Ի՞նչ կարևոր փաստաթղթեր պետք է գաղտնազերծի Նիկոլ Փաշինյանը
Մարտի 25-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին և մարտի 26-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը դարձյալ կասկածի տակ է դրել արցախցիների կռվել-չկռվելը, Արցախի ռազմաքաղաքական էլիտային, գեներալներին անվանել է փախնող և դավաճան, ինչին փորձենք մի քանի դրվագով և հարցադրումներով անդրադառնալ:
Նախ մարտի 25-ին ԱԺ-ի ամբիոնից Փաշինյանը հիշեցրել է, թե ինչպես է մի առիթով խորհրդարանում գեներալների մասին խոսելիս՝ նրանց անվանել վախկոտ դավաճաններ:
«Այո, վախկոտ դավաճաններն ու փախած էլիտաներն այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան որպես Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»,- շարունակել է նա, ով իր քաղաքական կյանքում բավարար փախուստներ և վախեր է ունեցել, խոսքը նաև քաղաքական պատասխանատվությունից պրոֆեսիոնալ թռնելու մասին է:
Նշենք, որ 2023 թվականի ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ մեղադրանքներ էր հնչեցրել գեներալների հասցեին, և մասնավորապես ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի հասցեին՝ նրան մեղադրելով «դավաճանության և «շարքային գործակալ» լինելու համար, ընդ որում, անմեղության կանխավարկածը խախտելով:
Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ «Արեգա» բարձունքի հետ կապված դրվագը, իսկ ռեպորտաժը նա դիտել է, թերևս, Հանրային հեռուստաընկերությամբ:
Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ, ըստ մեզ հասած տեղեկությունների, դռնփակ դատաքննության ընթացքում «Արեգա» բարձունքի հետ կապված մեղադրանքը լրիվ «փլուզվել է», Շուշիի հետ կապված էլ, թերևս, գործող իշխանությունների մեղադրանքին պետք է վերապահումով մոտենալ, ի վերջո, մեկ հոգի չի կարող Շուշին կորցնելու համար մեղավոր և պատասխանատու լինել:
Սա հատկապես, երբ ոչ մեկ անգամ գրել ենք Միքայել Արզումանյանի մեղադրանքը, այսպես ասած, ավարտվում է 2020թ. նոյեմբերի 7-ով: Մինչդեռ դրանից հետո, ինչպես գրել ենք, Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հրահանգել է Շուշին հետ վերցնելու գործողություններ սկսել, արդյո՞ք դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ և պայմաններ կային:
Ի դեպ, մի առիթով հարցադրում ենք արել՝ Փաշինյանն ի՞նչ կարգավիճակով է Շուշին հակագրոհով հետ վերցնելու հրաման տվել, կամ ինչո՞ւ չի գնացել Շուշին ադրբեջանցիներով բնակեցնելու «զիջմանը»՝ հայկական վերահսկողությամբ:
2024 թվականին դարձյալ ԱԺ-ի ամբիոնից գեներալներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «վախկոտ» և «դասալիք» էր անվանել:
Հարցն այն է, որ եթե Արցախի տարբեր ժամանակների ռազմական և քաղաքական ղեկավարները փախնող լինեին, այսօր չէին լինի Բաքվի բանտում, հատկապես, երբ այդ պահի դրությամբ որևէ պաշտոն չէին զբաղեցնում, և երբ շրջափակումը տոտալ չէր, կարող էին դուրս գալ Արցախից, բայց չեն ցանկացել արցախցիներին մենակ թողնել: Գուցե սխալ հաշվարկներ եղել են, բայց հիմա խոսքը դրա մասին չէ: Մյուս կողմից, 2023 թվականին ՊԲ հրամանատար եղած Կամո Վարդանյանին, ըստ էության, ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարությունում, ասում են՝ Սուրեն Պապիկյանի խորհրդականի կարգավիճակ են տվել, գուցե հասարակական հիմունքով, բայց այստեղ էականն ընդունելու փաստն է:
