
Քննչական կոմիտեն խուսափում է բաց տեքստով ասել՝ Փաշինյանը ստել է

2020 թվականի դեկտեմբերի 27-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմին առնչվող մի դրվագ էր պատմել՝ նշելով.
«Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է այսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ, առաջինը, նախ այդ վկայությունն այն մասին է, որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ և հրաժարվել զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի»:
Հակադարձմանը՝ այսինքն՝ դավադրությո՞ւն է եղել, Փաշինյանը, մասնավորապես, պատասխանել էր. «Ես չգիտեմ: Ես գնահատական չեմ տալիս… ես հիմա չեմ կարող դատավճիռ կայացնել։ Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չի ասվում, հնարավոր է՝ իրականությունը մի փոքր այլ է եղել»:
Այսինքն, երկրի ղեկավարը և իրեն պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար հռչակած անձը հրապարակավ հայտարարում է մի բան, ինչո՞ւ չէ՝ պնդում, որը կարող է սուտ լինել:
168.am-ը ապրիլի 23-ին հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի՝ 5 տարի առաջ հանրայնացրած դրվագը պարզաբանվել է, հարուցվե՞լ է քրեական վարույթ, եթե՝ այո, ապա կա՞ն մեղադրյալներ, կասկածյալներ, արդյո՞ք Փաշինյանի հարցազրույցում նշած «կոնկրետ անձի» ինքնությունը հայտնի է, բարձրաստիճան զինվորակա՞ն է, և այլն:
Մեզ ուղարկված պատասխան գրության մեջ ՀՀ քննչական կոմիտեն նշել է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:
Հիշեցնենք, որ այս թեմայով ժամանակին Քննչական կոմիտե և ՀՀ գլխավոր դատախազություն հարցումներ էր ուղարկել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նախ 2021 թվականի նոյեմբերին Քննչական կոմիտե ուղարկած պատգամավորի հարցմանն ի պատասխան՝ 2022 թվականի հունվարին կոմիտեից պատասխանել էին, թե նախաքննական գաղտնիք է, և չեն կարող ասել՝ Նիկոլ Փաշինյանի հիշատակած պահեստապետին հայտնաբերե՞լ են, թե՞ոչ:
Սրանից հետո Գեղամ Մանուկյանը ևս մեկ հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե, որտեղից 2022 թվականի օգոստոսին արդեն հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ՊԲ պաշտոնատար անձանց՝ իշխանության անգործություն դրսևորելու, կամավորական վաշտի անձնակազմին պահեստից զինամթերք չտրամադրելու և վերջիններիս մարտական գործողություններին լիարժեք մասնակցելու հնարավորությունից զրկելու փաստի առթիվ 2003 թվականի օգոստոսի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով 2021 թվականի փետրվարի 5-ին հարուցվել է քրեական գործ: Միաժամանակ տեղեկացրել էին, որ այդ պահին քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան:
«Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու հայտարարությունը եղել էր 2020 թվականի դեկտեմբերին, որից հետո պարբերաբար հարցումներ եմ ուղարկել Քննչական կոմիտե, և վերջում պատասխանը եղել է հստակ՝ որևէ մեկը ներգրավված չէ այդ քրեական գործում: Եվ շուրջ մեկ տարի առաջ, երբ խորհրդարանում Փաշինյանին հիշեցրեցի իր այս հայտարարությունը՝ շեշտելով, որ 2020 թվականին սուտ է խոսել և թիրախավորել է Զինված ուժերը, աչքերը ճպճպացնելով, իրեն միամիտի տեղ դրած՝ զարմացած հայացքով նայում էր, թե բա տեղյակ չի եղել, իրեն ասել են: Այսպիսի անպատասխանատու խմբագիր է եղել և այդպիսին էլ մնացել է՝ նստած պետական կառավարման ամենաբարձր պաշտոնին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գեղամ Մանուկյանը:
Ստացվում է՝ Արթուր Պողոսյանի ղեկավարած Քննչական կոմիտեն հրապարակման ենթակա չի համարում այն տեղեկությունը, ինչը մոտ 3 տարի առաջ հրապարակել են, հնարավոր է՝ նրա համար, որ այսօրվա դրությամբ ևս Նիկոլ Փաշինյանի պնդումները չեն հաստատվել, մեղադրյալներ չկան, և Քննչական կոմիտեն պարզապես խուսափում է բաց տեքստով ասել, որ Փաշինյանը ստել է:
Եվ գուցե հենց այս խայտառակ իրավիճակն արդարացնելու համար էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սուտ տեղեկություններ հայտնելու մեջ մեղադրել էր զինվորականությանը:
Իսկ Քննչական կոմիտեն էլ մեր այս թեմայով հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ զինվորականների կողմից սուտ տեղեկություններ հայտնելուն առնչվող վիճակագրություն չունի: