սա է այս ընտրական շրջափուլի, բայց նաև հետագա ժամանակների ամենագլխավոր հարցը: Բազմապատիկ ավելի կարևոր, քան սոցիոլոգիական հարցումների չափումներն ու դրանցով հիացող չափվողների ինքնագոհությունից արձակվող անպատեհ ու որպես քաղաքական խոսք ներկայացվող ձայների դեցիբելները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930