Ավելին, ինչպես անցած տարի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը ղարաբաղցի է, ամենաբարձր աստիճան, մեր այսօրվա զինված ուժերը, հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում, մեր զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից, բա եթե մենք ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում, ո՞նց ենք էդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել: Եթե մենք դավաճանել ենք, մեզ ասում են՝ դավաճանել եք, էս եք արել, էն եք արել, այդ մարդկանց նկատմամբ ոչ մի տեղ ես չեմ լսել, որ պրետենզիա ներկայացնեն, որ այդ մարդիկ՝ ծագումով ղարաբաղցի, որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են: Բա էդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, եթե մենք դավաճան ենք, ո՞նց են… Իրենք գիտեն, չէ՞, ամեն ինչ։ Իրանք ներսից գիտեն, չէ՞, ամեն ինչ, ո՞նց են էդ մարդիկ մեզ հետ աշխատում: Բա էս հարցի պատասխանը ո՞վ ա տալու: Ես անունով չնշեմ, բայց ասում եմ՝ չափազանցություն չկա, մեր զինվորական բուրգի ամբողջ վերևն ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են»:
Արդյոք ղարաբաղցի գեներալները, որոնցից կան այնպիսիք, որ 44-օրյա պատերազմի հետ առնչություն են ունեցել ի պաշտոնե, և դրանից հետո են ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում պաշտոն ստացել, համարվո՞ւմ են «վախկոտ դավաճաններ», «փախնող»: Իսկ իրենք իրապես Փաշինյանին չե՞ն համարում «դավաճան»՝ «ներսից ամեն ինչ իմանալով»:
Ի դեպ, այս համատեքստում վերադառնանք Միքայել Արզումանյանին, որին 2020 թվականի պատերազմից հետո թիրախավորել է Փաշինյանը, և հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո օգտվելով նրա՝ Բակո Սահակյանից «նեղվածությունից», տարբեր պաշտոններ է վստահել: Տարիներ առաջ անդրադարձել ենք Նիկոլ Փաշինյանի օրոք Միքայել Արզումանյանի կադրային տեղաշարժերին:
Ինչ է այսօր լրագրողների հետ ճեպազրույցին ասել Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախում ադրբեջանական ռազմական ագրեսիայի և արցախցիների կռվել-չկռվելու հետ կապված:
«2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ Անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները: Ես, շատ բան չկարողանալով բացել, ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով, առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80 տոկոս, կարող է լինել… տոկոս, մնացել են ձեռք չտված: Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց, և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում, ՀՀ ԱԺ-ում շնորհավորում էին իրար: Եվ այդ շնորհավորանքներից ընդամենը մեկ շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան:
Իսկ էդ միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, իմիջիայլոց, կարիք լինի՝ այդ տվյալները կգաղտնազերծենք: Ես համոզված եմ, այս խմորը շատ ջուր կտանի, կսպասենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ, սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են»,- հայտարարել է նա:
Այստեղից մի քանի հարց է առաջանում: Առաջին, ի՞նչ հետախուզական տվյալների մասին է խոսքը, ե՞րբ է դա ստացվել, քանի որ 2023 թվականին Արցախում սեպտեմբերյան ագրեսիայից առաջ Բաքվից՝ Ալիևի մերձակա քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, ով Հայաստան էր եկել, դեռ 2023 թվականի ամռանն էր զգուշացրել գործողությունների պլանի մասին, թե ինչից են սկսելու՝ «Ադրբեջանը մտադիր է հասնել Ղարաբաղում ապրող հայերի ամբողջական զինաթափմանը», ընդ որում, այստեղ չէին մոռանում Նիկոլ Փաշինյանի ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետի մասին:
Երկրորդ, Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերի գործողությունների արդյունքում իրենք ոչնչացրել կամ որպես ռազմավար են վերցրել 1 միլիարդ դոլարի զենք-զինամթերք: Արդյո՞ք Հայաստանի կողմից առաջարկ եղել է դրանք ժամանակին տեղափոխել Հայաստան, իսկ Արցախում էլ չե՞ն համաձայնել: Ժամանակը չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը հանրայնացնի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ այս թեմայով զրույցների ձայնագրությունը, եթե նման բան եղել է, դա կարող է նաև ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանն անել:
Բացի այս, պետք է հստակ փաստերով, գաղտնազերծումներով տալ մեկ հարցի պատասխան՝ ԶՈՒ կիրառման պլանով պիտի ՊԲ-ին աջակցեին վերջին գործողությունների ժամանակ, և այն չի կատարվե՞լ:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը ոչնչացրել կամ որպես ռազմավար է վերցրել հայկական 5 միլիարդ դոլարի զենք, եղել են նաև պահեստներից չհանելու դեպքեր, Նիկոլ Փաշինյանը, որ այդ ժամանակ ոչ լեգիտիմ ստանձնել էր գերագույն հրամանատարի կարգավիճակը, կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ է դա տեղի ունեցել: Ունի՞ ձեռնտու պատասխան, փաստեր, թե՞ գործ ունենք պատերազմական նույնատիպ դրվագի հետ, երբ 2025 թվականի ապրիլին մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեն խուսափել էր ուղիղ ասել, որ Փաշինյանը ստում է:
Խոսքն այն դրվագի մասին է, որ Փաշինյանը մի առիթով հայտարարել էր, թե իբր 44-օրյայի ժամանակ «ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել, և կոնկրետ անձ հրաժարվել է զենք տալ, և նրանք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար և տեսել, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով»:
Իսկ զինվորականության փախուստի մեղադրանքի համատեքստում Նիկոլ Փաշինյանը լավ կանի հստակ փաստեր բերի 44-օրյայի ժամանակ իր որդու կամավորության դրվագների մասին, որոնք առնչություն ունեն Ալփաշա բարձունքից նահանջի ու Տիրան Խաչատրյանի գործի հետ, ինչո՞ւ չէ՝ հստակ ասի, թե, օրինակ, երբվանի՞ց կամ ո՞ր օրվանից է Աշոտ Փաշինյանը եղել Ջրականում, որքա՞ն է մնացել այնտեղ և մասնակցել մարտական գործողություններին, ե՞րբ է այնտեղից դուրս եկել, նույնը վերաբերում է նաև Կուբաթլիում լինելուն: Պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունը գաղտնի է պահում:
Արդյո՞ք այս հարցերին ի պատասխան՝ հրապարակային ապացույցներ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, վատ չէր լինի, եթե հրապարակվեր 44-օրյայի զեկույցը, 2020 թվականի պատերազմի ընթացքում ԱԽ հայտնի նիստերում այդ ժամանակվա ռազմական ղեկավարության ելույթների, հարցուպատասխանների ձայնագրությունները, ինչո՞ւ չէ, նաև՝ քաղաքական ղեկավարության, այդ ժամանակ կհասկանայինք՝ ո՞վ է փախել, ո՞վ է պատասխանատու պատերազմում պարտության համար, ո՞ր գեներալն է «դավաճան», և այլն: Ինչո՞ւ սրան չի գնում Փաշինյանը, եթե գլխավոր պատասխանատուն ռազմական ղեկավարությունն ու գեներալներն են:
Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդին պատանդ թողնելուն, ապա բավարար է հիշել Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանի տեսակետների ռևոլյուցիան կամ էվոլյուցիան, նախապատերազմական մի շարք հայտարարություններ, և այն, որ նա վախեցել է գնալ բանակցային փաթեթով նախատեսված տարածքների հանձնման, որ չասեն՝ դավաճան է: Բայց սա էլ մի կողմ: Ինչո՞ւ էր 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի իշխանությունն Արցախում իրականացնում ֆինանսավորում, գովազդում «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն էր բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:
Բնակարանները կառուցվում էին Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ՝ Դատարկ դաշտավայրում: Անձամբ մենք բազմիցս գրել ենք սրա անվտանգային ռիսկերի մասին, բայց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէր այն, ինչի մասին մենք էինք ահազանգում:
Իհարկե, սա Փաշինյանը կարող է գնահատել՝ որպես փորձ, որ իբրև արցախցիներին պահի Արցախում, բայց նույնը նախկին իշխանություններն են արել, չէ՞, ինչը, սակայն, նա որակում է՝ «պատանդ պահել», արդյո՞ք ինքը նույնը չի արել, երբ այն նույնիսկ հաջորդել էր 44-օրյա պատերազմին:
Այսինքն, այստեղ գործ ունենք նաև վտանգավոր խաբեության հետ: Այս թեման շատ այլ փաստերով կարելի է շարունակել, բայց այսքանով սահմանափակվենք:



