Միքայել Արզումանյանի կադրային տեղաշարժերը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք. ինչ պաշտոն է զբաղեցրել նա պատերազմի առաջին օրերին
Ինչպես հայտնի է՝ կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու և «Արեգա» բարձունքը թողնելու ու նահանջի հրաման տալու համար։
Թե ինչու են թիրախավորել Միքայել Արզումանյանին, 168.am-ն անդրադարձել է, իհարկե, այդ ժամանակ Արեգասարի առնչությամբ մեղադրանքը դեռ չէր առաջադրվել: Սա հետաքրքիր թեմա է, որին դեռ կանդրադառնանք:
Իսկ մինչ այդ փորձել ենք մի փոքր էսքսկուրս անցկացնել և ներկայացնել գեներալ Արզումանյանի վերջին 3-4 տարվա պաշտոնական տեղաշարժը և դրանց ժամանակագրությունը:
2018, 7 փետրվարի- Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվում է Արցախի Հանրապետության ՊԲ N19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից։
2018, 27 հունիս- Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Միքայել Արզումանյանը նշանակվում է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ:
2018, 18 հուլիս- Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվում է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Այդ ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրագրողներին հայտնել էր, որ 2018-ի հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ:
«Լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ: Ուստի վարչապետը պահանջել է բացատրություններ, և կարող եմ վերահաստատել վարչապետի այն տեսակետն ու դիրքորոշումը, որ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչը նաև օրենքն է ասում, իսկ զբաղվելու դեպքում խստագույնս կպատժվեն»,- նշել էր Եղոյանը:
Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսի 7-ին «Արցախյան զարթոնք» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել Ստեփանակերտում՝ պահանջելով Բակո Սահակյանի հրաժարականը:
Կազմակերպիչները նախքան հավաքի մեկնարկը հայտարարել էին, որ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը ներկա է լինելու հավաքին, քանի որ իրենց համակիրն է, սակայն արդեն ակցիայի ժամանակ պարզվել էր, որ գեներալը չնախատեսված գործնական այցով մեկնել է Երևան:
2019, հունիս 24- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
2020, 21 հունիս- Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Դրանից հետո 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ Միքայել Արզումանյանին ՊՆ-ում պաշտոն են տվել՝ հետախուզության վարչությունում: Եվ պատերազմի առաջին օրերին, այդ թվում՝ ՔԿ-ի հիշատակած Արեգասարի դեպքերի օրերին, գեներալը, մեր տեղեկություններով, դեռ այս պաշտոնին է եղել:
Ի դեպ, նախքան այս վերջին կադրային փոփոխությունները, 2020-ի հունիսի 16-17-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է մեկնում և ՊԲ այցելում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
Վերադառնալով Արզումանյանին առաջադրված վերջին մեղադրանքին, փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Միքայել Արզումանյանն այդ ժամանակ չի հանդիսացել ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարը և որևէ իրավասություն չի ունեցել այդ անձնակազմին նման հրաման տալու, ուստի չի էլ տվել, իսկ այդ անձնակազմն էլ իրավունք չուներ ենթարկվելու իրեն պետ չհանդիսացող զինվորականի հրամանին։
Հարց է ծագում, որ եթե Միքայել Արզումանյանը որևէ իրավասություն չունենալով նման հրաման է տվել, ապա ինչո՞ւ է անձնակազմը ենթարկվել այդ հրամանին, և ինչո՞ւ ըստ կարգի իրենց վերադաս պետերին այդ մասին չեն զեկուցել և ստացել նրանց հրամանը։
Այսքանով, կարծում եմ, որ ամեն ինչ ասված է»:
Եթե մի պահ ընդունենք, որ ՔԿ հաղորդագրության մեջ ասվածը ճիշտ է, ապա սա վկայում է պատերազմի օրերին քաոսի և բարդակի մասին, այդ ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի և գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի՝ իրենց տեղում չլինելու մասին: Իհարկե, այս դեպքում ստացվում է, որ Արզումանյանը նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին է շրջանցել, այսինքն՝ իր վերադասին, քանի որ նա այդ ժամանակ, ինչպես նշեցինք՝ ՀՀ ԶՈՒ-երում է պաշտոն զբաղեցրել:
Սակայն, մեր տեղեկություններով և բարձրաստիճան սպաների վկայությամբ, Միքայել Արզումանյանը նահանջի հրաման չի տվել: Չի բացառվում, որ այս խմորը դեռ շատ ջուր տանի:
Ի դեպ, ասում են՝ ինչ-որ պահի նախկիններից նեղված Արզումանյանը Նիկոլ Փաշինյանի մոտ «սիրտը բացել է», հետո արդեն հարաբերությունները վատացել են:
Հավելենք, որ Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատար էր դարձել 2020-ի հոկտեմբերի 27-ին, հրաժարական էր տվել 2021-ի սեպտեմբերի սկզբին, այնուհետ նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական: